Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ռազմական դոկտրինը կարդիականացվի. բարեփոխումներ են սպասվում ուժային բոլոր կառույցներում

ՀՀ ռազմական դոկտրինը կարդիականացվի. բարեփոխումներ են սպասվում ուժային 
բոլոր կառույցներում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱևՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմական նշանակության ամենակարեւոր փաստաթղթերից մեկի՝ ռազմական դոկտրինի մշակման վերաբերյալ քննարկումներ են սկսվել։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այս փաստաթուղթը, որն ընդունվել է 2007թ., կազմավորվում եւ փոփոխվում է՝ ելնելով քաղաքականությունից, հասարակարգից, արտադրողական ուժերի զարգացումից, նոր գիտական ձեռքբերումներից եւ հնարավոր պատերազմի սպառնալիքից։ «Այդ կարեւոր փաստաթղթի ժամկետն արդեն լրացել է, իսկ երկիրն առանց այս փաստաթղթի չի կարող պարզապես գործել։ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ արդեն քննարկումներ ենք ունեցել ինչպես նոր դոկտրինի մշակման, այնպես էլ ուժային կառույցների գործունեության վերաբերյալ։ Ռազմական դոկտրինը լինելու է այն ուղեցույցը, որով պետության տարբեր կառույցներ իրենց գործառույթները պիտի ունենան՝ ելնելով այս փաստաթղթի դրույթներից»,-ասաց Քոչարյանը։

Խոսելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջնահերթություններից, նա նշեց, որ փոփոխություն է սպասվում բոլոր ուժային կառույցների աշխատանքներում։ Պաշտպանության բլոկում արդեն հստակեցրել են առաջնահերթ քայլերը. «Մենք պարտավոր ենք մի փոքր արագացնել մեր գործողությունները, որովհետեւ այս տարիների ընթացքում, նաեւ 2016 թվականի ապրիլին երեւաց, որ շատ բաներ հայտարարել ենք, ոգեւորվել մեր մարտական փառահեղ անցյալով եւ կարծես թե անտեսել ենք այն, ինչի ուղղությամբ պետք է առաջնահերթ զարգացումներն արագացնեինք»։ Նախնական փուլում հանձնաժողովի առաքելությունը, Քոչարյանի խոսքով, լինելու է երկրի ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների նախարարության վիճակի ուսումնասիրությունը, որից էլ կբխեն այս կառույցների վերահսկելիությունը, հնարավոր փոփոխություններն ու արդյունավետ աշխատանքը։ 

«Դեռ առաջին քայլերն ենք անում, ընդամենը մի քանի օր առաջ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց։ Կազմակերպչական խնդիրների շուրջ հանձնաժողովի անդամների հետ ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրավված մեր անձնակազմի, զինվորական մասնագետների, փորձագետների եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հիմա արագ տեմպերով ընթանում է ճանաչողական գործընթաց, որից հետո կծնվեն աշխատանքային պլանն ու այն ուղղությունները եւ քայլերը, որոնք կլինեն մեր տեսադաշտում»,-նշեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հանդիպում է ունեցել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության կրթական ակադեմիայի տնօրենի հետ։

Պաշտոնյաները քննարկել են կրթական համակարգում կադրերի պատրաստման հարցը։ Քոչարյանի տեղեկացմամբ՝ այս ոլորտում մասնագետների պակաս կա, ակադեմիա են ընդունվում շատ քիչ թվով ուսանողներ. «Ռիսկերի կառավարումը հետաքրքիր ոլորտ է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ինքնին հետաքրքիր կառույց է։ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում էլ են անցյալ տարի քիչ թվով դիմորդներ ընդունվել։ Պետք է հասկանալ պատճառները եւ այդ կադրերի նկատմամբ վերաբերմունքը փոխելու լուծման բազմաթիվ լուծումներ առաջարկել»։
Օրենսդրական նոր նախաձեռնություններ կլինեն, սակայն դրանց մասին, ասում է, դեռ վաղ է խոսել։ Կառավարման որակը բարձրացնելու համար, եթե անհրաժեշտություն լինի փոփոխել գործող օրենքները, հարցը կբերեն հանձնաժողովի քննարկման դաշտ։ Մշակվող ցանկացած նոր նախաձեռնություն ուղղված է լինելու ուժային կառույցների՝ սոցիալական, կադրային, ծառայության, նյութատեխնիկական բազայի եւ մնացյալ բոլոր ոլորտների արդյունավետության բարձրացմանը։

Խոսելով բանակի մարտունակության եւ բանակաշինության ոլորտի բարեփոխումների մասին, Ա. Քոչարյանն ասաց, որ կառավարության ծրագրում բանակի զարգացմանը միտված հսկայական գլուխ կա մշակված. «Շատ բարդ հարց եք տալիս, որովհետեւ բանակների մարտունակությունը որոշվում է միայն ռազմական գործողությունների ժամանակ։ Պիտի գնահատենք նրանով, որ մեր սահմաններն այսօր ամուր են։ Կառավարության ծրագրում կան կետեր սպառազինության, կադրերի համալրման, սոցիալական փաթեթի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, ընդ որում՝ առանց թվերի։ Եվ շատ լավ է, որ բանակին առնչվող գլխում որեւէ թիվ չկա ներկայացված»։ Ուժային կառույցներից ոստիկանությունը նույնպես բարեփոխումների շեմին է։ Դրական փոփոխության առաջին քայլը, Քոչարյանի գնահատմամբ, ներքին զորքերի զորամասերի ծառայությունն է Հայաստանի սահմաններում։ 

«Նախկինում նրանք ստեղծված էին ժողովրդին ճնշելու համար, այսօր ծառայություն են մատուցում սահմաններում՝ օգնելով զինված ուժերին։ Բարեփոխումների ազդակը կա։ Կառույցում տեղի ունեցող փոփոխությունների, ոստիկանի մակարդակի բարձրացման, կրթական ցենզի ավելացման, ծառայության ընթացքին առնչվող այլ խնդիրները եւս մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են»,-տեղեկացրեց նա՝ նշելով, որ բարեփոխումների ծրագիր է մշակվում մասնավորապես ճանապարհային ոստիկանության համար։ Դրական մեծ տեղաշարժ է համարում նաեւ այն, որ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում այսօր ճանապարհային ոստիկանն անհիմն չի կանգնեցնում, կաշառք վերցնում։ Որպեսզի ոստիկանը նաեւ հաճույքով տանի իր ծառայությունը, կարծում է, որ ծառայության բովանդակության փոփոխությանը զուգահեռ Հայաստանում պետք է նաեւ մտածողության փոփոխություն լինի՝ ուժայինի եւ քաղաքացու շփման մեջ։ 

«Ոստիկանը պետք է հասկանա, որ իր աշխատանքը միտված է քաղաքացու անվտանգությանը, բայց քաղաքացին էլ իր հերթին պիտի հարգի ոստիկանի արդարացի պահանջները։ Նախկինում բացասական վերաբերմունք է սերմանվել դեպի այս կառույցը։ Այս մոտեցումը հարկավոր է փոխել, «կոտրել», որի համար ժամանակ է պետք։ Անձնակազմի գլխում էլ պետք է լինեն փոփոխություններ»,-հավելեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]