Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տարիների դասերից փախչել հնարավոր չէ. Սամվել Թոփալյանն իր կերտած դերերի ու ապագայի պլանների մասին

Տարիների դասերից փախչել հնարավոր չէ. Սամվել Թոփալյանն իր կերտած դերերի 
ու ապագայի պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գոյ» և «Մալյան» թատրոնների դերասան, գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից հայտնի Սամվել Թոփալյանը երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ոչ միայն խաղացած դերերն են հիշվում, այլև՝ ձայնը՝ հնչելով ֆիլմերի ձայնագրություններում,  հաղորդումներում: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ դերերի, թատրոնի, տարիների ընթացքում ձեռք բերած ամենակարևորի մասին և ոչ միայն:

-2007 թվականից աշխատում եք Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» և Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոններում` որպես դերասան։  Հասցրել եք մարմնավորել բազմաթիվ դերեր: Եթե մի պահ թերթենք խաղացած դերերը, ո՞րն է ամենաարժեքավորը:

-Նախ համոզված եմ, որ կյանքում  ոչինչ պատահական չի լինում: Շատ ուրախ եմ, որ  ընդունվեցի Արմեն Մազմանյանի կուրսը: Նա իր բնույթով ուսուցիչ էր: Կարծում եմ մեծ բախտավորություն է, որ մարդն իր կյանքում ունենում է ուսուցիչ, որը ինչ-որ ճանապարհներ  ու ճշմարտություններ է բացում ՝ասելով՝ ուզում ես քայլիր այդ ուղով:   Ճանապարհը  շատ բարդ  է,  միևնույն ժամանակ  շատ հավես: Մազմանյանը ասում էր՝ ցանկացած ստեղծագործական պրոցես մի ճանապարհ է, որտեղ դու չգիտես ուր ես գնում, ու  անընդհատ այդ ճանապարհին դու քեզ ես բացահայտում: Այդ պատճառով չեմ կարող առանձնացնել, որևէ դեր կամ ստեղծագործություն: 

-Թատրոնը վայր է, որտեղ...

-Որտեղ կա ամենակարևորը՝ էմոցիաների փոխանակում, բացահայտումներ,  փոխհարաբերություններ, մանկական խաղ, հրաշք: Ինձ համար թատրոնը տեղ է, որտեղ պահպանված է մանկությունը: Այստեղ խաղի կանոններ ես ստեղծում ու փորձում ես նվիրումով վերաբերվել այդ խաղին:

-Ասում են՝ թատրոնը ունի էներգետիկ հզոր դաշտ, երբ մտնում ես, դժվար է լինում թողնելը, ի՞նչ է ասում սեփական փորձը:

-Մարդը ցանկացած բանի շատ հեշտ հարմարվում ու սովորում է: Եթե, Աստված չանի իհարկե, լինի այնպիսի իրավիճակ, որ ես ստիպված լինեմ թողնել և  այլ գործով զբաղվել, գուցե և անեմ: Ես ունեմ արդեն ընտանիք, երեխաններ, ու ինձ համար ամենակարևորը իմ երեխաններն են, ու եթե նրանց ապահովությունը պետք է գտնեմ ուրիշ աշխատանքի մեջ, ես կարող եմ թողնել իմ մասնագիտությունը, որ նրանց կարողանամ ապրեցնել: Ցանկացած բան պետք է անել հավեսով, ներքին լուսավոր վիճակը շատ կարևոր է:

-Իսկ ի՞նչ կասեք արդեն հեռուստատեսության մասին, այստեղ ևս ակտիվ մասնակցություն եք ունեցել. հաղորդումներ, սերիալներ, գեղ. ֆիլմեր,  կրկնօրինակումներ:

-Ինձ հաճելի է զբաղվել այն գործով, որը ես իսկապես սիրում եմ: Քանի որ, կարծում եմ, երբ աշխատանքը դառնում է պարտավորություն, դրանից ավելի ահավոր բան  չկա: Ես սիրում եմ կրկնօրինակումները: Շատ ուրախ եմ, որ մասնակցություն ունեցա «Բարև Էրգիր» նախագծին՝ Արևմտյան Հայաստանի հետ կապված, շատ բացահայտումներ արեցի,  ու ինձ ավելի շատ ոչ թե ստացածս ինֆորմացիան էր գրավում, այլ այն էմոցիաները, որ ես ապրեցի, որոնք աննկարագրելի են: Ստացածս էմոցիաները, կարծում եմ, ինքս ինձ հետ խոսելու առիթ է տալու:

-Սերիալներում ձեզ համեմատաբար ավելի քիչ ենք տեսնում, հաճախ եք նշել, որ հայկական սերիալների որակն իջել է, իսկ ինչպե՞ս բարձրացնել:

-Երբ ինչ-որ մի գործ ես սկսում զուտ գումար աշխատելու նախապայմանով, դատապարտված է ձախողման, որովհետև արանքում բազմաթիվ հարցեր բաց են մնում:

Նույնիսկ սերիալը, որը, հասկանում ենք, ընդամենը ժամանցային տարբերակ է, պետք է իր  մեջ խնդիրներ պարունակի, ոչ թե արհեստածին, հնարած թեմաններ, այլ մեր իրականությունից եկող: Ցավոք, մեր սերիալները բացարձակ կապ չունեն մեր իրականության հետ կամ շատ մասնակի կապ ունեն, որը դրանք դարձնում է հնարած, ոչ արժեքավոր:

-Որո՞նք են այս մասնագիտության դժվարություններն ու առավելությունները:

- Մեր մասնագիտության առավելությունն այն է, որ կոնկրետ կապված է մարդու հետ. հույզեր,  հարաբերություններ: Ավելի արժեքավոր խոսքեր չեմ գտնի, քան Հենրիկ Մալյանի՝ «Իմ գործը մարդու մասին է»: Իսկ թերությունները, խնդիրներն  ավելի շատ տեխնիկական են, որոնք չեմ էլ ուզում բարձրաձայնել:

 

- Մի պահ գնանք հետ, ինչպե՞ս որոշվեց, որ Սամվել Թոփալյանը լինելու է դերասան:

-Անկեղծ ասած չորոշվեց: Դպրոցը, երբ ավարտեցի, գործերս տվեցի ոստիկանական ակադեմիա, սակայն չընդունվեցի: Այսինքն՝ պատահական էր, թեպետ պատահականությունների չեմ հավատում: Ու հետո եղավ այն, ինչ եղավ:

-Ստեղծագործող մարդուն ի՞նչն է պակասում այսօր:

-Ստեղծագործող մարդու համար ոչ մի ժամանակ, ոչ մի տեղ, ոչ մի ներքին  խոչընդոտ, բաց կամ պակասող բաներ չկան: Եթե ուզում է ստեղծագործել, ապա կստեղծագործի: Թեպետ արտաքին բացերն ու խոչընդոտները շատ են ու միշտ  են եղել: Վերաբերմունքն է փոխվել ստեղծագործող մարդու նկատմամբ, բայց այս պարագայում, կարծում եմ, ստեղծագործող մարդը ևս ինչ-որ տեղ բացթողումներ է ունեցել: Մի խոսքով ամեն ինչ փոխադարձ է: Եթե  ուզում է ստեղծագործել, այդ պայմանները կգտնվեն, ու դա միայն ֆինանսականի կամ այլ բաների հետ չի կապված: Այդ պայմանները ներքին ազնվության ու ցանկության հետ են կապված:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Վայելել կյանքը: Վայելել լույսը, շրջապատը, մարդկանց, քո մասնագիտությունը: Ցանկացած երևույթ չդարձնել պարտավորություն, այլ այդ ամենին նայել թեթև: Լույսը մեր մեջ վերցնենք ու ապրենք, ավելորդ մեզ չծանրաբեռնենք, բայց և չլինենք անտարբեր:

-Տարիների փորձը սովորեցրել է ինձ...

-Շատ բան է սովորեցրել, ոչ ոք այդ դասերից չի փախել: Նախ սովորեցրել է, որ պետք է լինես այն, ինչ կաս: Ոչ մի արտաքին փաթեթավորում քո անձի հետ կապված պետք է չլինի, որովհետև օրերից մի օր ցույց ես տալու, թե ով ես: Ինձ համար արհեստականությունն է խորթ:

-Ինչո՞վ եք լցնում Ձեր ազատ ժամանակը:

-Սիրում եմ շատ բնությունը, նաև որսորդ եմ: Բնության մեջ լինելը կարևոր է:  Ինձ թվում է, որ մարդկության խնդիրներից մեկն է, որ կտրվեց բնությունից: Իսկ այն շատ բան է մեզ հուշում:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ նորություններ սպասենք:

-Մալյանի թատրոնում պրեմիերա ունեցանք՝ «Շրջված երազ» Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով:  Ստեղծագործական հագեցած ընթացք էր, այժմ հանձնել ենք հանդիսատեսի դատին: Ներկայումս ավելի շատ զբաղված եմ ձայնագրություններով, ներկայացումներով:

- Երեխաների ծնունդով ես...

-Շատ վախեր կան, որ առաջ չունեի հիմա ունեմ: Ինքնաթիռից ընդհանրապես չէի վախենում:  Տղաս երեք ամսական էր, ես գնում էի Շվեյցարիա: Երբ նստեցի ինքնաթիռ, ինչ-որ վախ զգացի: Ոչ թե իմ անձի համար էի վախենում, այլ այն մեկի՝ որդուս, որի համար ես պատասխանատու էի... Ես պետք է նրան մեծացնեմ, ճանապարհի ուղղորդեմ, հետո ինչ լինում է, թող լինի: Շա՜տ բաներ փոխվեցին, ուրիշ մարդ դարձա:

Հարցազրույցը՝ Էլիզա Բալայանի

Լուսանկարները՝ Սամվել Թոփալյանի «Ֆեյսբուք»-ի էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]