Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Թումանյանական շունչն ամենուր է. Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կայացավ գրքերի ցուցահանդես-վաճառք


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի ունեցավ գրքերի ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գրողի 150-ամյակին:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառք իրականացնելով՝ նպատակ ունեն հաճելի պահեր պարգևել ուղևորներին:

«Նախաձեռնությունը դեռևս նոր է, այդ իսկ պատճառով այս տարի միայն «Երիտասարդական»-ում է իրականացվում միջոցառումը: Ընտրել ենք հենց այս կայարանը, որովհետև ամենաշատ ուղևորահոսքը հենց այստեղ է լինում»,- ասաց Տաթև Խաչատրյանը:

«Երիտասարդական» կայարանում ցուցադրվում են Հովհաննես Թումանյանի արխիվային նկարներ, որոնք տրամադրել են թանգարանից:

«Ցուցադրության մեջ ներկայացված են Թումանյանի հուշերը և «Վերնատուն» շարքը, որտեղ տան անդամների ձեռագրերն են, նկարները»,- շեշտեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը:

Թումանյանի թանգարանի գրախանութը ներկայացնող Վաղարշակ Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տաղավարում ցուցադրված են Թումանյանի հեքիաթները, երեխաների համար խաղ-գրքեր:

«Չէի սպասում, որ այսպիսի հետաքրքրվածություն կլինի մարդկանց կողմից, բայց բավականին շատ են մարդիկ մոտենում: Այս պահին շատ են հետաքրքրում միկրո գրքերը, որտեղ տեղ են գտել Թումանյանի քառյակները: Այդ գրքերը բաղկացած են 10 հատորից»,- նշեց Վաղարշակ Ավետիսյանը և հավելեց, որ մարդիկ գրքերը կարող են գնել հենց Թումանյանի թանգարանի գրախանութից կամ պատվիրել դրանք:  

«Նոյան Տապան» գրախանութի ներկայացուցիչ Կրիստինա Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց տաղավարում ներկայացված են տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ ներառյալ Հովհաննես Թումանյանի:

«Հետաքրքրվածությունը մարդկանց կողմից կարծում եմ լավ է, արդեն գնումներ էլ են եղել: Առայժմ մանկական գրականությամբ են հետաքրքրվում»,- շեշտեց «Նոյան Տապան» գրախանութի ներկայացուցիչը:

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ