Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խոշորացման ճիշտ իրագործումն այն կարող է դարձնել ՀՀ ամենահաջողված բարեփոխումը. Սուրեն Պապիկյանի հարցազրույցը

 Խոշորացման ճիշտ իրագործումն այն կարող է դարձնել ՀՀ ամենահաջողված 
բարեփոխումը. Սուրեն Պապիկյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխարեն կստեղծվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նոր ստեղծվելիք գերատեսչության գործառույթների, կառավարության ծրագրում տարածքային կառավարման վերաբերյալ կետերի և մի շարք այլ թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

- Պարո'ն Պապիկյան, կառավարության նոր կառուցվածքի առաջարկվող նախագծով  ձեր ղեկավարած գերատեսչության անվանման մեջ «զարգացման» բառը կփոխարինվի «ենթակառուցվածքների» բառով: Գործնականում ի՞նչ փոփոխություն է սա ենթադրում կոնկրետ ձեր և նախարարության գործառույթներում:

- Եթե այսօր շրջանառվող նախագիծը փոփոխությունների չենթարկվի, ապա նախարարությունը կկոչվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Ասում եմ, քանի որ քննարկվելու է դեռևս նախարարական կոմիտեում, այնուհետև տեղափոխվելու է Ազգային ժողով, և քննարկումների մի նոր փուլ է անցնելու: Ենթադրվող նախարարությունն իր մեջ ներառելու է տարածքային կառավարման ոլորտը, Ջրային պետական կոմիտեն, Պետգույքի կառավարման կոմիտեն, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտ և ճանապարհաշինություն հատվածը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Նոր մոդելով մենք ունենալու ենք տարածքային կառավարումը և բոլոր ենթակառուցվածքներն իր մեջ ընդգրկող նոր գերատեսչություն:

   

- Ի՞նչ խնդիր է լուծում այս փոփոխությունը:  

- Մեր պետական կառավարման համակարգում հաճախ կրկնվող գործառույթներ ունենք: Հաճախ տարբեր գերատեսչություններ նույն բանը կատարող ստորաբաժանումներ ունեն, որի առկայությունը ճիշտ չենք համարում: Նաև այդ բազմաֆունկցիոնալ ու կրկնվող գործառույթներով նախարարություններին պետք է փոխարինելու գան նախարարություններ, որոնք հստակ գիտեն` ինչով են զբաղվում: Այսինքն` այդ լղոզվածությունը, երբ հաճախ խնդիրը կա, լուծողները, նույնիսկ, շատ են, երբեմն դժվար է գտնել, թե ով պետք է դա լուծի, որովհետև պատասխանատուն հստակ չէ: Այս պարագայում մենք կունենանք հստակ պատասխանատուներ, և կիմանանք` ումից ենք պահանջում, և ում առջև ենք դնում խնդիրը:

- Այս փոփոխությունների հետևանքով կրճատումներ չե՞ն լինելու:

- Կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները, բնական է, կկրճատվեն, բայց նախնական փուլում այսպիսի նպատակ կա, որ տեղի ունենա միավորումը, այնուհետև կրճատումն ու փոփոխությունները կատարվեն հընթացս: Հաշվի են առնվելու տվյալ մասնագետների որակները: Չեմ բացառում, որ կունենանք քննություններ, որոնց արդյունքում կհասկանանք, թե որ մասնագետը որքանով է համապատասխանում պետական կառավարման համակարգին: Նաև համակարգին նոր կադրերով համալրվելու հնարավորություն պետք է տանք:

 

- Փետրվարի 14-ին Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որում տարածքային կառավարման վերաբերյալ հատվածում նշված է, որ կվերանայվեն մարզպետարանների կազմակերպական կառուցվածքները: Ինչպիսի՞ վերանայումների մասին է խոսքը, և արդյոք այս համատեքստում հնարավոր են նաև մարզպետարանի ղեկավար համակարգի օպտիմալացումներ:

- Վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչներ փորձում են այդ գործընթացի նախաձեռնողի դերում հանդես գալ: Իրականում, սա սկսվել է հոկտեմբեր-նոյեմբերին: Ես, ամռանը մարզերում, համայնքներում լինելով, հասկացել էի, որ մարզպետարանների ուռճացված, լճացած համակարգը նույնպես փոփոխության կարիք ունի, և սկսած նոյեմբերից՝ մենք խորհրդատվական մի ընկերության հետ ձեռնարկեցինք ուսումնասիրություն Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում, և արդեն ունենք պատկեր` ինչպիսին պետք է լինի նոր մարզպետարանի կառուցվածքը: Այդ ընթացքում կրճատվելու են նաև փոխմարզպետների հաստիքները: Այս պահին մեր մարզպետարանների զգալի մասում՝ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում արդեն կա մեկ փոխմարզպետ: Մենք դեռ պետք է հասկանանք` հնարավոր է արդյոք մեկ փոխմարզպետի առկայությամբ բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները դնել մեկի վրա ու արդյունք ապահովել: Մեր հիմնական նպատակը ոչ թե անձանց կրճատումն է, այլ արդյունք ապահովելը: Իհարկե, այստեղ նաև ֆինանսի խնայման խնդիր կա:

- Այն մարզերում, որտեղ արդեն մեկ փոխմարզպետի հաստիք կա, հնարավո՞ր է եղել ապահովել այդ արդյունավետությունը:

- Այս պահին, որպես այդպիսին, խնդիր չկա: Մարզպետների հետ հերթական խորհրդակցության ժամանակ մենք կիմանանք, թե նրանց արձագանքն ինչպիսին է: Ստացվում է արդյոք այդ աշխատանքը, թե՝ ոչ: Բայց ես խնդիր չեմ տեսնում:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որը միտված կլինի ավագանու դերի բարձրացմանը: Ինչպիսի՞ լիազորություններ կտրվեն համայնքների ավագանիներին:

- Ավագանուն նոր լիազորություններ տալ պետք չէ: Պարզապես անհրաժեշտ է, որ ավագանին ինքն իր իրական լիազորություններն իրացնի, որը շատ դեպքերում չի արվում: Կարևոր փոփոխությունը համայնքապետի հետկանչման մեխանիզմի ներդրումն է: Գաղտնիք չէ, որ այսօր համայնքների մեծ մասում գործող գյուղապետերից խոր դժգոհություն կա, և կառավարությունից պահանջում են պաշտոնանկ անել գյուղապետին, այն դեպքում երբ կառավարությունը չունի նման լիազորություններ, և պետք էլ չի, որ այդ լիազորությունները ուղիղ լինեն: Աշխարհում հայտնի մեխանիզմ կա, դա հանրաքվեի ինստիտուտն է: Կարծում ենք, որ հանրաքվեի ինստիտուտը պետք է ներդնել համայնքներում նաև նման պարագաներում: Հիմա գրեթե ամեն օր ցույցեր կան Կառավարության շենքի դիմաց, պահանջում են պաշտոնանկ անել գյուղապետին: Ու նրանց մոտ երբևէ չկա այն վերջնական համոզումը, որ կառավարություն գնալուց հետո իրենց ցանկությունը բավարարվեց, որովհետև իրենց թվում է, որ, եթե կառավարությունը չի բավարարում պահանջը՝ գյուղապետին չի հեռացնում, ապա վերջ, այս իշխանությունները դարձել են այդ ոչ բարեխիղճ գյուղապետի գործընկերները: Բայց սա իրականության հետ որևէ աղերս չունի: Իշխանությունը պետք է պահպանի ՀՀ Սահմանադրության և օրենքներից բխող այն գործառույթները, որն ունի: Ավելին մենք անել չենք կարող:

 

- Համայնքների խոշորացման ծրագրի մասին խոսելիս արդեն տարիներ շարունակ նշվում է, որ պետք է փորձարկել դրա արդյունավետությունը: Ի վերջո, եթե այժմ հետ հայացք նետենք, որքանո՞վ է արդյունավետ կամ անարդյունավետ համայնքների խոշորացումը:

- Ես կարծում եմ, որ խոշորացումը խիստ արդյունավետ գործընթաց է, և ճիշտ կատարելու պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի վերջին շրջանի ամենահաջողված ու արդյունավետ բարեփոխումներից մեկը: Մենք այստեղ խնայում ենք միջոցներ, նաև տնտեսական որոշակի ակտիվություն ենք կարողանում հաղորդել համայնքներին: Ութ ամսվա ուսումնասիրությունների արդյունքում ես հանգել եմ այն եզրակացության, որ հետագա խոշորացումը պետք է լինի համայնքի բնակիչների հետ համաձայնեցված, նրանց հետ քննարկումների արդյունքում միայն: Այդ պարագայում մենք կունենանք հաջողված, խոշորացված համայնքներ: 

- Կառավարության ծրագրում նշված է, որ համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգին: Ի՞նչ խնդիր է լուծելու համամասնական ընտրակարգին անցումը:

- Համամասնական ընտրակարգի ներդրումը բերելու է իր հետ նոր մշակույթ. մերժելու է ազգակցական կապի հիման վրա կատարվող ընտրությունը, երբ մարդիկ գյուղապետ են ընտրում՝ հաշվի առնելով զուտ այն հանգամանքը, որ տվյալ անձնավորությունը կրում է նույն ազգանունը, որ ունեն են իրենք կամ իրենց հեռավոր բարեկամն է: Այսինքն՝ սկզբունք, որը ճիշտ չէ: Համամասնական ընտրակարգը սա կբացառի, նաև կբացառվի ուղիղ ընտրությունը: Այստեղ մենք արդեն կունենանք ավագանու և համայնքի ղեկավարի բալանսավորված հակակշռում:   

 

- Կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում տնտեսական հեղափոխության մասին խոսելիս անընդհատ ընդգծվում էր այն հանգամանքը, որ տնտեսական հեղափոխության իրականացմանը պետք է աջակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, օրինակ` ՀԴՄ կտրոն պահանջելով: Այս տրամաբանությամբ ինչպե՞ս ՀՀ քաղաքացին պետք է մասնակցի իր համայնքի զարգացման գործընթացին:

- Տնտեսական հեղափոխության իրականացման շրջանակներում գիտենք, որ տարեկան մինչև 24 մլն դրամ ֆինանսական շրջանառություն ունեցող փոքր ձեռնարկությունները կամ բիզնեսները չեն հարկվելու: Սա մեծ հնարավորություն է տալիս՝ համայնքներում բիզնես արտադրություն սկսել: Բայց ամենակարևորն ու առաջինը քաղաքացու պատրաստակամությունն է՝ աշխատել ու արարել սեփական երկրում: Երբ մենք կունենանք քաղաքացի, ով առավոտից երեկո մտածում է իր երկրի շենացման մասին, և դրանում փոքրիկ ջանք է գործադրում, այդ ժամանակ կունենանք այլ իրականություն: Կառավարությունը պարտավոր է ու պետք է ստեղծի հնարավորություններ, բայց անընդհատ օգնելու դեպքում մենք մարդուն հետ ենք վարժեցնում ու ինքը սկսում է չաշխատել: Քաղաքացին պետք է սրտացավ լինի ու հասկանա, որ այդ 5 լուման կամ դրամը, որը ՀԴՄ վերցնելու արդյունքում պետք է հայտնվի բյուջեում, իր գրպանում է: Այսինքն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետական բյուջեն ընկալի որպես իրենը: Հասկանա, որ դա իր հայրենիքի, իր երեխաների ապագայի ու իր պետության պաշտպանության համար է: Երբ մենք դրան չվերաբերվենք, որպես օտարի կամ մի գումարի, որից օգտվում է ինչ-որ արտոնյալ խավ, այդ ժամանակ մենք կունենանք այլ իրականություն, այլ մտածողությամբ հանրություն:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]