Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների 
մահվան դեպքերով հինգ քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը: Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ  համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ  Արտակ Կրկյաշարյանը:

Առաջիկայում կվերանայվեն աղմկահարույց 5 քրեական գործեր, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից:

Հնգյակում Վալերիյ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերն են, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:

«Աշխատանքային խմբի գործունեությունը միտված է նրան, որպեսզի ի հայտ բերվեն, եթե այդպիսիք կան, թերությունները, որոնք տեղ են գտել  քրգործերի նախաքննության ընթացքում:  Եթե փաստվի որևիցե խախտում կամ հանցագործության դեպք, որոնք տեղ են գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի»,- նշել է Արտակ Կրկյաշարյանը:

Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն մեկ անգամ համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաև արտահերթ նիստեր: Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:

Հարկ եղած դեպքում քննիչները կներկայանան պարզաբանումներ տալու:

Ճի՞շտ էին կասկածները տարբեր տարիների վաղեմության քրեական գործերի առնչությամբ, հաստատվելո՞ւ, թե փարատվելու են տուժողների, հարազատների առաջ քաշած վարկածները. Արտակ Կրկյաշարյանը վստահեցնում է` գործերը կուսումնասիրվեն ողջամիտ ժամկետներում, այդ ժամանակ էլ պարզ կլինի:

Առաջին հինգ գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով անդրադարձ կկատարվի կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրությունը ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]