Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրությունը պետք է սկսի կիրառել այլ գործիքակազմ

Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրությունը պետք է սկսի կիրառել այլ 
գործիքակազմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները չեն դադարում հետապնդումները լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում երկրում «բազմամշակութայնության» և «հանդուրժողականության» առկայության մասին հայտարարություններին և այդ թեմաներով իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ: Օրերս ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանական Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկելու՝ դատարանի որոշման կապակցությամբ: Վերջինս հիշատակեց նաև 2017թ-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխտարլիի դեպքը, լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին հարգել լրագրողների ազատ արտահայտման իրավունքը:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, լրագրողների, ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները և ձերբակալությունները այն իրականությունն են, որոնց մասին խոսում են բոլորը՝ ամենատարբեր մակարդակներով, որոնց վերաբերյալ արվում են քննադատական հայտարարություններ, որոնց հետ կապված բազմաթիվ տվյալներ են ներկայացվում միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այնուամենայնիվ, Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի ձերբակալության մասին Ադրբեջանի դատարանի որոշման փաստն ինքնին խոսում է այն մասին, որ, թերևս, միջազգային հանրության կողմից հնչող քննադատությունները և զեկույցները միայն բավարար չեն զսպելու Ադրբեջանի իշխանություններին, ովքեր շինծու՝ իշխանության դեմ հրապարակային կոչերի, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով փորձում են լռեցնել այլախոհներին:

Ավելին, Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը վաղուց արդեն ներթափանցել է միջազգային, մասնավորապես, եվրոպական կառույցներ: Դրա վառ դրսևորումը ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կողմից Ադրբեջանի իշխանություններից ստացած գումարներն են, որոնք օգտագործվել են՝ «ստիպելու» պատգամավորներին գործել ի շահ Ադրբեջանի և լռել այնտեղ տիրող մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Արդյունքում, կրկին, Ադրբեջանի համար ամեն ինչ ավարտվել է միայն հնչող քննադատություններով և հորդորներով:

Այսպիսով, վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ իրականացվող  իր քաղաքականությունում սկսի կիրառել այլ գործիքակազմ, որոնք կլինեն առավել հստակ և որոշակիորեն կզսպեն Ադրբեջանի իշխանություններին: Նման գործիքներից, օրինակ, կարող էր լինել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելը: Հակառակ պարագայում, օրինակ, Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, այնուհետև Ադրբեջանի վետոյի իրավունքի կիրառման արդյունքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը կհետևի միջազգային այլ կառույցների ներկայացուցչությունների փակումը, ինչի արդյունքում երկիրը կդառնա անվերահսկելի, անկանխատեսելի և տարածաշրջանի կայունությանը սպառնացող: Իսկ այն, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը, հայտնի ճշմարտություն է, և Ադրբեջանի պարագայում  իշխանությունների անհանդուրժողականությունը դրսևորվում է ինչպես երկրի ներսում՝ սեփական բնակչության նկատմամբ, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Գրետա Ավետիսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]