Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Կինեմատոգրաֆիստների միությունն իրավաբանական աջակցություն է առաջարկել Հովհաննես Գալստյանին


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին առաջարկում է իրավաբանական ծառայություն` միության ֆինանսավորմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Խաչատրյանը հայտնեց փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Հովհաննես Գալստյանը  դատի է տվել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, իսկ դատը հետաձգվել է: Գալստյանը ժամանակ չունի սպասելու. նրա առողջությունը վտանգված է: Մենք  մտահոգված ենք Գալստյանի առողջական վիճակով և կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսության գալ»,-նշեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ կողմերը պարտադիր պետք է  հասկանան միմյանց, քանի որ առողջությունից ավելի կարևոր բան չկա: «Մենք պատրաստ եք իրավաբանական լուրջ աջակցություն ցուցաբերել Գալստյանին, անել հնարավոր ամեն բան, որ արագացվի իրավաբանական խնդիրների լուծումը: Միության գեղարվեստական խորհուրդը, վարչությունը նորից  խնդրում են բոլորին օգնել կինոռեժիսորին, իսկ նրան կոչ ենք անում դադարեցնել առողջության համար վնասակար հացադուլը»,-եզրափակեց միության նախագահը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ էր իրականացրել: Ինը օր  հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն  միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել  կատարողականի մասին: Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ