Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կյանքի են կոչվում զբոսաշրջության ոլորտի զարգացման նորարարական գաղափարներ

Գեղարքունիքի մարզում կյանքի են կոչվում զբոսաշրջության ոլորտի զարգացման 
նորարարական գաղափարներ

ԳԱՎԱՌ 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի կողմից նախորդ տարվանից մշակվել եւ գործողության մեջ են դրվել զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրեր, որոնք շարունակվում են նաեւ այս տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ընթացքում գտնվող, ինչպես նաեւ նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ որոշակի հարցեր քննարկելու եւ համագործակցությունը շարունակելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանին եւ նույն ծրագրի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչ Արեգ Սինանյանին:

Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որտեղ ընդգրկված է Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամուտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրին մարզում իրենց կողմից ընտրված այն ծրագրերը, որոնցում նախատեսել են ներդրումներ կատարել եւ դրանք հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար: «Մենք ուսումնասիրել ենք գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունները եւ հեռանկարները Հայաստանի Հանրապետության 950 համայնքներում, գույքագրել բոլոր հիմնախնդիրները, ստեղծել շտեմարան, աշխատել մարզպետարանների եւ համայնքապետարանների հետ, ունեցել մոտ 400 համայնքային այցելություններ, հստակեցրել զբոսաշրջության զարգացման մի շարք նորարարական ուղղություններ:

Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք տուրիզմի զարգացման կենտրոն, որտեղ ակտիվ երիտասարդների առաջարկությամբ այժմ Գեղարքունիքի մարզում կյանքի ենք կոչում զբոսաշրջության զարգացման տարաբնույթ ծրագրեր: Այս պահին ծրագրեր ենք իրականացնում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Կարմիրգյուղ, Կալավան գյուղերում եւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ու Գավառի պետական համալսարանում: Կալավան գյուղում ներդրումներ ենք կատարում արկածային եւ գիտահետազոտական տուրիզմի կենտրոնի կառուցման ուղղությամբ: Այստեղ ակնկալում ենք համագործակցություն Կալավան տանող ճանապարհի հիմնանորոգման կամ բարեկարգման ուղղությամբ: Դրախտիկ գյուղում հիմնում ենք «Երամակ» անունը կրող ձիարշավարան, համայնքապատկան հյուրանոց եւ էկոարահետ, որը 16 կիլոմետր երկարությամբ ու լեռնային ճանապարհով Դրախտիկը կապելու է Կալավան գյուղի հետ: Հեռանկարային ծրագրում կարող ենք ընդգրկել Մարտունի քաղաքում ստեղծված ձիաբուծարանը, որի նախաձեռնող Տիգրան Բաղիշջանյանը զգալի հաջողություններ է արձանագրել ձիարշավային տուրիզմի զարգացման ոլորտում: Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում նախատեսել ենք ներդրումներ կատարել պանրի մառանի կառուցման ուղղությամբ, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել գինու եւ կոնյակի մեջ հասունացրած, հորած եւ պարմեզան տիպի պինդ պանիրներ: Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում ներդրումներ ենք կատարում գորգերի թանգարան ստեղծելու ուղղությամբ: Այստեղ արդեն ավարտվել են տանիքի նորոգման աշխատանքները, ձեռնարկելու ենք ներքին հարդարման աշխատանքներ:

Գավառի պետական համալսարանում հիմնելու ենք Գեղարքունիքի մարզի տուրիզմի զարգացման կենտրոն, որը նպաստելու է մարզի տուրիզմի զարգացմանը բազմաբնույթ ուղղություններում: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջարկությամբ մտադիր ենք Վարդենիսի տարածքում աջակցել գեոտուրիզմի զարգացման ծրագրի կյանքի կոչմանը: Կան նաեւ բազմաթիվ այլ նախաձեռնություններ զբոսաշրջության զարգացման տարբեր բնագավառներում, որոնք մտադիրն ենք կյանքի կոչել առաջիկա տարիների ընթացքում, մարզպետարանի, համայնքների, մարզի գործարարների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:Այդ նախաձեռնությունների որոշ մասը նախատեսում ենք ներկայացնել «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի մասնակիցների ուշադրությանը՝ հետագա համագործակցության ակնկալիքով»,-ներկայացրեց Արման Վալենսյանը:

«Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչ Արեգ Սինանյանը մարզպետարանի աջակցությունը խնդրեց Բերդկունք համայնքի վարչական տարածքում գտնվող պատմական բերդի մուտքի բացման հարցում: «Բերդկունք համայնքի տարածքում գտնվող պատմական բերդ- ամրոց տանող մուտքը փակված է սեփականատերերի կողմից՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների ազատ մուտքը դեպի պատմական կարեւոր հուշարձանի տարածք: Շատ անհրաժեշտ է, որ մենք համատեղ ուժերով ու շտապ կարգով գտնենք համատեղ լուծում»,-նշեց Արեգ Սինանյանը: Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով հանդիպումն ու համագործակցության առաջարկները, առաջ քաշված հարցերը, հայտնեց իր պատրաստակամությունը ծրագրերին աջակցելու հետ կապված հարցերում: «Ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը եւս ընդգրկված է ձեր ծրագրերում: Մենք ձգտում ենք, որ մեր մարզում հնարավորինս արագ եւ արդյունավետորեն զարգացնենք տուրիզմը իր բազմազան ուղղություններով: Ձեր կողմից ներկայացվող ծրագրերը բավական հետաքրքիր են իրենց մտահղացումների մեջ: Սակայն աշխատանքների ընդգրկուն ծավալը պահանջում է առավել սերտ համագործակցություն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարարների, միջազգային ու տեղական կառույցների հետ: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի գործարկմամբ մեր մարզը տարանցիկ մարզի կարգավիճակ է ձեռք բերել, մի հանգամանք, որը կարող է զարկ տալ տուրիզմի ամենատարբեր ուղղություններին, ուստի ցանկալի է նախաձեռնություններ հանդես բերել նաեւ այս ուղղությամբ: Ես լուրջ ակնկալիքներ ունեմ մեր համագործակցությունից»,- շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]