Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արխիվի աշխատակիցները լիակատար աջակցություն են հայտնում տնօրենին. աշխատանքն ընթանում է բնականոն հունով

 Արխիվի աշխատակիցները լիակատար աջակցություն են հայտնում տնօրենին. 
աշխատանքն ընթանում է բնականոն հունով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները բարձր են գնահատում տնօրեն Ամատունի Վիրաբյանի ոչ միայն մասնագիտական, կառավարչական, այլեւ մարդկային արժանիքները։ Արխիվում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, տնօրենն ու աշխատակիցները արխիվում լարված հարաբերությունների մասին երբեմն մամուլում հայտնվող տեղեկությունները համարում են անհիմն, հավաստիացնում են՝ իրենց գործը կատարում են սիրով ու նվիրումով:

«Արխիվում նորմալ աշխատանքային մթնոլորտ է։ Լարված իրավիճակի մասին երբեմն հնչող մեղադրանքներն անհիմն են, առանց փաստերի, բամբասանքի մակարդակում»,- ասաց արխիվի թվայնացման գլխավոր օպերատոր Արուսյակ Սիմոնյանը, որ 1988 թվականից աշխատում է ազգային արխիվում։ Արխիվի առաջատար արխիվագետ Գեւորգ Կեսոյանը նշեց, որ աշխատակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ամատունի Վիրաբյանին։ «Եթե ինչ-որ մեկն անձնական խնդիր ունի, ավելի ճիշտ կանի հրապարակային հանդես գա, բարձրաձայնի այն խնդիրները, որոնք տեսնում է»,- հավելեց նա։ Գլխավոր արխիվագետ Անահիտ Քոչարյանի խոսքով՝ Վիրաբյանը ոլորտի լավագույն մասնագետներից է։ «Նման մարդուն պետք է արժանավայել, իր ավանդին համապատասխան ճանապարհել, բայց օրենքով սահմանված ժամանակը կգա»,- ընդգծեց արխիվագետը։ Նա արխիվում է աշխատում 2001 թվականից։

Ընթերցասրահի վարիչ Արմինե Հովհաննիսյանը հերքեց այն խոսակցությունները, թե արխիվում կան փակ ցուցակներ կամ ֆոնդեր։ «Չկա մեկը, որ գա ընթերցասրահ եւ առանց օգտվելու հեռանա։ Բոլոր ընթերցողներն իրավունք ունեն օգտվելու ցանկացած փաստաթղթից, պարզապես կան մի քանի փաստաթղթեր, օրինակ` բռնադատվածների անձնական գործերը, որոնք տնօրենի նայելուց հետո միայն կարող է քաղաքացին օգտվել»,- ասաց նա։ Նման մոտեցումը պայմանավորված է մարդու անձնական տվյալների պաշտպանությամբ, քանի որ ապրում են այդ մարդկանց սերունդները, եւ ցանկալի չէ, որ թշնամություն լինի։ Կան նաեւ անձնական ֆոնդեր, որոնցից օգտվելու համար ուսումնասիրողը պետք է թույլտվություն ստանա ոչ թե արխիվից, այլ տվյալ ֆոնդատերից։

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ևս փաստում է՝ աշխատանքային գործընթացում երբեմն առաջացող ցանկացած խնդիր արագ հարթվում է, նախարարության հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ են, խնդիրների շուրջ քննարկումները՝ կառուցողական: Վիրաբյանը աբսուրդ է համարում խոսակցությունը, թե իբր գումար է տվել դատախազությանը, որ արխիվի վերաբերյալ քննվող գործն իր ուզած ձեւով ընթանա։ «Ոչ մի կոնկրետ փաստ չկա, միայն երեւակայության արդյունք է։ Նման մեղադրանքն աբսուրդի ժանրից է։ Չէի մեկնաբանի, եթե այդքան լուրջ զրպարտանք չլիներ։ Զարմանում եմ, թե ինչպես կարելի է առանց փաստացի հիմքերի նման բան հայտարարել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե քաղաքացիներին տրամադրվող տեղեկանքների համար կրկին գումար է գանձվում, շրջանցելով նախարարության ցուցումը, Վիրաբյանը պարզաբանեց, որ այդ մասով խախտում չկա, բայց կան այլ ծառայություններ, որոնք վճարովի են։ Մասնավորապես, սեփականության, ծննդյան, ուսման, հայրենադարձության խնդիրներին առնչվող տեղեկանքները։

 Սոցիալական բնույթի տեղեկանքները անվճար են, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին շտապ կարգով է ցանկանում ստանալ այն կամ էլ պահանջում է լրացուցիչ աշխատանք։ «Վճարովի են Ռուսաստանում թոշակ ստանալու համար վերցվող ռուսերեն տեղեկանքները։ Երբեմն քաղաքացիները ուզում են իրենց երեսուն տարվա անընդմեջ աշխատավարձի չափը։ Այս դեպքում հինգ տարին անվճար ենք տալիս, բայց մնացածի համար քաղաքացին պետք է վճարի, քանի որ արխիվի աշխատակիցը լրացուցիչ աշխատանք է կատարում»,- մանրամասնեց տնօրենը։

Պարգեւավճարների մասով Վիրաբյանն ընդգծեց, որ ի տարբերություն պետական մյուս մարմինների, որոնք վճարվել են բյուջեից, արխիվի պարգեւավճարները հատկացվել են հիմնարկի արտաբյուջետային միջոցներից։ Ի դեպ, այս տարի բոլոր աշխատակիցները հավասար են ստացել, 40 հազար՝ սպասարկող անձնակազմը, եւ 50 հազար՝ արխիվագետներն ու մյուս աշխատակիցները, այդ թվում՝ Վիրաբյանը։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել արխիվային փաստաթղթերը հրատարակելու մասով։ «Արխիվային փաստաթղթերի ժողովածուները սկզբնաղբյուր են դառնում մեր պատմաբանների, դիվանագետների համար։ Դրանք տպագրվում են արխիվի միջոցների հաշվին, իսկ այդ աշխատանքն իրականացնողները ստանում են աշխատավարձ։ Այդ աշխատանքն իրականացնում է արխիվի գիտահետազոտական բաժինը»,- ասաց Վիրաբյանը՝ շեշտելով, որ այդ գրքերը չեն վաճառվում, այլ բաժանվում են Հայաստանի եւ արտասահմանի գրադարաններին, հետազոտողներին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]