Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայֆիլմ»-ը ազգային բրենդ. մասնավորն ու պետությունը վստահ են՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

«Հայֆիլմ»-ը ազգային բրենդ. մասնավորն ու պետությունը վստահ են՝ ներդրումները 
կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել «Հայֆիլմ» ազգային բրենդ՝ հին ավանդույթներով, բայց ժամանակակից գաղափարներով և մտածողությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն էլ վստահ է՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը:

Համո Բեկնազարյանի անվան գեղարվեստական ֆիլմերի «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Հայֆիլմի վերածնունդ»  նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

Հայկ Բաբայանը խոսեց իրենց նպատակների, անելիքների և պաշտոնյաների հետ հանդիպումներից կատարված եզրահանգումների մասին: «Մեր երկրում «Հայֆիլմ» կինոստուդիան որպես բրենդ ունենալը, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ևս շատ լուրջ հարց է լուծում, որպեսզի մենք ունենանք մեր անձնագրերից մեկը՝ կինոյի ոլորտում: Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք կյանքի կոչելու հնարավորություն ստանալու դեպքում կկարողանանք կինոյի ոլորտում մթնոլորտի փոփոխություն մտցնել և այն ավելի առողջ դարձնել»,- նկատեց նա:

Անդրադառնալով կինոկրթությանը՝ նա նշեց, որ իրենք շատ են կարևորում այն և կարծում են, որ «Հայֆիլմ»-ում կարելի է ստեղծել կինոդպրոց, որտեղ ուսանողի համար տեսությունն ու պրակտիկ աշխատանքը համադրելու հնարավորություն կստեղծվի: Կինոդպրոցում պետք է սահմանվի որոշակի չափով ուսման վարձ, ինչը պետք է շատ թանկ չլինի: «Հենց այդ վարձավճարներից կարելի է ձևավորել արտաբյուջե, ինչով էլ կլրացվեն մնացած բոլոր բացերը»,- ասում է նախաձեռնության հեղինակը:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ իրենց ծրագրերը մշակելու ընթացքում շատ բարդ փուլեր են անցել մինչև գտել են այն, ինչն իրականում ամենակարևորն է: Ծրագիրը կոչել են «Առաջին քայլեր»՝ նկատի ունենալով, որ իրենք չեն սահմանափակվում նրանով, որ միայն այս ծրագրի կետերը կյանքի կոչեն և վերջ: Ասում է, թե այդ ծրագրերն ունենալու են իրենց տրամաբանական շարունակությունը:

«Մի հետաքրքիր բան ենք առաջարկում պետությանը՝ մենք անում ենք 10 քայլ, ինչից հետո պետությունն իրականացնում է 2 քայլ, ինչից հետո մենք կրկին անում ենք 10 քայլ: Մեր երկրորդ 10 քայլից հետո պետությունն անում է 5 քայլ: Այսինքն՝ սա մի նախաձեռնություն է, որն աջակցում է պետությանը, և միայն կառավարությանը կամ այլ պաշտոնյաներին չենք մեղադրում ամեն ինչում»,- շեշտեց Հայկ Բաբայանն ու հավելեց, որ իրենց ներկայացրած ծրագրերի մի քանի կետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի «Հայֆիլմ»-ը դարձնել պրեմիերաների, ցուցադրությունների, համաժողովների մի վայր, որը նոր շունչ կհաղորդի կառույցին:

Նրա պնդմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի «Հայֆիլմ»-ը ծառայի կինեմատոգրաֆին, ռեժիսորին, ժողովրդին:

«Կարծում եմ, որ «Հայֆիլմ»-ը պետք է 6 գործառույթ իրականացնի՝ նկարահանվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կառույցը պետք է ունենա կինոկրթական, սպասարկման, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններ: Կինոստուդիայի տարածքում մենք ցանկանում ենք ունենալ նաև միջոցառումների և ցուցադրությունների կենտրոն: Կարծում եմ, որ հնարավոր է նաև «Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող այգին «վերաբնակեցնել»՝ կազմակերպելով, օրինակ, համապետական ծառատունկ, և գեղեցիկ այգի ստեղծել: Տարիներ անց, բացի նկարահանման հրապարակ լինելուց, այն կարող է դառնալ քաղաքացիների համար զբոսանքի վայր»,- ասաց Հայկը:

Նախաձեռնության հեղինակը, անդրադառնալով կինոստուդիայի հին լոգոյին, նշեց, որ իրենց կարծիքով «Հայֆիլմ»-ի հին լոգոն, որտեղ Սասունցի Դավիթն է պատկերված, պետք է լինի շենքի ճակատային հատվածում: Տեղադրման ժամանակ, ըստ նրա, պետք է մի միջոցառում կազմակերպել, ինչը գուցե մարդկանց մոտ մեծ ոգևորություն առաջացնի:

Հայկ Բաբայանը և նախաձեռնության մյուս անդամներն իրենց ծրագրերը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին:

Վարազդատ Կարապետյանը Հայկ Բաբայանին և նրա ընկերներին խորհուրդ է տվել նախաձեռնությունը դարձնել հասարակական կազմակերպություն, քանի որ ՀԿ լինելով՝ ավելի հեշտ կկարողանան ծրագրերը ներկայացնել կառավարություն:

Նարեկ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախաձեռնության բոլոր ծրագրերը, որոնք կարելի է կյանքի կոչել, սակայն Հայ Բաբայանի կարծիքով՝ պետությունը  «Հայֆիլմ»-ին կարծես թե նայում է որպես ուղղակի գույքի և ոչ ազգային բրենդ դարձնելու պոտենցիալ կառույցի:

«Մենք թողել ենք ծրագրերը պարոն Բաբայանի մոտ, ով դեռևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի դրանք: Մենք նրանից լավ նորությունների ենք սպասում և  համագործակցության առաջարկակնկալում»,- նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախաձեռնության անդամների առաջարկներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել:

«Մեծ հաշվով, որպեսզի հնարավոր լինի լուրջ հաջողությունների հասնել, պետք է բարելավվի ֆինանսական վիճակը: Այս պահին, ֆինանսական առումով, մենք բացասական միտումներ ունենք, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն պարտքեր է կուտակում: Նրանց առաջարկներում բավական հետաքրքիր գաղափարներ կան, սակայն «Հայֆիլմ»-ը պետք է շնչի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ կետերից որոշները: Նախաձեռնության անդամները կարծում են, որ «Հայֆիլմ»-ը պետք է կինոստուդիա լինի ու ֆիլմ նկարի՝ ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ»,- նկատեց ՊԳԿ-ի նախագահը և հավելեց, որ պետությունը չի պատվիրելու ֆիլմ նկարել, թեև Մշակույթի նախարարության միջոցով Կինոկենտրոնը մրցույթներ է իրականացնում ամեն տարի, և տարբեր ռեժիսորներ հաղթում են ու ֆիլմեր նկարում:  

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության ժամանակ եղել է այն գաղափարախոսությունը, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր նկարահանվեն՝ պրոպագանդիստական ուղղությամբ, սակայն այսօր այդպես չի կարող լինել:

« Չեմ կարծում, որ այսօր դա նպատակահարմար է: «Հայֆիլմ»-ն այսօր խոշոր պարտքեր չունի, սակայն աշխատավարձերի և կոմունալ վարձերի մի քանի ամսվա պարտք կա: «Հայֆիլմ»-ի եկամուտները, որոնք ստացվում էին կինոցուցադրություններից՝ Մշակույթի նախարարության որոշմամբ անցել են Կինոկենտրոնին: Այդ ամենի պատճառով «Հայֆիլմ»-ի եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե մեզ հաջողվի ներդրողների հետ կնքել պայմանագիր, ապա վստահ եմ, որ բարելավումը կշտկի իրավիճակը»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս, անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին, նշեց, որ իրենք հիմա շատ ակտիվ բանակցությունների մեջ են «Հայֆիլմ»-ի տարածքի վերաբերյալ: Կա ներդրող, որը պատրաստ է վարձակալել այդ տարածքի զգալի մասը: Ըստ ՊԳԿ նախագահի, ներդրողը նախատեսում է այնտեղ ֆիլմարտադրությամբ զբաղվել, կինոօպերատորական դպրոց հիմնել և հիմնականում արտասահմանից ունենալ նկարահանող խմբեր, ովքեր, օգտվելով այդ տարածքի հնարավորություններից, ֆիլմեր կնկարահանեն:

«Այդ ամենն էլ հնարավորություն կտա ֆիլմերի ավելի ցածր ինքնարժեք ստանալ, քան եթե նկարահանեն իրենց երկրներում՝ եվրոպական կամ անգամ Ռուսաստանի Դաշնությունում: Եթե մենք հաջողությամբ իրականացնենք այս նախագիծը և վարձակալության հանձնենք տարածքը, կլինեն լուրջ ներդրումներ, տարածքում աշխուժություն կմտնի, և այդ ամենն էլ շղթայաբար կհանգեցնի կինոստուդիայի զարգացմանը: Կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը, և կամաց-կամաց նույնպես հնարավոր կլինի կյանքի կոչել այն մտքերն ու գաղափարները, որոնք ներկայացրել են նախաձեռնության հեղինակները: Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները և որոշակի քայլեր անել՝ դրանք իրագործելու համար, որովհետև կարծում ենք, որ կան առաջարկներ, որոնք նպատակահարմար են իրագործել: Առայժմ ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից, ներդրողների հետ բանակցություններից»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Կինոստուդիայի դիմաց կա 4 հա տարածք, իսկ հետևի հատվածում՝ 8 հա, որոնք ուղղակի ամայի հողատարածքներ են: Ինչպես Պետական գույքի կոմիտեի նախագահն է ասում՝ միգուցե հեռանկարում դրանց անհրաժեշտությունը չլինի և դրանք առանձին մասնավորեցվեն, սակայն բուն մասնաշենքերը և այդ ամբողջ տարածքը պետք է ծառայեն կինոարտադրությանը:

«Եթե այնտեղ աշխուժություն լինի, չի բացառվում, որ ֆիլմ արտադրող տարբեր հայկական ընկերություններ ավելի նպատակահարմար գտնեն իրենց գրասենյակները տեղակայել «Հայֆիլմ»-ի տարածքում: Այդպիսով, նրանք կլինեն ֆիլմարտադրության տարածքում, որը նրանց հնարավորություններն ու հարմարավետությունն ավելի կմեծացնի: Ամեն ինչ կախված է, թե ներդրողների հետ այս նախագիծն ինչպես կկարողանանք կյանքի կոչել»,- շեշտեց Բաբայանը:

Նա կողմ է, որ «Հայֆիլմը» մասնավորեցման ցանկից հանվի, և քննարկվի այն տարբերակը, թե ինչ հեռանկար կա «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի, «Հայֆիլմ»-ի և Կինոկենտրոնի հետ կապված: Այս ամենից հետո, երբ պարզ կդառնա, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու առաջիկա տարիներին, «Հայֆիլմ»-ի հետ կապված ինչ զարգացումներ կարող են լինել,  նոր միայն հնարավոր կլինի ասել՝ այդ ամբողջ տարածքը անհրաժեշտ է, թե ոչ:

Կինոստուդիայի տարածքում ներդրում անողը մի ընկերություն է, որը ցանկանում է ներդրում անել և երկարաժամկետ վարձակալել այդ տարածքը՝ մոտ 15 տարով: Նախատեսվում է ներդնել 3.5 մլն եվրո, որից նախնական տվյալներով շուրջ 2 մլն պետք է հատկացվի վերանորոգման աշխատանքների, իսկ մնացածը՝ տեխնիկայի և կահավորանքի համար: «Ցանկալի է, որ այդ ամբողջ տարածքը դառնա մեկ միասնական կենտրոն, որտեղ կինոգործիչներն իրենց գործունեությունը կծավալեն»,- շեշտեց Պետական գույքի կոմիտեի նախագահը:

Նախաձեռնության անդամների հետ հստակ պայմանավորվածություններ չունեն, քանի որ նրանց առաջարկներն ավելի շատ Մշակույթի նախարարությանը վերաբերող առաջարկներ են: Այժմ, ՊԳԿ-ն Մշակույթի նախարարության հետ նույնպես քննարկումների մեջ է և, երբ վերջնական հանգրվանի հասնեն այդ քննարկումներում ու հստակ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը՝ այդ ժամանակ գուցե քննարկվեն նաև նախաձեռնության անդամների ներկայացված առաջարկները:

Հեղինակ Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]