Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» չի զիջում դիրքերը. հայ գրականություն. փետրվար, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» չի զիջում դիրքերը. հայ 
գրականություն. փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Հովհաննես Թումանյան «Քառյակներ» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Այն ընդգրկում է մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի քառյակների ընտրանին և նվիրվում է բանաստեղծի 150-ամյա հոբելյանին: Ժողովածուն ներառում է 60-ից ավելի քառյակ:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակմի շան պատմություն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» ժողովածուն չորրորդ տեղում է: Ժողովածուն ընդգրկում է Հենրիկ Էդոյանի 2016-2018 թվականներին գրված բանաստեղծությունները: «Խորհրդավորություն մի փնտրեք ժողովածուի խորագրի մեջ: Լույսը պարզապես ձախ կողմից էր: Լույսը տիեզերքի կարևորագույն ուժն է, ամենամեծ էլեմենտ է, լույսի մեջ Աստված է բնակվում»,-գրքի մասին նշում է հեղինակը:

Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Վեցերորդ տեղում է Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն: Այն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի նոր պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը յոթերորդ հորիզոնականում է: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Ութերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածքաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: 

Իններորդ հորիզոնականում է Անի Կարապետյանի «Հրաժեշտ» գիրքը:  Վիպակի գործողությունները տեղի են ունենում ինչ-որ տեղ Երկիր մոլորակի վրա։ Սա պատմություն է, որը չունի ազգություն և չի ճանաչում ոչ մի աշխարհագրական վայր։ Համամարդկային պատմություն՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ հրաժեշտ են տվել... Հրաժեշտ... Սա մի բառ է, որի մեջ ամփոփվում է մի ողջ կյանք։ Մենք բոլորս, երբեմն, ստիպված ենք լինում հրաժեշտ տալ այն մարդկանց, ովքեր լցնում են մեր կյանքը իմաստով, ովքեր ապրելու ուժ են տալիս, կյանքին հաղորդում են գույներ։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեզ են հրաժեշտ տալիս անսպասելի և հրաժեշտ են տալիս ընդմիշտ։

Տասներորդ հորիզոնականում է Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը: Այն ընդգրկում է «Գիրք 1․ Տեսունակ կուրություն», «Գիրք 2․ Անհետացող քաղաքի քարտեզը», «Գիրք 3․ Կետադրության համընդհանուր պատմություն» բաժինները (բանաստեղծություններ), ինչպես նաև երիտասարդ պատմաբան Երվանդ Վարդանյանի «Մեծ աչքի համաստեղություն» վերջաբանը։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 153
2 *

Հովհաննես Թումանյան

«Քառյակներ»

Էդիթ Պրինտ 75
3 -1

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 62
4 նոր

Հենրիկ Էդոյան

«Լույսը ձախ կողմից»

Զանգակ 30
5 0

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 22
6 *

Արամ Պաչյան

«Օվկիանոս»

Անտարես 20
7 -3

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ.հրատ 20
8 *

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 16
9 -3

Անի Կարապետյան

«Հրաժեշտ»

Վան Արյան 14
10 *

Արամ Ավետիս

«Կույր կետադրություն»

Անտարե 12

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]