Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կենտրոններ կունենա նաև մարզերում

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կենտրոններ կունենա նաև մարզերում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կենտրոններ կունենա նաև մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին մարզը, որտեղ նախատեսվում է ստեղծել մարզային կենտրոն, Շիրակն է:

Մարտի 6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՏՀՏ գործատուների միության անդամները հանդիպեցին Գյումրու ՏՀՏ և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ներկայացրեցին միության գործունեությունը, ներկա և ապագա ծրագրերը, ինչպես նաև մարզերում ՏՀՏ համայնքների ձևավորման և մարզային կենտրոնների ստեղծման գաղափարը: Մարզային ընկերությունների հետ հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարները: Մի շարք ՏՀՏ ընկերությունների նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)՝ նպատակ ունենալով ներկայացնելու և պաշտպանելու ոլորտի գործատուների շահերն և իրավունքները։ Միության անդամ են դարձել Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ, ԲՈՒՀ-եր: Նրանց թիվը շարունակում է աճել։ Միությունը մարզային կենտրոններ կստեղծի փուլային տարբերակով՝ առաջին փուլում նախատեսված է կենտրոններ ստեղծել Գյումրիում, Վանաձորում և Գավառում:

«Վերջերս շատ լավ աշխատակիցներ եմ ընդունել, զարմանալի է, որ մեծ մասը Գյումրիից է և այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ այդ մարդիկ իրենց աշխատանքը չունեն հայրենի քաղաքում և գալիս են Երևան, որտեղ իրենց խնդիրներին ավելանում է նաև բնակության խնդիրը: Նմանատիպ լավ պոտենցիալ ունենալու դեպքում ինչու՞ ՏՏ ընկերությունները չգան Գյումրի, որտեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու հասարակ կլինի: Ինչ մնում է մարզերում Էժան աշխատուժի գործոնին, մենք պետք է այնպես անենք, որ մեր աշխատողների աշխատունակությունն այնքան բարձրանա, որ նրանց վճարման մակարդակը հասնի երևանյան, կամ միջազգային մակարդակի: Խնդիրն այստեղ էժան աշխատուժը չէ, այլ չօգտագործված պոտենցիալը: Երբ անհրաժեշտ է աշխատակից Երևանում տարիներով փնտրում ենք, չենք գտնում, իսկ Գյումրիում պարզվում է մարդը տանը նստած չգիտի ինչ անի, իսկ իրեն պետք է վերապատրաստել ու աշխատանք տալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բադրյանը՝ տեղեկացնելով, որ ՏՀՏ գործատուների միությունը կնպաստի ՏՏ ընկերությունների խնդիրների լուծմանը:

Մարզերի ՏՏ ընկերությունների ներգրավվելը միության աշխատանքներին կխթանի մարզերի զարգացումը: «Մեր հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների զարգացումը մարզերում: Մարզային կենտրոնները կնպաստեն ընկերությունների համայնքի ձևավորման ամրապնդմանը և ակտիվացմանը, ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը: Միությանն անդամակցող ընկերությունները կինտեգրվեն հայաստանյան և միջազգային շուկաներում, կներգրավվեն Միության կողմից իրականացվող ծրագրերին, իսկ ամենակարևորը ՝ օրենսդրական և իրավական դաշտում իրենց ձայնն ավելի լսելի է»,-հանդիպման ժամանակ նշեց Էդուարդ Մուսայելյանը:

Հայաստանում ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուներից մեկը՝SYNOPSYS-ը ևս հանդիսանում է միության անդամ: «Խոշոր ընկերությունները, բնական է, որոշակի կարգավիճակ են ձեռքբերում, իրենց ասելիքը հասանելի դարձնելու համար: Այդ առումով, լինելով ոլորտի ամենամեծ գործատուն, անշուշտ, ունենք որոշակի հարցեր առաջադրելու և գեներացնելու հնարավորություն, բայց կան խնդիրներ, որոնք կարևոր է, որ ՏՏ համայնքն ինքը կարողանա վերհանել: Այս դեպքում, կառավարության տեսակետից, դա ոչ թե մի ընկերության հարցադրում է, այլ ընդհանուր խնդիր է, որը միտված է երկրում հեռահաղորդակցման և ՏՏ զարգացմանը: Այս առումով շատ կարևոր է միության անդամ լինել»,- վստահեցրեց SYNOPSYS Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանդիպման ավարտին մասնակիցներին առաջարկվեց մարզի ներկայացուցչի թեկնածուներ առաջադրել, որի վերջնական ընտրությունը կիրականացնի ՏՀՏ գործատուների միության խորհուրդը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]