Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Արցախի ԱԳ նախարարը և Հարավային Օսիայի նախագահն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը փետրվարի 19-ին ընդունել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է գործնական կապերի պահպանման և ամրապնդման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և բանակցությունների անցկացումը:

Անատոլի Բիբիլովն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ