1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Սպանված պատանդներ. Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

Սպանված պատանդներ. Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հայության նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելուն ուղղված պետական քաղաքականությունը բազմիցս դրսևորվել է տարբեր հանգամանքներում հայերի դեմ գործադրված բռնությամբ և հանցագործություններով՝ ուղեկցվելով սույն արարքի հերոսացմամբ։ Նման իրողությունները շարունակական բնույթ են կրում թե՛ պատերազմական, և թե՛ խաղաղ պայմաններում՝ փաստելով, որ Ադրբեջանի մոտ այդպես էլ չի ձևավորվել «պատերազմի մշակույթն» ու հայերին այդ շրջանակից դուրս տեսնելու ունակությունը։ Երևույթի վառ օրինակ է հանդիսանում 2004թ-ին Բուդապեշտում Ադրբեջանի ԶՈւ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դեմ գործած առանձնակի դաժանությամբ հանցագործությունն ու Ադրբեջանում այդ հանցանքի համար ամենաբարձր մակարդակով վերջինիս շնորհված կոչումներն ու խրախուսումը:

Խաղաղ պայմաններում նման դեպքերի եղելությունը թույլ է տալիս պատկերացնել ռազմական իրավիճակում գործվող պատերազմական հանցագործությունների մասշտաբներն և մեթոդաբանությունը։2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ԶՈւ զինված ագրեսիայի ընթացքում վայրագության զոհ դարձած քաղաքացիականների և զինվորականների նկատմամբ կիրառված խոշտանգումների դեպքերը վկայում են Ադրբեջանի հասարակության շրջանում «հայ սպանելով հերոսանալու» մոտեցման դրական ընկալումն ու հարցի շուրջ այլակարծության պարադոքսի կատարյալ մերժումը։

Որպես օրինակ կարելի է դիտարկել ադրբեջանցի երիտասարդ հոգեբան Նարմին Շահմարզադեին, ով հայտնվել էր Ադրբեջանի հասարակության և ղեկավարության թիրախում՝ միայն կասկած հայտնելով Ադրբեջանի «ազգային հերոս» Մուբարիզ Իբրահիմովի «հերոսության» վերաբերյալ։

ՀՀ և Արցախի քաղաքացիների դեմ Ադրբեջանի չհայտարարված պատերազմը տարվում է բոլոր հնարավոր հանցավոր մեթոդներով, և միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը նպաստում է նոր հանցանքների կատարմանը։ Հայերի հանդեպ ատելությունն անպատժելիության և խրախուսման մթնոլորտում վերածվում է վայրագության և դաժան վերաբերմունքի քարոզի, որը կարելի է արձանագրել պատմության տարբեր ժամանակաշրջաններում Ադրբեջանում հայերի դեմ գործված ջարդերը կամ այդ երկրում գերության մեջ գտնվող հայ քաղաքացիականների նկատմամբ ցուցաբերված բռնություններն ուսումնասիրելիս, որոնք հաճախ հանգեցրել են մահվան։ Ադրբեջանի իշխանություններն անգամ ամիսներ շարունակ հրաժարվել են վերադարձնել սպանված գերիների մարմինները։ Մինչդեռ Արցախի կողմից ադրբեջանցի Է. Հուսեյնզադեի ազատ արձակումը հակադրության մեջ է դնում հայկական և ադրբեջանական կողմերի վարած քաղաքականությունը։ Արցախում գերության մեջ հայտնված ադրբեջանցիների նկատմամբ պահպանվում են միջազգային կոնվենցիաներով և նորմերով սահմանված իրավունքները, այդ թվում՝ նրանց նկատմամբ կատարվում է արդարացի դատավարություն։ Դատական գործընթացները լինում են բաց և միջազգային դիտորդների ու իրավապաշտպանների մասնակցությամբ։ Նրանք գտնվում են ԿԽՄԿ հսկողության տակ։ Ազատ արձակված Հուսեինզադեի օրինակը փաստում է, որ հայկական կողմը գերիների նկատմամբ ազգային պատկանելությունից ելնելով որևէ խտրականություն չի ցուցաբերում։

Մինչդեռ դա արմատապես տարբերվում է Ադրբեջանում տիրող իրավիճակից։ Վերջին 10 տարվա ընթացքում անզգուշորեն Ադրբեջանի տարածքում հայտնված հայ քաղաքացիականների նկատմամբ պետական մակարդակով կոպտորեն խախտվել են Ժնևյան կոնվենցիայի նորմերը։ Բոլորը ենթարկվել են կտտանքների, ինչն ապացուցվել է մահացածների դիակների հետաքննության ժամանակ, նրանց ստիպել են հարցազրույցներ տալ պատրաստի ելույթներով և հրապարակել դրանք։ Պատանդներից ոմանք սպանվել են տարբեր մեթոդներով։

Դեռևս 2008թ. հուլիսի 19-ին շարքային Գոռ Մանասյանը գերի է ընկել և գնդակահարվել։ Նրա մարմինը միայն օգոստոսի 5-ին է հանձնվել հայկական կողմին։ 2010թ. սեպտեմբերի 11-ին սահմանամերձ Թթուջուր գյուղի բնակիչ, 1990թ․ ծնված 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անհայտ պայմաններում գերեվարվել է ԱՀ ԶՈւ կողմից։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա գնացել է անտառ փայտ հավաքելու և չի վերադարձել։ Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են «հայ հետախույզի» ձերբակալման մասին և ադրբեջանական ANS հեռուստատեսությամբ ցուցադրվել է տեսանյութ, որում Սարիբեկյանը «խոստովանել է», թե «Ադրբեջան է գնացել ահաբեկչություն իրականացնելու համար, դիվերսանտ է և Ադրբեջանում դպրոց պայթեցնելու նպատակ էր հետապնդել»։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ հարցազրույցը եղել է հոգեբանական և ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման պայմաններում։ Մեկ ամիս գերության մեջ գտնվելու ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել նրան։ Հոկտեմբերի 5-ին ԱՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Սարիբեկյանն ինքնասպան է եղել և միայն մեկ ամիս անց՝ նոյեմբերի 4-ին, նրա դին կտտանքների հետքերով վերադարձվել է ընտանիքին։ Սարիբեկյանի ծնողները ՄԻԵԴ ուղարկած բողոքում նշել են, որ անկախ մահվան հանգամանքներից, ԱՀ-ն պատասխանատվություն է կրում մարդու կյանքի համար։

Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 1981թ. ծնված 33 ամյա Կարեն Պետրոսյանը 2014թ. օգոստոսի 7-ին մոլորվելով հատել է հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել Ադրբեջանի Արբուլաղ գյուղում։ Կարեն Պետրոսյանը ներկայացվել է որպես դիվերսանտ։ Ստիպողաբար փոխվել են սպորտային կոշիկները՝ զինվորականի։ Ցուցադրվել է զգալի քանակով զենք ու զինամթերք, որոնք իբր իր վրա է կրել, մինչդեռ ադրբեջանցի գյուղացիների խոսքերի համաձայն՝ նա անզեն է եղել, մտել է գյուղ, խնդրել է ծխախոտ, այնուհետև գյուղի թեյարանում նրան թեյ են հյուրասիրել։ Տարվել է զինվորականների կողմից դեպի տեղի կորպուսի շտաբ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, գրել են, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»։ Պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված։ Ադրբեջանական կողմը միայն երկու ամիս անց հոկտեմբերի 10-ին ՄԻԵԴ-ի որոշումից հետո հայկական կողմին հանձնեց ՀՀ քաղաքացի Կ. Պետրոսյանի դին՝ մի շարք բռնության հետքերով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն օգոստոսի 8-ին հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ «Կարեն Պետրոսյանին մահվան է հասցրել ադրբեջանական կողմը»: ԶԼՄ-ներով տարածած տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է գերեվարված անզեն բնակիչը անմարդկային վերաբերմունքի արժանանում, և Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, ում անմիջական մասնակցությամբ Կ. Պետրոսյանը ենթարկվել էր ստորացումների, տեղի ունեցածի հետ կապված որևէ պատասխանատվություն չկրելով, արդեն 2015թ. նշանակվել է Բաքվի կորպուսի հրամանատար։ Սարիբեկյանի և Պետրոսյանի գործերը հետաքննվում են ՄԻԵԴ-ում։ Մահվան դեպքեր արձանագրվել են ոչ միայն Ադրբեջանում գերության մեջ, այլև արդեն իսկ Հայաստանին փոխանցած գերիների շարքերում։ Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 1937թ ծնված 77 ամյա Մամիկոն Խոջոյանը, որը հոգեկան խնդիրներ ուներ, 2014թ. հունվարի 28-ին պատահականորեն հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել և իբրև դիվերսանտ է ներկայացվել։ Ենթարկվել է կտտանքների։ 2014թ. մարտի 4-ին կտտանքների և բռնության հետքերով փոխանցվել է հայկական կողմին, սակայն 2014թ մայիսի 20-ին նա մահացել է։

Հետաքննությունը ցույց է տվել, որ նա ենթարկվել է կտտանքների, մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ բռնության հետքեր և իսլամական խորհրդանիշների դաջվածքներ։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է կյանքին և առողջությանը վնաս ներկայացնող նյութ, ինչը և, հավանական է, հանգեցրել է մահվան։ Դեպքի առնչությամբ ՄԻԵԴ հայց է ուղարկվել: 2015թ. նոյեմբերին գործն ընդունվել է հետագա քննության համար։ Հայ գերիների նկատմամբ կիրառվել են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ճնշման տարբեր մեթոդներ, ինչը կարելի է գրանցել Ադրբեջանում ողջ պահվող հայ գերիների մոտ։ Հատկանշական է 2014 թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի օրինակը։ 2015 թ. հունվարի 12-ին Բաղդասարյանին այցելած ադրբեջանցի իրավապաշտպան Է. Բեհբուդովը հայտարարել էր, որ Բաղդասարյանն հայտարարել է, թե «իր կամքով է անցել ադրբեջանական կողմ» և չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Դատական լսումներից մեկի ժամանակ, սակայն, Բաղդասարյանն արդեն հայտարարել էր, որ ադրբեջանական դիրքեր է մտել ոմն գնդապետի հրամանով՝ ով սպառնացել էր հակառակ դեպքում քրեական գործ բացել նրա դեմ: Հետագա տարիների ընթացքում, այդ թվում՝ 2018 թ., ադրբեջանական կողմը Ա. Բաղդասարյանին օգտագործել է սեփական քարոզչությունն իրականացնելու նպատակով՝ վերջինիս հետ անցկացնելով հարցազրույցներ և հրապարակայնացնելով դրանք: Բաղդասարյանի նախկին և ներկա ելույթներում կարելի է գրանցել մի շարք հակասություններ և ադրբեջանական քարոզչության հստակ օրինակներ, այդ թվում՝ «Հայաստանում չեն սիրում ղարաբաղցիներին, նրանց միջև շատ լուրջ հակասություններ կան», «Հայաստանը ագրեսոր է և ոչ մարդասիրական» և այլն:

Այսօր ևս Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը: Վերջին օրինակը Կարեն Ղազարյանն է։ Հայկական կողմը ներկայացրել է նրա հիվանդության փաստերը և որ նա չի ծառայել բանակում, սակայն Բաքուն նրան հայտարարել է դիվերսիոն խմբի անդամ և փակ դատավարություն անցկացրել՝ հրապարակելով կադրեր, որոնք ուղեկցվել են մարդու իրավունքների և իրավական նորմերի խախտումներով։

Այսպիսով՝ ոչ միայն Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի [1, 2, 3, 4] և ռազմական հանցագործությունների, այլև վերջին տարիներին գրանցված մի շարք օրինակներով կարելի է փաստել ադրբեջանական հասարակության շրջանում հակահայկականության և հայատյացության խրախուսումն ու քաջալերումը, որը ծնում է այնպիսի հանցագործների, ինչպիսիք են ադրբեջանցիների «ռազմական առասպելաբանության հերոսներ» Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը, Իբադ Հուսեյնովը և հայկական գերության մեջ գտնվող դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը։

Սաթենիկ Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]