Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորը կարևորում է ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժի ամբողջական իրացումը

ՀՀ ԱԺ պատգամավորը կարևորում է  ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական 
համագործակցության ներուժի ամբողջական իրացումը

ՄՈՍԿՎԱ,  6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը Հայաստանի համար չափազանց  կարևոր է համարում ԵԱՏՄ անդամ  երկրների միջև առկա տնտեսական համագործակցության ներուժի ամբողջական իրացումը: Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության բարձրացումը:

Պատգամավորի կարծիքով` ներկայումս չափազանց կարևոր է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դիվերսիֆիկացիան:

«Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահման Եվրասիական տնտեսական միության հետ, չափազանց կարևոր է ունենալ  դիվերսիֆիկացված և այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցություն, մասնավորապես` Ռուսաստանի հետ, որը թույլ կտա, ինչպես նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը , այնպես էլ բարձրացնել հայ արտադրողների մրցունակությունը: Բնականաբար, այդ ուղղությամբ աբխազական հատվածի    երկաթգծի վերագործարկումը կլիներ չափազանց լավ լուծում»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի` մյուս ուղղությունը, որը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար,  բարձր տեխնոլոգիական տնտեսության ճյուղերն են. դրանց զարգացումը հանդիսանում է գերակա ուղղություն, հետևաբար՝  բարձր տեխնոլոգիական ապրանքների շուկաների ինտեգրումը չափազանց կարևոր է:

 «Հայաստանից բարձր տեխնոլոգիական ապրանքները արտահանելու համար առկա խոչընդոտների վերացումը, կարծում եմ, չափազանց կարևոր  և առաջնային խնդիր է այս փուլում»,- նշեց Խաչատրյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամի կարծիքով` պակաս կարևոր չէ նաև կողմերի միջև համագործակցությունը նորարարական  բնագավառում,  իսկ ներդրումների  ներգրավումը նորարարական  կազմակերպություններում ևս շատ խրախուսելի և կարևոր ուղղություն կարող է հանդիսանալ:

«Այդ իմաստով նաև կարևոր է քննարկել և ստեղծել հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդ, որի գործունեությունը կարող է շատ օգտակար լինել կողմերի համար»,- հավելեց Խաչատրյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը խթանելու առումով Արկադի Խաչատրյանը  կարևորեց երկրների օրենսդրական կարգավորումների  մոտարկումն ու  տարբեր բնույթի խոչընդոտների վերացումը, ինչը  կնպաստի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին:

Ըստ Խաչատրյանի չափազանց կարևոր է նաև ԵԱՏՄ  թվային օրակարգի իրականացումը: Նրա գնահատմամբ՝ դա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունի: «Օրինակ` էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի  էլեկտրոնային բորսայի և այլ հարթակների ձևավորումը,  ապրանքների տեղաշարժի թվային և արբանյակային հսկողության միջոցների ներդրումը լուծման կարևոր ուղիներ են, որոնք թույլ կտան վերացնել բազմաթիվ տեսակի խոչընդոտներ: Իհարկե, պետք է մեծ ուշադրություն դարձնել առևտրաշրջանառության կառուցվածքի դիվերսիֆիկացիային և, մասնավորապես, Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացմանը, դրա կառուցվածքի և տարբեր ուղղություններով զարգացնելու խնդիրներին»,- ընդգծեց Խաչատրյանը:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը կարևորում է նաև գործարար շրջանակների միջև շփումների և համագործակցության ակտիվացումը:

«Շատ ենք կարևորում համագործակցության խորացումը ինչպես տուրիզմի բնագավառում, այնպես էլ շփումների ակտիվացումը և համագործակցությունը արդյունաբերական ձեռնարկությունների միջև , հատկապես ` հաստոցաշինության, մեքենաշինության բնագավառներում , համատեղ ձեռնարկությունների   ստեղծման ուղղությամբ, բազմաթիվ համատեղ ներդրումային նախագծերի իրականացման հարցում»,- նշեց Արկադի  Խաչատրյանը:

Պատգամավորի կարծիքով`վերը նշված և բազմաթիվ այլ ուղղություններով աշխատանքի արդյունավետ իրականացումը կարող է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի  միջև համագործակցության  խորացմանը, տնտեսական ներուժի իրացմանը և Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]