Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Երևանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 11-ից կտրվի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը: Միջոցառումները կտևեն մինչև ապրիլի 12-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանկոֆոնիայի օրերին կառաջարկի լեզվամշակութային տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված կինոյին, թատրոնին, գիտությանը, գաստրոնոմիային: «Ֆրանսերենը լեզու է, որով ողջ աշխարհում խոսում է 300 միլիոն մարդ, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է, լեզու, որը տարածված է բոլոր 5 մայրցամաքներում»,-ասաց դեսպանը։

Լաքոտի խոսքով՝  Կանադայի, Բելգիայի և Շվեյցարիայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի բացումը կկայանա մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից բազմաժանր 11 ֆիլմ ֆրանսերեն լեզվով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: Մուտքը կլինի անվճար»,-հավելեց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կարևորեց նաև մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում կայանալիք ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված միջոցառումները: «Երևանի Ալյանս Ֆրանսեզ»-ում մարտի 23-ին կկայանա ֆրանսերեն լեզվի գրավոր մրցույթ՝ «Ասա տասը բառ» խորագրով: Միջոցառմանը կմասնակցեն 13-25 տարեկան պատանիներ ու երիտասարդներ: Լավագույնները կստանան մրցանակներ, այդ թվում՝ լեզվի ստաժ Ֆրանսիայում»,- նշեց պրն Լաքոտը:

Մարտի 28-30-ը Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: «Ֆրանկոֆոնիայի օրերը կեզրափակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10,11,12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ միջև համագործակցությամբ»,- ընդգծեց դեսպանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ