Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ 
համանախագահների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու մոտ ապագայում առաջնորդների հանդիպում նախապատրաստելու հարցերը՝ ներառյալ քննարկումների հնարավոր թեմաները: Համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահներին էր միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ընթացքում առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարին Դավոսում կայացած վերջին երկխոսության մասին: Երկրների ղեկավարներն ու համանախագահները քննարկել են ներկա իրադրությունը և հետագա քայլերի ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացումը:

Ղեկավարներն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:

Համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային իրենց այցից հետո մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որտեղ, համապատասխանաբար, փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և կառույցի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել են հանդիպումների արդյունքները»,-ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատն ունեցող միակ միջնորդական ձևաչափն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]