Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եթերում տեղական արտադրանքի անհրաժեշտ ծավալը հեռուստաընկերությունների զգալի մասը չի ապահովում. ՀՌԱՀ-ը հանդես է գալիս առաջարկությամբ

Եթերում տեղական արտադրանքի անհրաժեշտ ծավալը հեռուստաընկերությունների 
զգալի մասը չի ապահովում. ՀՌԱՀ-ը հանդես է գալիս առաջարկությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որից 120-ը լիցենզավորված է, 8-ը՝ ոչ: Նշված 120-ից 102-ը հեռուստաընկերություններ են, 18-ը՝ ռադիոընկերություններ: Հեռուստաընկերություններից 35-ը եթերային է, 67-ը՝ կաբելային:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ կաբելայինների մի մասը գործում է Երևանում, մյուս մասը՝ մարզերում: Կան կաբելային հեռուստաընկերություններ, որոնք ունեն հանրապետական ծածկույթ:

«Մենք հետևում ենք հեռուստառադիոընկերություների եթերին, փորձում ենք պարզել, թե որքանով է պահպանվում լեզվի մասին օրենքը, որքանով չի խախտվում հեղինակային իրավունքը, հետևում ենք հայրենական արտադրանքի ծավալին և այլն: Ես այստեղ մի քանի խնդիրներ կառանձնացնեմ՝ կապված հայրենական արտադրանքի ծավալի, հանրօգուտ կոնտենտի արտադրության, մարզային հեռուստաընկերությունների խնդիրների հետ»,- ասաց  Տիգրան Հակոբյանը:

Նա նշեց, որ, ըստ օրենքի, հեռարձակողների եթերային բովանդակության առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրանք: Հայրենական արտադրանք համարվում է հաղորդումը, ֆիլմը, որն այստեղ է արտադրվել է կամ այլ երկրի արտադրանք է, սակայն այստեղ թարգմանությամբ է ներկայացվել:

«Օրենքով սահմանված այդ 55 տոկոսը չի պահպանվում: Եթե խոշոր հեռուստաընկերությունները պահպանում են, ապա մի զգալի հատված չեն հետևում օրենքի պահանջին: Այդ տեսանկյունից մարզերում ողբալի վիճակ է: Հեռուստաընկերություններ կան, որոնց հայերեն լեզվով արտադրանք կազմում է 15-16 տոկոս: Բնակչությունը ստիպված  է առավոտից երեկո ռուսերենով ֆիլմեր, հաղորդումներ նայել: Մարդիկ զրկված են հայերենով հաղորդումներ նայելուց»,-ասաց նա: Տիգրան Հակոբյանի խոսքով, անալոգային հեռարձակման տիրույթում խնդիրն ավելի սուր է դրված: Եղել է հեռուստաընկերություն, որը մեկ օրվա մեջ ընդհանուր ծավալում ունեցել է 1.1 տոկոս տեղական արտադրանք, այն էլ գովազդ էր: Նրա խոսքով, եթե խստորեն հետևեն օրենքին, ապա այդ հեռուստաընկերությունների մի մասը պարզապես կփակվի:

«Մենք այսպիսի լուծում ենք առաջարկում: Քանի որ ունենք հարուստ հեռուստաընկերություններ, որոնք կրկնօրինակման ծավալուն աշխատանքներ են տանում և ունեն սեփական արտադրության կոնտենտ, ապա առաջարկում ենք այնպիսի պայմաններ ձևավորել, որ մարզային հեռուստաընկերությունները կարողանան օգտվել այդ արտադրանքից: Մասնավորապես, ստեղծել հայերեն լեզվով արտադրանքի շտեմարան: Այն կլինի ընդհանուր հարթակ, որտեղ կհավաքվի այդ հայկական արտադրանքը և մարզային հեռուստաընկերություններն ինչ-ինչ պայմանագրի շնորհիվ կկարողանան դրանից օգտվել»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրը հանրօգուտ հաղորդումների բացակայությունն է: Հեռուստաեթերներում շատ քիչ են կրթական, դաստիրակչական բնույթ ունեցող հաղորդումները:

«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ անորակ սերիալը՝ կրիմինալով, բռնության պատկերաներով, շատ ավելի մեծ վարկանիշ է ապահովում, հետևաբար նաև գովազդային մուտք, քան հանրօգուտ հաղորդումը: Հեռուստաընկերությունները, հետևաբար, շահագրգռված չեն հանրօգուտ հաղորդում ստեղծելու հարցում: Եվ որպեսզի կարողանանք ներդաշանակել հեռուստաընկերությունների ու հանրության շահերը, ապա առաջարկում ենք իրականացնել հանրօգուտ հաղորդումների պատվերներ»,-ասաց նա:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ վերջին հինգ տարվա ընթացքում հեռուստաընկերությունների գովազդային բյուջեները երկու անգամ նվազել են: Հետևաբար հեռուստաընկերությունները չունեն այդ գումարները, որ ինքնակամ ստեղծեն հանրօգուտ հաղորումներ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն առաջարկում է ստեղծել հիմնադրամ, որի ֆինանսավորումը կլինի տարբեր գերատեսչություններից: Այդ հիմնադրամն էլ հանրօգուտ հաղորդում ստեղծելու պատվերներ կիջեցնի հեռուստաընկերություններին:

«Որոշ գերատեսչություններ իրենց բյուջեում ունեն գումարներ՝ նախատեսված հաղորումներ ստեղծելու համար: Եթե կարողանանք այդ գումարները կոնսոլիդացնել՝ միասին քննարկելով էլ հանրօգուտ հաղորդման հայեցակարգը մշակել, ապա կարող ենք իրավիճակ փոխել եթերում: Այստեղ հեծանիվ չենք հորինում, բազմաթիվ երկրներում այդ օրինակը կա»,-հավելեց նա:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]