Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին

Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են 
հայատյացությանը նվիրված համաժողովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արտակ  Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը:

Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն:

Համաժողովին մասնակցում էին նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարակոլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

Արտակ Բեգլարյանի ներկայացմանը կարելի է ծանոթանալ այստեղ՝ pptx ձևաչափով, իսկ համաժողովի ուղիղ եթերը դիտել՝ այստեղ:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններում արձանագրված իրավախախտումների մասին զեկույցին կարելի է ծանոթանալ` այստեղ, իսկ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մասին զեկույցին՝ այստեղ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ