Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Բուխարեստում կայացել է Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների: Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հուշապսակների զետեղման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ելույթում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարևորել է պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման և միջոցառումների իրականացման ճանապարհին: «1988թ. փետրվարի 27-29-ին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության արտահայտման խաղաղ նախաձեռնությունների, Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում սկսեցին խաղաղ հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Ողբերգությունից անցել է 31 տարի, սակայն միջազգային հանրության կողմից այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարտման չեն արժանացել այս վայրագությունների կազմակերպիչները, իսկ կատարողները մնացել են անպատիժ: Հենց այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ ծնեց հայ ժողովրդի դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղում սանձազերծվեց պատերազմ․․․ Սումգայիթի կոտորածների հիաշատակը վառ պահելն, ինչպես նաև վաղեմության ժամկետ չունեցող այս հանցագործության համապատասխան պատմական և քաղաքական գնահատական տալը հանդիսանում է բոլորիս միասնական նպատակը»,- ասել է դեսպանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ