Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը շատ արդյունավետ է համարում Բրյուսել այցի ընթացքում կայացած քննարկումները

Փաշինյանը շատ արդյունավետ է համարում Բրյուսել այցի ընթացքում կայացած 
քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Յունկերի և Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիությունը գործընկերությանը՝ Փաշինյանը շատ արդյունավետ է համարել իր այցի ընթացքում կայացած քննարկումները՝  գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես, անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: «Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք ևազատ իրականացումը Հայաստանում»:

 Նրա գնահատմամբ՝  ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար Հայաստանը պետք է ունենա ուժեղ ու կենսունակ տնտեսություն, և այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունների հաջորդ քայլն է ժողովրդավարության խորացումը՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: «Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է՝  ՀՀ վարչապետը հավելեց, որ բանակցությունների ընթացքում ԵԽ նախագահ Յունկերին ներկայացրել է ՀՀ կառավարության տեսլականը և առաջնահերթությունները, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում: «Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը»,- հայտարարեց նա:

Նա ուրախությամբ նշեց, որ ԵԽ նախագահ Յունկերի հետ ունի ընդհանուր ըմբռնում առ այն, որ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է շարունակեն և ընդլայնեն համագործակցությունը` նշված խնդիրների լուծման և ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ, ինչը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ: «Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA) կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում: Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր է: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից»,- նկատեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը  եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: «Մենք, ընդհանուր առմամբ, CEPA-ին և, մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների»,- հավաստեց Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով, նա մեկ անգամ ևս շեշտեց Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտը, որը գերակայում է Եվրոպական միության Հայաստանի  հարաբերություններում:

Եվրոպական հանձնաժողովի  նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ՀՀ ԱԺ 2018թ. դեկտեմբերի ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ «Վարչապետը բարեփոումները և Եվրոպական միության հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում, և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք Հայաստանին՝  և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես»,- նշեց նա՝ հավելելով, որ Եվրամիությունը Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել՝ մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփոխումների համար:

ԵԽ նախագահը վկայակոչեց ՀՀ վարչապետին, ով բազմաթիվ անգամ նշել է, թե շատ աշխատանք կա անելու հատկապես հակակոռուպցիոն և դատական բարեփոխումների ոլորտներում: «Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում  և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատելու»,- հավաստեց Յունկերը՝ ավելացնելով, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: «Մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք»,- շեշտեց ԵԽ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]