Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ոստիկանները հայտնաբերել են Դիլիջանում ինքնաձիգով սպանության փորձի մեջ կասկածվող անձանց 


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները Երաևանում հայտնաբերել և բերման են ենթարկել Դիլիջանի բնակիչ երեք տղամարդկանց, որոնք կասկածվում են նույն քաղաքում ինքնաձիգով սպանության փորձի մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 20-ին՝ ժամը 12-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձն ինքնաձիգով կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում ապրող 40-ամյա մի տղամարդու մեքենայի ուղղությամբ։ Վարորդը չի տուժել։ Կրակոցների հետևանքով վնասված «Լեքսուսը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 32 կրակված պարկուճ և ինքնաձիգի պահունակ։ 

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կազմակերպած և կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով ոստիկաններին հայտնի դարձավ նաև, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձինք դեպքից հետո եկել են մայրաքաղաք։ Փետրվարի 21-ին Դիլիջանի բնակիչ երեք տղամարդկանց ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքում և կասկածանքով բերման ենթարկեցին Դիլիջանի բաժին։ Բերման ենթարկվածներից մեկը դեպքի նախաքննությունը վարող մարմնի որոշմամբ ձերբակալվեց։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, որն, ըստ իրավապահների նախնական տվյալների՝ ձերբակալված տղամարդը թաքցրել է Դիլիջան-Իջևան ճանապարհի մոտակայքում։ 

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են տարաբնույթ միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները և դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց դերակատարումը պարզելու ուղղությամբ։ 

Կատարվում է նախաքննություն»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ