Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական. հունվար, 2019

 «Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» կրկին առաջին 
տեղում է. փաստավավերագրական. հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության  «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ հունվարի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Երրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Չորրորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Հինգերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Վեցերորդ հորիզոնականում է Կինոյի (Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն) «Մաֆալդան և ընկերները» պատկերապատումների (կոմիքսների) գիրքը:
Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է՝ տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից: Մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ՝ շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին: 

Յոթերորդ հորիզոնականում է Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։

Ութերորդ տեղում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Իններորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:  

Տասներորդ հորիզոնականում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13),  «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 351
2 +2 Էմանուել Մակրոն «Հեղափոխություն» Newmag 96
3 0 Ուիլյամ Չ. Ռեմփել «Խաղացողը» Էդիթ Պրինտ 73
4 +2 Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» Էդիթ Պրինտ 73
5 0 Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» Էդիթ Պրինտ 72
6 նոր Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն«Մաֆալդան և ընկերները» Անտարես 60
7 -5 Լուկա Կայոլի «Ռոնալդու» Newmag 58
8 -1 Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» Էդիթ Պրինտ 54
9 * Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Շեռլոկը» Զանգակ 42
10 -1 Նապոլեոն Հիլ«Մտածի՛ր և հարստացի՛ր» Զանգակ 37

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]