Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Բաբախանյանը վերակենդանացրեց Հարո Ստեփանյանի դաշնամուրի մոռացված կոնցերտը Տերտերյան ֆեստում

Արմեն Բաբախանյանը վերակենդանացրեց Հարո Ստեփանյանի դաշնամուրի մոռացված 
կոնցերտը Տերտերյան ֆեստում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը՝ կատարելով Հարո Ստեփանյանի դաշնամուրի կոնցերտը: Համերգը ղեկավարեց դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի ունեցավ մարտի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններին և իրականացնում եմ նախագիծ, որը կոչվում է «Հայ դաշնամուրային կոմպոզիտորների անթոլոգիա»: Շուտով լույս է տեսնելու այդ գրքի չորրորդ հատորը, որում ընդգրկված են Սպենդիարյանի և Բարխուդարյանի ստեղծագործությունները, իսկ հինգերորդ հատորն ամբողջությամբ նվիրվելու է  Հարո Ստեփանյանին: Ես գիտեի նրա դաշնամուրային կոնցերտի մասին, բայց նոտաներ չկային: Ապշած եմ. բացի նրանից, որ այն բարդ ստեղծագործություն է նաև արժեքավոր է»,-նշեց Արմեն Բաբախանյանը և հավելեց՝ վստահ է՝ Հարո Ստեփանյանի դաշնամուրի կոնցերտն իր տեղը կգտնի ցանկացած դաշնակահարի նվագացանկում, որովհետև այն արժանի է դրան:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ հնչելու է նաև Էդվարդ Միրզոյանի մի ստեղծագործություն, որի մասին իրենք գիտեին, բայց այն վաղուց չէր կատարվել. խոսքը «Լոռեցի Սաքոն» գործի մասին է: Այն սիմֆոնիկ պոեմ է, և հեղինակի վաղ շրջանի ստեղծագործություններից է: «Կատարելու ենք նաև Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ «Անտունի» բալետի Պասակալիան, իսկ «Անտունին» 70-ական թվականներին մեր թատրոնի խաղացանկում էր. այն մեծագույն ստեղծագործություն է»,- շեշտեց դիրիժորը:

Ըստ նրա՝ մենք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց ունենք, և դա նորություն չէ: «Մի ռուս երաժշտագետ հրատարակել էր «Խորհրդային հանրապետությունների կոմպոզիտորներ» գրքույկը, որում առանձին գլուխ էր հատկացրել հայ կոմպոզիտորներին»,-ընդգծեց Ասատրյանը և անդրադարձավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նշելով, որ նվագախմբի ստեղծման օրվանից աչալուրջ հետևում է դրա զարգացմանը: «Այստեղ իմ նախկին սաներն են նվագում, բոլորը պրոֆեսիոնալներ են, առաջատար երաժիշտներ»,-եզրափակեց դիրիժորը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպատակ ունի արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։

Փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Տիգրան Չուխաջյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես կգան  Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]