Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում 2019 թվականին կգործի ջրօգտագործող մեկ ընկերություն

Գեղարքունիքում 2019 թվականին կգործի ջրօգտագործող մեկ ընկերություն

ԳԱՎԱՌ 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում 2019 թվականին կգործի միայն «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը, իսկ նրա վերակազմավորման շուրջ ծավալված խոսակցությունները չեն ունենա համապատասխան ընթացք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը, նախորդ տարվա վերջերին քննարկվում էր «Գեղարքունիք» ՋՕԸ-ն երեք ընկերությունների վերակազմավորելու խնդիրը, նույնիսկ տրվել էր գործընթացի մեկնարկը, սակայն այս պահի դրությամբ կառավարության մակարդակով ժամանակավորապես դադարեցվել է ընկերության վերակազմավորումը, ինչը նշանակում է, որ այս տարի Գեղարքունիքում ոռոգման գործընթացը կսպասարկի 1 կազմակերպություն՝ «Գեղարքունիք» ՋՕԸ-ն, որը վերակազմավորվել էր 2016 թվականի վերջերին, «Գավառ», «Մարտունի», «Վարդենիս» ջրօգտագործող ընկերությունների միավորման արդյունքում:

Ըստ «Գեղարքունիք» ՋՕԸ ժամանակավոր պաշտոնակատարի՝ 2019 թվականին ընկերությունը նախատեսում է սպասարկել մարզի 37 համայնքների 12600 ջրօգտագործող շահառուների՝ 3100 հեկտար ցանքատարածքների վրա: «2019 թվականի փետրվարի 20-ի դրությամբ վարձավճարների գանձումը Գավառի տարածքում կազմել է 100, Վարդենիսի տարածքում ՝76,1, Մարտունու տարածքում՝ 69,7 տոկոս: Նախորդ տարվա կտրվածքով մեր մատուցած ծառայությունների դիմաց հավաքագրման ենթակա վարձավճարները կազմում են մոտ 71 միլիոն դրամ, որից այսօրվա դրությամբ չհավաքագրված գումարը կազմում է մոտ 20 միլիոն դրամ: Անելու ենք հնարավորը, որպեսզի մարտի վերջերին կարողանանք վարձավճարների գանձումը հասցնել 95-100 տոկոսի եւ հավաքված միջոցներն ուղղել համակարգում առկա խնդիրների լուծմանը: Փետրվարի վերջերից արդեն ձեռնարկելու ենք ոռոգման շրջանին նախապատրաստվելու աշխատանքները: Գավառի եւ Վարդենիսի տարածքներում անսարք վիճակում գտնվող խորքային հորերի 10, Մարտունու տարածքում գտնվող 7 պոմպերը եւ 1 շարժիչը պետք է ուղարկենք մայրաքաղաք՝ հիմնանորոգման: Բայց մինչ այդ պետք է մարենք հիմնանորոգող կազմակերպությանն ունեցած պարտքերը, որոնք գոյացել են նախորդ տարվա ընթացքում: Պոմպերի եւ շարժիչների նորոգման համար կպահանջվի 6-7 միլիոն դրամ: Հրատապ խնդիր է նաեւ աշխատավարձերի վճարումը, ինչը չի կատարվել վերջին 5-6 ամիսների ընթացքում: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, որպեսզի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար մեզ կառավարությունը տրամադրի 50 միլիոն դրամ: Պահանջված գումարի եւ վարձավճարների ամբողջական գանձման դեպքում մենք կկարողանանք կազմ ու պատրաստ դիմավորել ոռոգման շրջանը: Պոմպերի ու շարժիչի նորոգումից հետո կփորձարկենք դրանք, ինչից հետո կվերացնենք նաեւ խողովակաշարերում ի հայտ եկած վթարային իրավիճակները:Նորոգման աշխատանքներ կիրականացնենք քանդված ջրատարներում, 3-րդ կարգի ջրանցքներում:

Այս տարի ՀՀ կառավարություն ներկայացրել ենք հրատապ լուծում պահանջող 4 ծրագիր, որոնց լուծման համար պահանջվում է մոտ 19-20 միլիոն դրամ: Առաջին ծրագրով նախատեսում ենք Ծովինարի պոմպակայանի տանիքի նորոգում, երկրորդ ծրագրով՝ Աստղաձորի ջրընդունիչ ավազանի եւ ալիքապաշտպան շերտի կառուցում, երրորդ ծրագրով՝ Սարուխանի մոտեցնող ջրանցքի վերանորոգում եւ չորրորդ ծրագրով՝ Լանջաղբյուրի 12 հեկտար վարելահողերը ոռոգելի դարձնելու նպատակով 1 պոմպի տեղադրում եւ ջրատարի կառուցում: Բոլոր տեղերում աշխատանքները պետք է ավարտենք մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը՝ հուլիսի սկիզբը: Ընկերությունն այս տարի էլ ոռոգման սպասարկումը մոտ 85-88 տոկոսով իրականացնելու է մեխանիկական, 12-15 տոկոսը՝ ինքնահոս եղանակով: Մենք պետք է հավաքված կամ հատկացված յուրաքանչյուր դրամը ծախսենք արդյունավետորեն եւ եղած միջոցները նպատակաուղղենք համակարգի զարգացմանն ու արդիականացմանը»,-նշեց Հայկ Սհոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]