Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային նորմերը. Լարիսա Ալավերդյանը հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացուն դատապարտելու մասին

Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային նորմերը. Լարիսա Ալավերդյանը 
հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացուն դատապարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատապարտելը խոսում է այն մասին, որ այդ երկիրը կոպիտ ձևով ոտնահարում է միջազգային նորմերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Արդեն որերորդ անգամն է մենք հանդիպում ենք դեպքի, երբ մեզ անհայտ պարագաներում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ հայտնվում են Ադրբեջանում: Կարեն Ղազարյանն ունի խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ: Նրա գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ այն ամբողջովին հնարածին է: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, այս ամենն արվում է Արցախում գտնվող՝ մարդասպանության համար դատապարտված անձանց Ադրբեջան վերադարձնելու, հերոսացնելու համար:

«Ինչի մասին է խոսքը, եթե Ադրբեջանի նախագահը բացեիբաց խոսում է այն մասին, որ այսօր ոչ ոք չի հետևում միջազգային նորմերին: Ես կոչ եմ անում Հայաստանի պատկան մարմիններին սկսել այն գործընթացը, որը կոչվում է դատապարտյալի տեղափոխություն: Այսինքն՝ Կարեն Ղազարյանը տեղափոխվի մեր երկիր, որի քաղաքացին է ինքը: Դա պետք է անել օր առաջ»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:

Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ:    Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի:

2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]