Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոռու մարզն իր հնարավորություններով հայտ է ներկայացրել էքստրեմալ տուրիզմի ոլորտում

Լոռու մարզն իր հնարավորություններով հայտ է ներկայացրել էքստրեմալ տուրիզմի 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու մարզը մեծ հնարավորություն ունի զբոսաշրջության ոլորտում ներկայանալու նորովի ու բազմապիսի ծրագրերով: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում իր ելույթում այս մասին նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտը նոր թափով զարգացնելու հնարավորություններ ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության ցանկում ընդգրկված մեր  պատմամշակութային հուշարձաններով, զարմանահրաշ բնությամբ, էկո, գաստրո, առողջարանային, ձմեռային տուրիզմի այլ տեսակների ակտիվացման շնորհիվ: Այսօր մարզն իր հնարավորություններով հայտ է ներկայացրել էքստրեմալ տուրիզմի ոլորտում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց մարզպետը:

Լոռու մարզպետը նշեց, որ պետությունն արդեն իսկ քայլեր է իրականացնում գործարար միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար: Այդ աշխատանքները կապված են ԱԱՀ-ի վճարումն հետաձգելու, վարկեր պայմանների բարելավման, հարկային, մաքսային քաղաքականության վերանայման հետ:

«Լոռու մարզում բոլոր ժամանակների անփոխարինելի արժեքը եղել և մնում է մարդկային ներուժը, պարզ անմիջական, աշխատասեր, համառ, նպատակասլաց լոռեցին , ով ուզում է ապրել, արարել և վաստակել իր հողում: Այսօր՝ այս բիզնես ֆորումի շրջանակում կներկայացվեն շուրջ 50 բիզնես նախագծեր: Ես պատրաստ եմ դառնալ կապող օղակ ներդրողների, բիզնես գաղափարների հեղինակների ու պետական կառույցների միջև: Լոռիում ներդրումային ծրագիր իրականացնող գործարարների հետ պատրաստ ենք աշխատել ամենօրյա ռեժիմով: Բանակցությունների սեղանին այս պահին մի քանի խոշոր նախագծեր կան, որոնց մասին կխոսենք ավելի ուշ»,-ասաց մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողություններին: Նա նշեց, որ մարզի համար վերջին տարիների ձեռքբերումներից է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը, որը դարձել է մասնագետների կրթման, ոլորտի ձեռնարկատերերին միավորող կենտրոն: Նա առանձնացրեց նաև Սմարթ կենտրոնի հիմնումը: Այսօր գործում է 24 սմարթ դասարան և 20 սմարթ լաբորատորիա:

Մարզպետը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում անելիքների մասին: Նա նշեց, որ արդի գյուղատնտեսության ոլորտում ավանդական եղանակներին փոխարինման եկած այլընտրանքային միջոցներն, ինտենսիվ այգիների հիմնումը, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, նոր ու եզակի անասնատեսակների բուծումն ու արտահանումը, ոչ ավանդական խոտաբույսերի մշակումը, սառնարանային տնտեսությունների հիմնումը մարզում ոլորտն առավել մրցունակ ու շահութաբեր դարձնելու միտում ունեն:

Մարզպետը նաև կարևորեց Լոռիում ենթակառուցվածքների բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am