Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

ԱՄՆ «shutdown»-ը և նրան հաջորդող ներքաղաքական ճգնաժամը


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար տևած «shutdown»-ը (ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցում) վերջապես հաջողվեց հանգուցալուծել: Օրեր առաջ ԱՄՆ նախագահը ստորագրեց բյուջեի օրինագիծ, որը թույլ կտա ֆինանսավորել կառավարության գործունեությունը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը:

Թվում է, թե ԱՄՆ նախագահի այս քայլը պետք է վերջ դներ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների միջև բյուջեի հարցում սուր հակասություններին, սակայն ոչ:

Հաստատելով բյուջեի օրինագիծն՝ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է ազգային արտակարգ իրավիճակի մասին: Համաձայն 1976 թվականին ընդունված ԱՄՆ ազգային արտակարգ իրավիճակի մասին օրենքի՝ ԱՄՆ նախագահն ունի երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավասություն: Քանի որ օրենքը չի սահմանում, թե ինչն է համարվում «արտակարգ իրավիճակ», նախագահն ինքը կարող է դա որոշել: Հետաքրքական է, որ օրենքի ընդունումից հետո ԱՄՆ նախագահների կողմից հայտարարվել է 59 արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանն իրականացնել գործողություններ, որոնք հակառակ պարագայում արգելվում են:

Իր իշխանության ընթացքում Դոնալդ Թրամփն արդեն երեք անգամ հայտարարել է արտակարգ իրավիճակ, որը նրան թույլ է տվել արգելափակել Մյանմայի, Նիկարագուայի որոշ անձանց ունեցվածքներն, ինչպես նաև ԱՄՆ ընտրություններին միջամտելու պարագայում սահմանել ավտոմատ պատժամիջոցներ: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ևս իր կառավարման շրջանում հայտարարել է 10 արտակարգ իրավիճակ, որոնք հիմնականում վերաբերում էին տարբեր անձանց սեփականության արգելափակումներին:

Իսկ ի՞նչ կտա արտակարգ իրավիճակի հայտարարումն ԱՄՆ նախագահին:    Արտակարգ իրավիճակը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին օգտագործել դաշնային ֆինանսական այն ռեսուրսները, որոնք բյուջեով նախատեսվում են այսպես կոչված «ոչ կարևոր» (non-crucial projects) ծրագրերի համար: Ուստի, համաձայն ամերիկյան մամուլի, որոնք հղում են կատարում Սպիտակ տան պաշտոնական աղբյուրներին, ԱՄՆ նախագահը պատրաստվում է բյուջեի նախագծով պատի կառուցման համար հաստատված 1.375 միլիարդ դոլարին գումարել 3.6 միլիարդ դոլար ռազմական շինարարության ֆոնդից, 2.5 միլիարդ դոլար՝ Պաշտպանության նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ֆոնդից և 600 միլիոն դոլար՝ Ֆինանսների նախարարության ակտիվների և դրամական միջոցների ֆոնդից: Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսականների հետ բյուջեի վերաբերյալ պայքարում, ԱՄՆ նախագահը ձգտում էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ստանալ 5.7 միլիարդ դոլար:

Իսկ ինչպե՞ս կարող է ԱՄՆ Կոնգրեսը հակազդել ԱՄՆ նախագահի այս քայլին: Նույն օրենքն ԱՄՆ Կոնգրեսին հնարավորություն է տալիս չեղարկել ԱՄՆ նախագահի այս որոշումը, եթե ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեն համապատասխան որոշում: Սակայն անգամ այդ պարագայում ԱՄՆ նախագահը հնարավորություն ունի կիրառել իր վետոյի իրավունքը, որը Կոնգրեսը կարող է շրջանցել միայն Սենատի և Ներկայացուցիչների պալատի  ձայների երկու-երրորդով: Սա, սակայն, ԱՄՆ օրենսդիր մարմնում ուժերի ներկայիս դասավորության պայմաններում իրատեսական չի համարվում:

Մյուս հնարավոր քայլը, որ կարելի է կիրառել ԱՄՆ նախագահի որոշման դեմ, դատական համակարգին դիմելն է: Ամերիկայի 16 նահանգներ, այդ թվում՝ Կալիֆորնիան և Նյու Յորքը, երկուշաբթի օրը դիմել են Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ Մեքսիկային սահմանակից շրջաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը արգելափակելու պահանջով: Ի պատասխան սրան՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վիճարկել ԱՄՆ դատարանների որոշումը Գերագույն դատարանում, որին պատկանում է վերջնական վճռի իրավունքը:  ԱՄՆ ներկայիս Գերագույն դատարանը, որը կազմված է 5 պահպանողական և 4 լիբերալ դատավորներից, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի ԱՄՆ նախագահին, ինչպես դա եղավ, օրինակ, ԱՄՆ նախագահի  որոշման պարագայում՝ արգելել  տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ զինված ուժերում:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս քայլը` ամերիկյան շատ վերլուծաբաններ, այդ թվում նաև ընդդիմադիր դեմոկրատներ պնդում են, որ այն ստեղծում է վտանգավոր նախադեպ: Համաձայն նրանց կողմից արտահայտված տեսակետի՝ նախկինում ԱՄՆ նախագահները դեռևս չեն օգտագործել արտակարգ իրավիճակ հայտարարելու իրենց իրավունքը՝ իրենց «անձնական ցանկություններն» իրագործելու համար: Անգամ որոշ հանրապետականներ են մտահոգություն հայտնել, որ Թրամփի այս քայլը կարող է դառնալ վատ նախադեպ, և հետագայում  դեմոկրատ նախագահները նույնպես կարող են իրականացնել իրենց այդ իրավունքը՝ անձնական  ցանկություններն  իրականացնելու համար: Թերևս այստեղ ամբողջ հարցն այն է լինելու, թե որքանով Թրամփին և իր թիմին կհաջողվի համոզել ԱՄՆ դատական համակարգի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ- Մեքսիկա սահմանին իրավիճակն իսկապես արտակարգ է:

 

Լիանա Հովհաննիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ