Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: 

Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ: Միաժամանակ, նա Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջիկա ծրագրերն ու անդրադարձել երկրի քաղաքական կյանքում առկա իրավիճակին:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ