Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանն  ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներից կազմված խմբի անդամները փոխնախարարներին  ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ոլորտում Միացյալ նահանգներում առկա փորձը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատրաստակամ են համագործակցելու և փորձի փոխանակման շրջանակներում խմբի անդամների ստացած գործնական գիտելիքներն ի նպաստ ծառայեցնելու այլընտրանքային խափանման միջոցների կիրառման մեխանիզմները Հայաստանում առավել կատարելագործելուն:

Ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների համատեքստում փոխնախարար Քրմոյանը խմբի անդամներին ներկայացրել է առաջիկայում Պրոբացիայի էլեկտրոնային ծառայության ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչի արդյունքում կմեկտեղվեն պրոբացիայի շահառուների վերաբերյալ էլեկտրոնային այլ հարթակներում առկա տեղեկությունները:

Խմբի անդամները ներկայացրել են ամերիկյան մինչդատական ծառայության գործունեության մեխանիզմները և ունեցած գործիքակազմը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում կիրառվող «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի առավել գործուն և վերահսկելի մեխանիզմների ներդրման, ինչպես նաև տնային կալանքի ինստիտուտի ներդրման հնարավորություններին և մի շարք այլ հարցերին:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն խմբի անդամների ներկայացրած հայեցակարգային դրույթների ուսումնասիրման արդյունքում առաջարկների առավել գործնական կիրառության շուրջ նոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ