1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ու Իրանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական փոխըմբռնում

Հայաստանի ու Իրանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական փոխըմբռնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունները, որոնք միտված էին խթանել երկու երկրների հարաբերությունները և հստակություն մտցնել առանձին հարցերի շուրջ, բավական դրական արդյունքներ արձանագրեցին, այդ թվում` քաղաքական օրակարգի առաջմղման տեսանկյունից:

Հայաստանի անկախացումից ի վեր հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական կարևորություն են ունեցել երկու երկրների համար, և դրանց հետագա պահպանումն ու զարգացումը բխում է երկու երկրների շահերից՝ դրական ազդեցություն ունենալով նաև տարածաշրջանում ընդհանուր կայունության ամրապնդման վրա: Հենց այս տրամաբանությունն է ընկած հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու երկուստեք պատրաստակամության հիմքում:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում ամրագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինելու, միևնույն ժամանակ՝ մեծ ուշադրություն է հատկացվելու տարբեր ուղղություններով մեր համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Եվ այս տեսանկյունից Իրանը բացառություն չի կազմում:

ՀՀ կառավարության ծրագիրը հստակ ամրագրում է, որ Հայաստանն ակտիվորեն աշխատելու է «Իրանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից»: Իր հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության համար ներկա փուլում, երբ Իրանի արտաքին գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է, Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ավելի է արժևորվում:

ՀՀ վարչապետի այցի քաղաքական բաղադրիչը բավական ընդգծված էր, ինչի մասին էին վկայում նաև հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Վերջինս հազվադեպ է ընդունում Իրան ժամանած օտարերկրյա ղեկավարների և ՀՀ վարչապետի ընդունելությունն, անշուշտ, վկայում է նաև Թեհրանի կողմից հայ-իրանական հարաբերությունների կարևորման մասին:

Իրանյան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների շրջանակներում անդրադարձ է կատարվել հայ-իրանական քաղաքական օրակարգում այս փուլում առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցերի: Նախ հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ էր Հայաստանում տեղի ունեցած զարգացումներն Իրանի համար առավելագույնս ընկալելի դարձնել, և այս տեսանկյունից պատահական չէր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ վարչապետի այն շեշտադրումը, որ «Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել»: Իր հերթին, Իրանի նախագահը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները գնահատել է որպես ժողովրդավարական, ինչը վկայում է այն մասին, որ այս հարցում ևս կողմերի միջև առկա է հստակ փոխըմբռնում:

Մյուս կողմից, Իրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան «արշավի» համատեքստում իրանական կողմի համար առաջնային կարևորության խնդիր էր արձանագրելը, որ «բացառվելու է հայ-իրանական համագործակցությանը երրորդ երկրների միջամտությունը»: Այս տեսանկյունից հատկանշական է, որ Թեհրան այցի նախօրեին ՀՀ վարչապետն իրանական Pars Today լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայ-իրանական հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, միևնույն ժամանակ, որևէ երրորդ երկրի հետ հարաբերությունները չեն կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա: Իսկ մեկ այլ՝ IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանն, անդրադառնալով Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցներին նշեց, որ «Հայաստանը բաց երկխոսություն է ծավալում ինչպես իրանական կողմի, այնպես էլ գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ՝ հստակ ներկայացնելով իր մտահոգություններն ու դիրքորոշումը»:

Հատկանշական է, որ Հայաստանի այս կառուցողական դիրքորոշումը շատ բարձր է գնահատվում իրանական իշխանությունների կողմից, ինչի մասին բարձրաձայնեց նաև Իրանի նախագահը: Ընդ որում, Հայաստանի քաղաքականությունն ավելի է կարևորվում Իրանի նկատմամբ հարավկովկասյան մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության ֆոնին, որոնք տարբեր դրդապատճառներից ելնելով, էական զգուշավորություն են ցուցաբերում Իրանի հետ հարաբերությունների հարցում՝ զգալիորեն սահմանափակելով նաև տնտեսական համագործակցությունը:

 

Արփինե Հովսեփյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]