Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Շիրակի մարզը նոր ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության


ԳՅՈՒՄՐԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզը նոր ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության: Մինչ համընդհանուր կրթությանն անցնելը, մարզի 12 դպրոցներում անցկացվել է ուսումնասիրություն, որն իրականացվել է «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համագումարը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ:

Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն իրականացրել են ուսումնասիրություն թիրախ դպրոցներում: Ուսումնասիրությունների ընթացքում խնդիրների վերհանումը և իրավիճակի վերլուծությունը կատարվել է կոնկրետ դեպքերի հիման վրա: «2017 թվականին մեկնարկած այս ծրագրի նպատակն էր հայտնաբերել Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաներին և ուղղորդել դպրոց՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքը: 2017 թվականին՝ նշված ծրագրի մեկնարկից ի վեր սկսվեց դպրոցներում ներառական կրթության բարեփոխման գործընթացը, որը նպատակ ուներ կրթությունը դարձնել հասանելի բոլոր երեխաների համար: Ծրագրի իրականացման երկամյա ընթացքում մշակվեցին գործիքներ և մատնանշվեցին ուղիներ բոլորի համար որակյալ ներառական կրթություն ապահովելու նպատակով»,-ներկայացնելով ծրագրի նպատակը՝ նշեց ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը: Եվրոպական միությունը այսուհետ ևս պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությունը կրթական ոլորտում իրականացվող նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: Այս մասին նշեց Պյոտր Սվիտալսկին:

«Այս հարցը չափազանց կարևոր է մեզ համար: Որպես Եվրոպական միություն, կարևորում ենք հաշմանդամության և ներառական կրթության հետ կապված հարցը: Երբ իմ որդին 25 տարի առաջ դպրոց գնաց, դպրոցը տեղափոխվեց ներառական կրթության դաշտ և ծնողներն իմացան, որ իրենց երեխաների հետ միասին սովորելու են 4-5 հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, ծնողները բողոքեցին՝ նշելով, որ այս փոփոխությունը կխոչընդոտի իրենց երեխաների կրթական որակին: Դա տարիներ առաջ էր, իսկ այսօր Եվրոպայում ոչ մի ծնող իրեն թույլ չի տա նման բողոք արտահայտել ներառական կրթության վերաբերյալ: Եվրոպական միության համար կարևոր է աջակցել երկրի կառավարությանը համընդհանուր ներառականությունը խթանելու գործում»,-նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Երկար ժամանակ կրթության հատուկ կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաները կտրված են եղել հասարակությունից, փակվել հատուկ հաստատության դռների հետևում, և հասարակությունն ինքն էլ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու ու շփվելու նրանց հետ: Մենք պետք է այսօր պատրաստ լինեք բացելու մեր սրտերը և նմանատիպ երեխաներին հավասար կրթության հնարավորություն տալով»,-նշեց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը արդյունավետ դարձնելու համար ՀՀ ԿԳ նախարարությունն առաջիկայում ստանձնելու է առարկայական ուսուցիչների վերապատրաստում: Համագումարի ավարտին տեղի ունեցավ «Ներառման ինդեքս» գրքի շնորհանդեսը:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ