Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Դեղին բաճկոնավորները» կանգ չեն առնում

«Դեղին բաճկոնավորները» կանգ չեն առնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերի 17-ից սկսած շաբաթ օրերը խաղաղ չեն անցնում: Շարժումը, որը հայտնի դարձավ «Դեղին բաճկոնավորներ» անվամբ, դեռ չի դադարել՝ չնայած իշխանությունների կողմից արված մի շարք փոխզիջումների:

Շարժման պատմությունը

2018 թ. սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարեց, որ հաջորդ տարվա սկզբից էներգիայի սպառման հարկը աճելու է 11.5%-ով: Վառելիքի գնաճի որոշումը Ֆրանսիայում պայմանավորված էր նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից ներկայացված դիզելային վառելիքի և բենզինի հարկերով, որի նպատակը շրջակա միջավայր վնասակար արտանետումների քանակը նվազեցումն ու էլեկտրական տրանսպորտային միջոցների խրախուսումն է: Նախատեսվում է մինչև 2022 թվականը հարկերն ամեն տարի ավելացնել: Այս ամենին զուգահեռ կառավարությունը պատրաստվում է քաղաքից դուրս երկկողմանի երթևեկության ճանապարհներին առավելագույն արագությունը սահմանել 80 կմ/ժ և մեքենաների տեխնիկական ստուգումների պահանջները խստացնել:

Այս որոշումները առաջացրեցին հանրության զայրույթը և դարձան «Դեղին բաճկոններ» շարժմանը հիմքը, որը ծնվեց սոցցանցերում: Մինչ այժմ դրանք կազմակերպվում են «Facebook»-ում:

Առաջինը, ով բարձրացրեց այս հարցը և կոչ արեց պայքարել, հիպնոթերապևետ Ժակլին Մուրոն էր: Նա իր բողոքը ներկայացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի դիտումները հասել են 6 միլիոնի:  Մուրոն հետագայում դարձավ «դեղին բաճկոնների» մամուլի խոսնակներից մեկը. նրան հաճախ ֆրանսիական մամուլում անվանում են «դեղին բաճկոնների» մադդոնա:

Այս ուղերձից հետո հարյուրավոր խմբեր ստեղծվեցին «Facebook»-ում և «Twitter»-ում, որոնք կոչ էին անում մարդկանց դուրս գալ պայքարելու դեղին բաճկոններով, որը յուրաքանչյուր վարորդ Ֆրանսիայում պարտավոր է ունենալ: Շարժումը չունի ղեկավարներ, չնայած նրան, որ ընդդիմադիր «Ազգային ճակատ», «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցությունները հայտնեցին իրենց աջակցությունը, սակայն ցուցարարները չմիացան որևէ քաղաքական ուժի:

«Acte»-եր շարունակվում են

Առաջին մեծ ցույցը տեղի ունեցավ 2018թ.-ի նոյեմբերի 17-ին, որի մասնակիցների թիվը հասավ 287 հազարի. նրանք փակեցին նավթամթերքների պահեստարանները և  երթևեկության համար կարևոր ճանապարհներ: Այս ամենը ուղեկցվեց բախումներով, որի արդյունքում վիրավորվեց 400 մարդ և զոհվեց մեկը՝ ընկնելով մեքենայի տակ:

Այս ցույցից հետո հաջորդ բոլոր շաբաթ օրերը «դեղին բաճկոնավորները» դուրս են գալիս պայքարի: Շարժման մասնակիցները ցույցերը համարակալում են՝ «Acte II, III.....  XIV» (Գործողություն II, III.....  XV, XVI): Ամենաշատ թվով ցուցարարներ հավաքվել են «Գործողություն I»-ի ժամանակ՝ 287710 մարդ, իսկ ամենաքիչը՝ «Գործողություն VII»-ի ժամանակ՝ 32000 մարդ:

Այս ընթացքում վառելիքի հարկերի բարձրացման դեմ պայքարը վերափոխվեց պայքար ընդհանուր հարկերի և Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ: Ցուցարարները սկսեցին պահանջել Մակրոնի հրաժարականը՝ նրա վարկանիշի ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 25 %-ի ֆոնին:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցերը բախումներով և անկարգություններով են անցնում. սրա արդյունքում ընդունվեց ցուցարարների դեմ պատժամիջոցների խստացնելու մասին օրենք:

 Ըստ ներքին գործերի նախարարության` «դեղին բաճկոններ» շարժման սկսվելուց ի վեր շուրջ 8400 մարդ կալանավորվել է,  որից 7500-ը՝ ձերբակալվել, 1500 գործ դեռ քննվում է: Այս ընթացքում վիրավորվել է  1300 ոստիկան, ժանդարմ և հրշեջ: Զոհվել է  11 մարդ՝ հիմնականում վթարի հետևանքով:

 

Քաոս Փարիզում. «...հարկը չունի հասարակության միասնականության արժեքը»

Ամենախոշոր իրադարձությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, երբ  «Գործողություն 3-րդ»-ի ժամանակ Փարիզում տեղի ունեցան այնպիսի բռնություններ, որի նմանը չէր եղել  1968 թվականի «Կարմիր մայիս»-ից հետո: Մի շարք զանգվածային անկարգությունների խաթարեցին Փարիզի բնականոն կյանքը. վառվեցին մեքենաներ, թալանվեցին խանութներ:

Այս ամենի կողքին եղան վանդալիզմի դրսևորումներ՝ վնասվեց  Հաղթական կամարի «Մարսելյոզ» մոնումենտալ ռելիեֆը:  

Դեպքերը ստիպեցին երկրի նախագահին, ով դեկտեմբերի 1-ին Արգենտինայում մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին վերադառնալ Ֆրանսիա: Մակրոնը շրջեց Փարիզում, սակայն լռեց՝ միայն «Twitter»-ի իր միկրոբլոգում գրելով «Շնորհակալություն» և տեղադրելով ոստիկանության աշխատակիցների նկարները:

Այս դեպքից հետո կառավարությունը որոշեց զիջել դիրքերը. վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտնեց, որ 6 ամսով սառեցվում է հարկերի աճի մասին որոշում: Նա նշեց, որ ոչ մի հարկ չունի հասարակության միասնականության արժեքը: Սակայն սա չհանդարտեցրեց «դեղին բաճկոնավորներին». հաջորդ շաբաթ նույնպես տեղի ունեցավ ցույց, որից հետո Էմանուել Մակրոնը մտցրեց տնտեսական արտակարգ դրություն` խոստանալով  2019 թ.-ին նվազագույն աշխատավարձը ամսական բարձրացնել 100 եվրոյով տրամադրել տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար աշխատող ֆրանսիացիներին, վերացնել հարկերը այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից:

 Այս հայտարարությունից հետո հասարակությունը բաժանվեց երկու մասի. մի կողմը համաձայնվեց պայմաններին, իսկ մյուսը հայտարարեց, որ այսկերպ իշխանությունը թոզ է փչում նրանց աչքերին: Ըստ «OpinionWay»-ի հարցումների՝ 49 %-ի համար Մակրոնի այս հայտարարությունը համոզիչ է եղել:

Ցույցերը սրանով չմարեցին, չնայած թիվը կրկնապատիկ անգամ նվազեց, դրանք շարունակվում են: Սրան զուգահեռ Մակրոնը հունվարի 15-ից լայն քննարկումներ է անցկացնում ամբողջ Ֆրանսիայում՝ հանդիպելով քաղաքապետերի, բարձրաստիճան պաշտոնյաների, ասոցիացիաների նախագահների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և փորձելով լուծումներ գտնել: Բազմակողմ քննարկումները կավարտվեն մարտի 15-ին:

 

Արտաքին գործոն

Որտեղի՞ց ծնվեց շարժումը: Ովքե՞ր են կանգնած սրա հետևում:

Միջազգային հանրությունը մի մասը այս շարժումը կապում է այս կամ այն երկրի ազդեցության հետ՝ համարելով այն արտաքին ուժերի ձեռքի գործը: Առաջինը Ռուսաստանը փորձեց սոցիալական շարժման մեջ գտնել արտաքին ազդեցություն. «Россия 1»-ի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը մեղադրեց  ԱՄՆ-ին գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ` կապված  Մակրոնի  եվրոպական միասնական բանակ ստեղծելու հետ: Սակայն դրանից հետո բրիտանական «The Times» և ամերիկյան «Bloomberg» հեղինակավոր պարբերականների հետազոտությունների արեցին՝ գտնելով ռուսական ազդեցություն: «The Times»-ը, վկայակոչելով «New Knowledge» կենտրոնի վերլուծությունը, հայտարարեց, որ թվիթերյան մոտ 200 հաշիվներ՝ կապված «դեղին բաճկոնների» հետ, առնչություն ունեն Ռուսաստանի հետ. նրանք օրական տարածում են մոտավորապես 1600 թվիթ:

«Bloomberg»-ն էլ, իր հերթին վկայակոչելով «German Marshall Fund» կենտրոնի տվյալները, 600 թվիթում ռուսական դիրքորոշում է  նկատել:

Սակայն ֆրանսիացի փորձագետ Բատիստ Ռոբերտը ուսումնասիրել է 10 ամենակտիվ օգտատերերի 256 հազար թվիթ` այնտեղ չգտնելով ռուսական հետք, ավելին այնտեղ ամերիկյան ոճ մատնանշվեց: Ֆրանսիայի արտաքին և ներքին հետախուզության ծառայությունները, ուսումնասիրելով դաշտը, նույնպես  չեն հայտնաբերել ռուսական հետք:

Ռուսական ազդեցության առկայությունը հերքել է նաև ֆրանսիացի փորձագետ Բատիստ Ռոբերտը, ով ուսումնասիրել է 10 ամենակտիվ օգտատերերի 256 հազար թվիթ` այնտեղ չգտնելով ռուսական հետք, ավելին՝ այնտեղ փորձագետը նկատել է ամերիկյան ձեռագիր:

Իրավիճակը այժմ

4 ամիս տևող շարժման մասին հասարակական կարծիքը հասկանալու համար Ֆրանսիայում «Odoxa» կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է կազմակերպում: Ըստ վերջին հարցման արդյունքների՝ առաջին անգամ  հասարակական կարծիք փոխվել է: «Դեղին բաճկոնավորներ» շարժման դադարը ցանկանում է հարցվածների մեծամասնությունը, սրան զուգահեռ աճել է նաև նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը վերջին տվյալների համեմատ:

Սրա ապացույց կարելի է համարել վերջին՝ «Գործողություն XVI»-ի մասնակիցների թիվը՝ ընդամենը 39300 մարդ. վերջին անգամ նման պասիվություն նկատվել է  Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: «Դեղին բաճկոնավորները» սակայն արդեն հայտնել են, որ առանցքային օրը լինելու է մարտի 16-ը, որը համընկնում է Մակրոնի «մեծ քննարկումների» ավարտի օրվան:

Ջուլիետա Մկրտչյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]