Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես 
ոչնչացվի և ուղարկվի բանտ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանին տրվող վարկային, դրամաշնորհային միջոցների արդյունավետ ծախսմանը:

«Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծը: Մենք այսպիսի դրամաշնորհներ այս ընթացքում կրկին ստացել ենք և առաջիկայում կրկին կստանանք: Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները՝ մենք, ըստ էության, աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների էֆեկտիվ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է, մենք պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ- որ մի տեղ ինչ- որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: «Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը. ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ՝ դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը՝ նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչն է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Հակառակ դեպքում մենք այս գումարները վերցնում ի՞նչ ենք անում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է այս հարցի վրա բոլորն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն:

«Իհարկե, այս թեմաներով մենք աշխատանքային քննարկումներ ունենում ենք պարբերաբար և կրկին կունենանք: Բայց շատ կարևոր է, որ այս ուղերձը մենք շատ հստակ գիտակցենք»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]