Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի քաղաքային գրադարանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը

Գավառի քաղաքային գրադարանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ 
տարեդարձը

ԳԱՎԱՌ 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գրական- երաժշտական ցերեկույթին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մտավորականներ, գրադարանի ընթերցողներ:

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի գրադարանավար Վարդուշ Վարդանյանի կազմակերպչական ջանքերով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ, «Անուշ» եւ «Թմկաբերդի առումը» պոեմների բեմականացմամբ, Թումանյանի խոսքերով գրված երաժշտությունների կատարմամբ հանդես եկան Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ եւ քաղաքի այլ դպրոցների աշակերտները, ովքեր միաժամանակ հանդիսանում են քաղաքային գրադարանի ակտիվ ընթերցողներ: Տեւական ժամանակ բեմից հնչեցին Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները, իմաստուն մտքերը, կենսագրական տեղեկությունները, մեծանուն գրողների կողմից հայոց հանճարին տրված գնահատականները: Թումանյանի մասին ժամանակակիցների հուշերից ներկայացրին Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը եւ նույն դպրոցի Հ. լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արաքսյա Հակոբյանը:

«Թումանյանը, ինչպես փաստում են Հայաստանով ու Սփյուռքի տարբեր վայրերով մեկ իրականացվող միջոցառումները, ոչ միայն իր, այլ նաեւ նրան հաջորդող դարերի գրական հզոր շունչն է մնում: Այն, ինչին մենք այստեղ ականատես եղանք, խոսում է այն մասին, որ Թումանյանը հավերժորեն է մտել ամեն մի հայի սրտի ու հոգու մեջ, անկախ տարիքից ու մասնագիտությունից: Նրա ամեն մի բառն ու բանը վաղուց դարձել են մեր ժողովրդի հոգեւոր գանձարանի անբաժան մասը: Այս միջոցառումը մի համեստ տուրք էր Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին»,-միջոցառման ավարտին նշեց գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ Հովհաննես Թումանյանին 150-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվում է նաեւ մարզի մյուս բնակավայրերի գրադարաններում ու դպրոցներում: Առանձին կազմակերպություններում տեղի են ունենում գրքերի նվիրատվություններ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]