1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ որպես Ադրբեջանում պետականորեն ուղղորդվող հակահայկական քարոզչության առաջին դրսևորումներ

Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ որպես Ադրբեջանում պետականորեն ուղղորդվող 
հակահայկական քարոզչության առաջին դրսևորումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս «ադրբեջանական ինքնության» ձևավորման կարևոր բաղադրիչներից է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. սկզբից սկսված հասարակական շարժումը, որն ի սկզբանե ձևավորվել է ազգայնական և քաղաքական իսլամի գաղափարների շուրջ: Թե՛ ազգայնական, թե՛ քաղաքական իսլամի գաղափարախոսությունների հենքում ընկած է «օտարի», «անհավատի», «թշնամու» գաղափարը. շարժման նախնական փուլերում էլ հստակ երևում է, որ դա ուղղված է «էրմենի» [erməni] (հայ) ինքնության դեմ: Այս խտրականությունը հանգեցրել է ազգային ատելության հողի վրա իրականացված ջարդերի՝ 1988թ. փետրվարին Սումգայիթում (ֆիլմ), նոյեմբերին Կիրովաբադում (Գանձակ) և 1990թ.՝ Բաքվում, ինչպես նաև ավելի փոքր մասշտաբներով՝ Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում: Ի վերջո սա վերաճել է Ադրբեջանում «հայ» ինքնության դեմ պետական մակարդակում իրականացվող ատելության քարոզի, և այդ ատելությունն Ադրբեջանում հանդես է գալիս որպես «ադրբեջանցի» ինքնության կարևոր բաղադրիչ: 1988թ. նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 5-ը Բաքվում իրականացված հանրահավաքների արդյունքում ծավալված «Ազգային զարթոնք» կոչվող շարժման հիմքում ընկած է եղել «ադրբեջանական ազգայնականությունը» և քաղաքական իսլամը. դա են փաստում հանրահավաքի բազմաթիվ վավերագրական նյութեր: Այդ ժամանակվանից սկսված լայն ծավալ է ստանում «հայ» ինքնության դեմ ատելության քարոզը թե՛ հասարակական միջոցառումների և հավաքների ժամանակ, թե՛ լրատվամիջոցներում, ինչը շարունակվում է մինչ օրս. մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայումս մեծ չափերի է հասնում ատելության խոսքը, և ազգային ատելություն առաջացնող քարոզչական նյութերի հրապարակումը, ինչը նաև ֆինանսավորվում, խրախուսվում է և որևէ կերպ չի սահմանափակվում Ադրբեջան պետության կողմից:

Վերոգրյալի հիման վրա կարելի է ամփոփել, որ ինքնության ձևավորման կարևորագույն գործոն են հանրահավաքները, քանի որ հանրահավաքի հանգամանքներում մարդկանց մոտ առավել սուր են արտահայտվում կոլեկտիվ գործելու բնազդները: Ուստի հանրահավաքներում տիրող «մթնոլորտի» ընկալումը, ելույթների լեզվահոգեբանական վերլուծությունը և դրանց՝ հավաքվածների վրա ունեցած ներազդեցությունը որոշակիորեն չափելու միջոցով հնարավոր է ընդհանուր պատկեր կազմել հասարակությունում առկա դինամիկայի վերաբերյալ:

1988թ. Սումգայիթում և 1990թ. Բաքվում հանրահավաքից հետո մարդկանց հոծ բազմությունները, ուղղորդված կերպով ազգայնականության, իսլամական ծայրահեղականության և, առհասարակ խտրականության ագրեսիվ դրսևորումներ ցույց տալով, հայերի նկատմամբ իրականացրել են սպանություններ, բռնություններ, խոշտանգումներ՝ ազգային ատելության հողի վրա:

Բաքվում իրականացված հայերի զանգվածային ջարդերը մեծ թափով սկսվել են մասնավորապես 1990թ. հունվարի 13-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո: Նշված հանրահավաքում հնչած ելույթներից կարելի է առանձնացնել երկուսը՝ (տեսանյութ) «Ադրբեջանի Ժողովրդական ճակատի» առաջնորդ, Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի և «Ազատ կրոնավորների միության» ներկայացուցչի ելույթները, որոնք համապատասխանաբար պարունակում են խտրականության քարոզի ազգայնական և քաղաքական իսլամի բաղադրիչներ:  Հարկ է նշել, որ «Ազատ կրոնավորների միության» հիմքի վրա էլ 1991 թ. Նարդարանում ստեղծվել է «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», որը ԼՂ հիմնախնդրի հարցում դրսևորել է ագրեսիվ կեցվածք, իրականացրել ատելության քարոզ հայերի նկատմամբ:

Ազգայնական կոչերը. Հանրահավաքի ժամանակ Աբուլֆազ Էլչիբեյը ներկայացնում է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի պահանջները՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել, խզել բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ և կազմալուծել ԼՂԻՄ-ը: Մասնավորապես՝ «Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները կտրելու» ձևակերպումը մեծ ոգևորությամբ է ընդունվում հավաքվածների կողմից և իր հերթին վկայում է հավաքվածների «հակահայկական դիրքորոշման» մասին, այսինքն՝ ագրեսիվ խտրականություն հայերի և հայերի հետ ասոցացվող ցանկացած երևույթի նկատմամբ:

Իհարկե, այս ամենը պտտվում է «Ղարաբաղը պահելու» գաղափարի շուրջ. մասնավորապես՝ Ա. Էլչիբեյն իր խոսքում նշում է. «Ժողովրդի մտքերը ոչ թե պետք է ուղղենք ինքներս մեր, այլ թշնամու դեմ: Միակ հարցը Ղարաբաղի հարցն է: Միակ հարցը մեր սահմանների ամրությունն է: … այսուհետ պետք է բանակ ստեղծենք և մեկընդմիշտ փրկենք մեր սահմանները»: Նա կոչ է անում հավաքվածներին Բաքվի հանգստության համար մեծ ցույցեր չանել և շենքերի վրա հարձակումներ թույլ չտալ, սակայն հավաքվածների կողմից այդ «հանդարտության կոչերին» ի պատասխան հնչում են բղավոցներ «իսկ հայերը», «իսկ այստեղ ապրող հայերը»… Հավաքված մարդկանց այս տեսակ արձագանքներից կարելի է եզրակացնել, որ նրանք գտնվում են ծայրահեղ լարված հոգեվիճակում, և արդեն իսկ հնչած խտրականության կոչերից հետո, հանգիստ լինելու և չբորբոքվելու խոսքերը միայն առավել գրգռող ազդեցություն են ունենում:

Վերոգրյալի հիման վրա կարելի է ընդգծել, որ հավաքվածների համար տվյալ փուլում արդեն հստակեցված են «մենք» և «նրանք» տարանջատումը և Ա. Էլչիբեյի կողմից «թշնամի» բառի օգտագործումը շատ հստակորեն նույնականացվում է հայերի հետ՝ ինչը նախևառաջ ամենասուր կերպով ուղղվում է Բաքվի հայ բնակչության դեմ:

Քաղաքական իսլամ. Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի «Ազատ կրոնականների խորհրդի» ներկայացուցչի ելույթը կարելի է դիտարկել որպես քաղաքական իսլամի հրապարակախոսության օրինակ, քանի որ խոսքում օգտագործվում են իսլամական և սուֆիական գաղափարներ, որոնք լսողին վերբալ մանիպուլյացիաների (թասավվուֆի գաղափարների) միջոցով տրանսի վիճակի մեջ են գցում և հստակ քաղաքական ուղերձներ են հնչում՝ «անհավատների, խաչապաշտների դեմ պայքարի», որոնք պարունակում են նաև պանիսլամիզմի տարրեր: Նրա խոսքում կարելի է առանձնացնել մահվան սարսափի բացառման միստիկ նկարագրությունը՝ «լինի 5 տարեկանում կամ 100՝ մեկ է վերադառնալու ենք Ալլահի մոտ», այն առումով, որ որևէ նշանակություն չունի՝ երբ է մարդ մահանում: Նա կոչ է անում պայքարի. «Ես ժողովրդին ոտքի եմ կանգնեցնելու և ամբողջ աշխարհը հավաքվելու է, որ նրան կոտրի, բայց չի կարողանա կոտրել, քանի որ այդ ժողովրդին Ալլահն է ոտքի հանել»: Ելույթում հստակ քաղաքական կոչեր են հնչում՝ օգնելու շարժմանը, չվախենալու «խաչապաշտներից» և «բռնապետերից»: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել նրա խոսքում առկա խտրականությունը՝ ուղղված քրիստոնյաների դեմ: Նա վստահեցնում է հավաքվածներին, որ ամբողջ իսլամական աշխարհը իրենց հետ է, և մասնավորապես նշում է «մեզ, մուսուլման ժողովրդիս, բռնարարները ճնշումների են ենթարկում»:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ադրբեջանական հասարակությունում առկա հայ ինքնության դեմ ուղղված խտրական վերաբերմունքը, ադրբեջանական ազգայնականությունը և քաղաքական իսլամը լայն ծավալ են ստացել առնվազն 1988թ. սկսված իրականացվող հանրահավաքների և այլ հասարակական դինամիկաների արդյունքում: Հետագա տարիների ընթացքում արդեն ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի իշխանությունները շարունակել են նույն քաղաքականությունը, ինչի ապացույցն են 2004 թ. Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպային սպանած հանցագործի հերոսացումը, 2016 թ. ապրիլին Արցախի հետ մարտական գործողություններում ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հերոսացումը և այլ նմանատիպ դրսևորումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]