Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը. Փաշինյան

Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու 
վստահությունը չչարաշահելը. Փաշինյան

ՎԱՆԱՁՈՐ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի աշխատանքները և այն բովանդակային առումով կայացած համարեց:

«Սա իսկապես նոր նշաձող է: Այս գաղափարը պետք է շարունակվի մյուս բոլոր մարզերում: Ներկա մարզպետները տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները պետք է չլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

«Միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում գործարար նոր հնարավորություններ կան և մեզ մնում է աջակցել այդ հնարավորությունները իրացնելու գործում: Մենք ուրիշ նորություն էլ ունենք, «Ամերիա» բանկն իր ծառայություններն է առաջարկել, որ բոլոր ներդրումային ծրագրերի ռիսկայնության գնահատում իրականացնի, գնահատի, թե այդ ծրագրերից որոնք են ռեալ, որոնք են ուշադրության արժանի, որոնք առավել հեռանկարայինները: Մենք պայմանավորվեցինք, որ այդ գնահատումից հետո առավել ուշագրավ ներդրումային ծրագրերի վերաբերյալ կառավարությունն ինքը տեղեկատվություն կտարածի` ներդրողներ ներգրավելու համար: Այս կարևոր քննարկման արդյունքում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որն իմ կարծիքով, տնտեսական հեղափոխության առումով առանցքային նշանակություն ունի: Սովորաբար Հայաստանում մինչև հիմա գործընկերային, կամ, ինչպես ասում են, կորպորատիվ ծրագրերը, որպես կանոն, ձախողվել են: Մարդիկ ավելի շատ խուսափում են, ասում են՝ ես իմ գործը դնեմ, իմ գլխի տերը լինեմ, ուրիշի հետ գործ չունենամ, բայց մենք այստեղ տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այս պահը շրջադարձային նշանակություն ունի: Ըստ նրա, Հայաստանում գործընկերային տրամաբանությունը հաճախ ավարտվում է խաբելով և Նոր Հայաստանում, այս առումով, պետք է նոր տրամաբանություն գործի:

«Ամեն գործընկեր պետք է առաջին հերթին բարձր պատասխանատվությամբ վերաբերվի այն գործընկերոջը, որի հետ գործ է անում: Սա շատ կարևոր է: Պոտենցիալ ներդրողների հետ շփումներում տեսնում եմ, որ այդ իներցիան դեռ կա: Բայց կարծում եմ՝ սա հին մտածողության արգասիք է, և պետք է բոլորս ջանք գործադրենք, որպեսզի Նոր Հայաստանում նոր տրամաբանություն աշխատի: Պետք է լինի գործընկերային նոր մշակույթ, պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից և պետք է մարդիկ ուս ուսի տան` ընդհանուր հաջողության հասնելու, ավելի մեծ հաջողության հասնելու, նոր մարդկանց ներգրավելու և նոր մարդկանց այդ հաջողության մասնակիցը դարձնելու համար: Սա իմ ամենակարեւոր եզրակացությունն է այսօրվա մեր քննարկումից: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն:

Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում: Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն, որն այն ամենակարևոր արժեքն է, որի վրա պետք է իսկապես դողալ: Փոխադարձ վստահության վրա հիմնված ձեռնարկատիրությունն ամենահաջողվածն է, դա երաշխիք է, որ այդ համատեղ ձեռնարկը հաջողություն ունենա:

Հույս ունեմ, որ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհանդիպեն, կհաստատեն նոր գործընկերություն, որում վստահությունն ավելի ու ավելի կբարձրանա, ինչպես բարձր է ՀՀ քաղաքացիների և նրա ընտրած կառավարության միջև առկա վստահությունը: Վստահությունն ամենակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը: Մենք այլեւս այն երկրում չենք, որտեղ նորաձև է խաբելը: Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը, այդ վստահությունը նոր ու ավելի կարևոր արժեք ստեղծելու հիմք դարձնելը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]