Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Մասիսում զարգացման նորաբաց կենտրոնները երիտասարդների շրջանում կբարելավեն անգլերենի իմացությունն ու աշխատանքային հմտությունները


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի կարևորագույն հմտությունների, այդ թվում՝  անգլերենի իմացության բարելավման հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկին՝ ծրագրի իրականացման համար և կարևորել դրա շրջանակում վերոնշյալ կազմակերպությունների ներդրումը՝ լսարանների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի տրամադրման հարցում: «Այս ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքներից զատ տիրապետել անգլերենին, որն առավել մրցունակ կդարձնի նրանց 21-րդ դարի աշխատաշուկայում: Նույն նպատակին է ծառայելու նաև  քոլեջում արդեն իսկ գործող կարիերայի կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը կխթանի տվյալ տարածաշրջանում զբաղվածության բարձրացումն ու գործազրկության նվազեցումը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ զարգացման կենտրոնների միջոցով հնարավորություն կընձեռվի ծրագրին մասնակից դարձնել նաև համայնքի այլ շահառուների: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ կենտրոններ ձևավորել այլ մարզերում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:

Ծրագրի շրջանակնում հուշագիր է ստորագրվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև:

Ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ՝ HSBC Հայաստանն իր վրա էր վերցրել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի երկու դասասենյակի հիմնովին վերանորոգման ծախսերը։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:  «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ