Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանաստեղծի անմար հմայքի գրականագիտական իմաստավորումը

 Բանաստեղծի անմար հմայքի գրականագիտական իմաստավորումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի` «Արվեստը պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ» նշանավոր մտքի հետևությամբ կարող ենք ասել, որ մեծ գրողի ստեղծագործությունները որքան պարզ և ժողովրդականորեն սիրելի են և բխում են ամեն հայի հոգուց, նույնքան և բարդ են ու պահանջում են գրականագիտական խոր քննություն միջգիտակարգային ուսումնասիրությունների շրջանակում:

Անցնող տասնամյակների ընթացքում Թումանյանի գրական ժառանգությունը, կյանքը և գործունեությունը ենթարկվել են համակողմանի քննության, վեր են հանվել մեծ գրողի ստեղծագործությունների ժողովրդական անանց հմայքի ակունքները, խորը հումանիզմը և դիտարկվել հայ և համաշխարհային գրականության համատեքստում: Այս գործում առանձնակիորեն մեծ է Էդվարդ Ջրբաշյանի ավանդը:

Թումանյանագիտությունը այժմ, կարծում ենք, առավել պետք է ընթանա «տողային» վերլուծության ճանապարհով: Ամբողջական ուսումնասիրությունների կողքին պետք է խորը վերլուծվեն տարբեր տողերը, սյուժետային ընթացքը և առանձին դրվագները, որոնք կօգնեն ավելի խորը ըմբռնելու Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունը:

Նման աշխատանքը թելադրում է Թումանյանի ստեղծագործությունները դիտարկել տարբեր գիտակարգերի տեսանկյունից: Պատմագրական առումով՝  պատմական իրադարձությունների գեղարվեստական արձագանքը Թումանյանի ստեղծագործությունների մեջ, ինչպես նաև բանաստեղծի, որպես մտավորականի գործունեությունը ժամանակի պատմական համատեքստում:

Ազգագրությունը ևս հետազոտությունների երկու ուղղություն է ենթադրում. Թումանյանի ստեղծագործություններում առկա ժողովրդական հավատալիքների, սովորույթների և կենցաղի վերհանումը տեքստաբանական քննությամբ՝  ժամանակի մամուլի ազգագրական նկարագրությունները համեմատելով Թումանյանի երկերի համապատասխան տողերի հետ: Երկրորդ՝  Թումանյանը որպես ազգագրության տեսաբան և ծավալած գործունեությունը ազգագրական աշխատանքների կազմակերպման բնագավառում:

Հոգեբանական տեսանկյունից դեռևս գրողի կենդանության շրջանից քննարկվել են Լոռեցի Սաքոյի և Անուշի խելագարության պատճառները, թե որքանով են դրանք հոգեբանորեն հիմնավորված: Այս հարցի պարզաբանմանը և Թումանյանի կողմից գեղարվեստորեն վերամեկնաբանմանը կօգնի հոգեբանական գիտությունների և ազգագրական սովորույթների համադրական վերլուծությունը, թե ժողովրդական մի շարք սովորույթներ ու հավատալիքներ ինչպես են կանխորոշել գործողությունների հետագա զարգացումը՝ արտահայտվելով հոգեբանական տարբեր գործոնների միջոցով:

Թումանյանի ժողովրդայնությունը մեծապես պայմանավորված է ժողովրդական բանահյուսության, միջնադարյան գրական ստեղծագործությունների, համաշխարհային գրականության թափառական սյուժեների, էպիկական ժառանգության և հեքիաթների գրական մշակումներով:

Բանաստեղծի կենդանության օրոք այս հարցը քննվել է գլխիվայր շրջված, որպես թե սոսկական ընդօրինակություններ հիշյալ ստեղծագործությունների: Այսօր արդեն բնագրային-տողային վերլուծությամբ պետք է ցույց տրվի Թումանյանի ստեղծագործությունների կապը իր օգտագործած նախօրինակների հետ, մշակման այն սկզբունքները, որոնք երկրորդ կյանք ու ժողովրդայնություն են հաղորդել գրական այդ նախօրինակներին:

Թումանյանի մի շարք ստեղծագործությունների և տողերի ծալքերը անըմբռնելի են առանց փիլիսոփայական-աշխարհայացքային քննության, որը վերաբերում է նաև ընդհանրապես քսաներորդ դարի հայ դասական բանաստեղծության ուսումնասիրմանը:

Այս առումով կարևորվում է նաև բանաստեղծի գրական ժառանգության առավել մանրակրկիտ դիտարկումը համաշխարհային գրականության համատեքստում, մի կողմից Թումանյանի՝ տարբեր գրողներից կատարած թարգմանությունները և տարբեր ժողովուրդների գրականությունների ու գրողների մասին հայտնած կարծիքները և երկրորդ՝  գրական մեթոդի հարցերը՝  ժողովրդական ստեղծագործությունների մշակման Պուշկինի և Գյոթեի սկզբունքների կիրառումը:

Թումանյանագիտության բնագավառում մինչև այժմ եղած ուսումնասիրությունների հիման վրա հիշյալ բոլոր աշխատանքները տողային ծանոթագրությունների շրջանակում ներկայացվում են Թումանյանի տասհատորյակի վերահրատարակության մեջ:

Գրականության և արվեստի յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն, չփոխելով իր էությունը, տարբեր ժամանակներում ուղղակիորեն հարաբերվում է տվյալ ժամանակաշրջանի ըմբռնումների հետ և մեկնաբանվում այդ շրջանակում:

Նույնը վերաբերում է նաև Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությանը: 

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ                                                                     

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի  տնօրեն                                                              բանասիրական գիտությունների դոկտոր    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]