Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեցին պատգամավորները:

«Մենք, իհարկե, քննարկել ենք այլընտրանքային ճանապարհի հարցը: Խնդիրը պահանջում է քաղաքական լուծումներ: Խնդիրը տնտեսական չէ: Բայց առայժմ շտապողականություն չենք ցուցաբերում և չենք ասում, թե դա ինչպես է լուծվելու»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց` ինքը դիտարկում է այլ ճանապարհ` Իրանով դեպի Ռուսաստան, դեպի Աստրախան: Պատգամավորը նկատեց` պետք չէ միայն մեկ խնդիր դիտարկել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց` փետրվարի 6-ի հանդիպումը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև չի ստացվել, ընդհանուր հայտարարի չեն եկել: «Եվ Կալաշնիկովն ակնարկ արեց, որ այդ քննարկումները չեն դադարում տեղի ունենալ`  մասնավորապես Հարավային Օսեթիայի ճանապարհի հարցում: Շատ փակագծեր իրենք էլ չբացեցին: Ամեն դեպքում մենք նորից դիտարկում ենք ծովը որպես այլընտրանքային ճանապարհ: Երկու ծովային այլընտրանքային ճանապարհները դիտարկում ենք»,- եզրափակեց պատգամավորը:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը փետրվարի 4-ին հայտնել է, որ Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Հրապարակման համաձայն՝ կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018 թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին: Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011 թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: Պարբերականը նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:

Հայկական կողմը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, զերծ էր մնացել Վերին  Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները մեկնաբանելուց` բանակցային գործընթացին որևէ կերպ չվնասելու համար:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակում ԱԺ խմբակցությունների հետ հանդիպում է ունեցել փետրվարի 15-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ