Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Կոշիկներից մինչև գրքեր. Թումանյանի անձնական իրերը հետաքրքիր պատմություններ ունեն

Կոշիկներից մինչև գրքեր. Թումանյանի անձնական իրերը հետաքրքիր 
պատմություններ ունեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվում են մեծ բանաստեղծի սիրելի և նվիրական իրերը. դրանցից շատերը մեծ նշանակություն են ունեցել հանճարեղ գրողի համար և իրենց հետքն են թողել նրա ստեղծագործական և անձնական կյանքում:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թանգարանի ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանի հետ, որը մեզ ներկայացրել է հետաքրքրաշարժ պատմություններ Թումանյանի համար թանկ իրերի մասին:

Ինչպես Հովհաննես Թումանյանի կոշիկներով խաղացին Համլետի դերը

«Վերնատանը հաճախ էր լինում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը և խաղում էր իր դերերը: Օհաննեսը նրան օգնում էր, ոգևորում, պաշտպանում մամուլի  էջերում: Երբ Գալֆայանն արտասահման էր մեկնել սովորելու, Օհաննեսը նրա համար դրամ հավաքեց և ուղարկեց»,-Նալբանդյանը մեջբերեց Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի հուշերից մի հատված՝ընդգծելով, որ Թումանյանի համար անչափ հետաքրքրական մարդ է եղել Գալֆայանը, որին գրողը մշտապես աջակցել է:

 «Մեծ գրողներից ամենից շատ սիրում էր Շեքսպիրին: Շեքսպիրի դրամաներից ամենաշատը սիրում էր «Համլետ»-ը և Համլետի համար պահանջում էր լավ խաղ: Ամեն անգամ վրդովվում էր, երբ դերասանները վատ էին խաղում Համլետի դերը: Նա ամենից շատ Ադամյանին էր հավանում` նրան համարելով իսկական Համլետ: Առհասարակ Ադամյանին շատ էր սիրում: Սիրանուշի Համլետը չէր սիրում, Կարապետ Գալֆայանի խաղից հավանում էր որոշ կտորներ և տեսարաններ»,-իր հուշերում գրել է Թումանյանի դուստր՝ Նվարդը:

Անահիտ Նալբանդյանը պատմեց, որ Կարապետ Գալֆայանը Համլետի դերը խաղալու համար բեմական կոշիկներ չի ունենում և Թումանյանին խնդրում է   ժամանակավոր տրամադրել իր տնային հատուկ կոշիկները, որոնք գրողը միմիայն տանն էր հագնում, քանի որ շատ հյուրեր էր ունենում և հողաթափերով անհարմար էր դիմավորել նրանց: Հարմարավետ ու գեղեցիկ կոշիկներով Գալֆայանն ի վերջո խաղում է Համլետի դերը:

«Այդ ժամանակ Թումանյանը մոտ քառասուն տարեկան էր.  ստեղծագործական բուռն շրջանը: Թումանյանը սերտ և ջերմ հարաբերություններ ուներ  ոչ միայն դերասանների, այլև  բազմաթիվ նկարիչների, գրականագետների, գրողների հետ»,-նշեց Նալբանդյանը:

Ղազարոս Աղայանի նվիրած ինքնատիպ բաժակները

«Հովհաննես Թումանյանը գրական ասպարեզ է մուտք գործել շատ երիտասարդ տարիքում և անմիջապես ձեռք է բերել ոչ միայն հայտնի գրողների, գրականագետների, այլև քննադատների բարեհաճ վերաբերմունքը: Նրանք   հասկացել են, որ տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ է  գալիս գրական ասպարեզ: Թումանյանի համար շատ կարևոր էր այդ մարդկանց հետ ընկերությունը, մտերմությունը, բայց  Թումանյանն անգնահատելի  էր համարում Ղազարոս Աղայանի ընկերությունը: Աղայանը Թումանյանից մեծ էր մոտ երեսուն տարի: Նա անտեսեց  տարիքային տարբերությունը, իր ճանաչումն ու սիրված լինելը և մտերմացավ Թումանյանի հետ՝ դառնալով նրա ընտանիքի լավ բարեկամը»,-ներկայացրեց ավագ գիտաշխատողը և հավելեց, որ Թումանյանի հոր աշխարհիկ անունն Ասլան էր, և Աղայանը Թումանյանին դիմում էր «Ասլան բալա»-ով, իսկ Թումանյանն Աղայանին նրա հեքիաթի հերոսներից մեկի՝ Ասլանի անունով կոչում էր Ասլան ապեր:

Գրողները մտերիմ էին նաև ընտանիքներով  և հաճախ էին միմյանց նվերներ տալիս: «Այս երկու հետաքրքիր բաժակներն Աղայանի և իր կնոջ՝ Նատալյայի նվերն են Թումանյանին և Օլգային»,-ասաց Նալբանդյանը՝ ընթերցելով Օլգայի հուշերից մեկը՝ կապված նվերի հետ: «Սովորաբար երեկոները երեխաներին տանում էի Արծրունու այգի զբոսանքի: Երեկոներն այդ նույն այգում զրույցի էին հավաքվում, գարեջուր խմում Օհաննեսը, Աղայանը, Պռոշյանը, Շիրվանը: Այս այգում 1902 թվականին՝ իր  քառասունամյա գործունեության հոբելյանի օրը, Աղայանն ընթրիք տվեց իր ընտանիքի հետ: Այդ օրը նա ինձ նվիրեց արծաթե գավաթ իր ափսեով  ու գդալով,  իսկ Օհաննեսին՝ արծաթե բաժակակալ ու գդալ»:

Թումանյանի սիրելի գրապահարանը

Թումանյանի աշխատասենյակում դրված է մի շատ հետաքրքիր գրապահարան, որը ձևով, ոճով տարբերվում է նրա ունեցած այլ պահարաններից և դրա մասին շատ հետաքրքիր հուշ ունի Նվարդ Թումանյանը: Նա գրել է. «Հայրիկի գրադարանն ու աշխատասենյակը հարստանում էին: Օրինակ՝ մի անգամ նա մի լավ ու գեղեցիկ գրապահարան էր  տեսել ու շատ էր ուզում գնել այն, որը ութսուն ռուբլի արժեր, բայց փող չկար: Եթե հայրիկը մի բան հավանում էր ու ցանկանում էր գնել, ուրեմն հասնում էր իր նպատակին: Նա նստեց ու սկսեց թարգմանել «Իլյա Մուրոմեց»-ը: Երկու օրից ավարտեց, տարավ խմբագրություն, գումարը ստացավ և գնեց գրապահարանը: Այդ  պահարանը մինչ օրս «Իլյա Մուրոմեց» ենք անվանում»:

Մեծ գրողի գրադարանը

«Թումանյանն ավարտուն կրթություն չի ստացել: Նա ընդունվել է երեք տարբեր դպրոցներ, որոնցում տարբեր պատճառներով կրթությունն ընդհատվել է: Բոլորս  Թումանյանին ճանաչում ենք որպես շատ խելացի, գրագետ և բազմակողմանի զարգացած մարդու: Այդ ամենին նա հասել է իր ընթերցասիրության և գրքի նկատմամբ ունեցած մեծ պաշտամունքի շնորհիվ: Նա  միշտ գրքեր էր գնում, կարդում դրանք, ուսումնասիրում: Թումանյանն իր տանը ստեղծեց մի հսկայական գրադարան, որտեղ կար տասը հազար կտոր գիրք տարբեր լեզուներով, տարբեր թեմաներով: Գրքերը պահում էր 13 գրապահարանում: Պահպանվել է 8000 գիրք: Դրանք գտնվում են թանգարանում կառուցված գրադարանում և պահվում են  հատուկ խնամքով և ուշադրությամբ»,-պատմեց ավագ գիտաշխատողը:

Նա շեշտեց, որ Թումանյանի գրադարանի հայագիտության պահարանում բացառիկ, հազվագյուտ ու հնատիպ գրքեր կան: Կան 1641, 1660 և 1668 թվականների տպագրություններ: «Դրանք  գրատպության ամենաառաջին գրքերից են:  1641 թվականինը   Խաչատուր Կեսարացու «Հարանց վարք» գիրքն է: Արտասահմանյան գրականությունից ունի Բայրոն, Շեքսպիր և այլ մեծությունների գործեր: Բարձրարժեք գրքեր կան նաև ռուս գրականությունից: Թումանյանը  չէր տիրապետում օտար լեզուների, և օտարալեզու գրականությունը կարդում էր բառարանների օգնությամբ: Մի առանձին պահարան բառարաններ ու  հանրագիտարաններ ուներ, որոնց օգնությամբ  ոչ միայն ընթերցում էր, այլև թարգմանում»,-ներկայացրեց Նալբանդյանը:

Արկղիկ, որում տարիներ շարունակ պահվել է ամենայն հայոց բանաստեղծի սիրտը

Հովհաննես Թումանյանը շատ ծանր և դաժան հիվանդությունից է մահացել: Երբ հայտնաբերվել է այն,  որոշվել է գրողին Բեռլին տեղափոխել, վիրահատել, բժշկել: Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ ճանապարհին՝ Մոսկվայում, նրա վիճակը սաստիկ վատանում է: Թումանյանին պառկեցնում են հիվանդանոց, որտեղ նա կնքում է  մահկանացուն: Թումանյանի որդին` Արեգը, խնդրում է տեղի  բժիշկներին, որոնք հատուկ քիմիական մշակման են ենթարկում Թումանյանի սիրտը, այն հանձնել իրեն: Սիրտը դնում են ֆորմալինի լուծույթի մեջ, և Արեգը հոր սիրտն իր հետ տանում է Թիֆլիսի իրենց տուն: Թումանյանի սիրտը 17 տարի գեղեցիկ արկղի մեջ պահվում է նրա տան աշխատասենյակում: 1940 թվականին Երևանի բժշկական համալսարանի նամակ-խնդրանքով սիրտը բերվում է Երևան ու ցուցադրվում է Բժշկական համալսարանի նորաբաց թանգարանում:  Այնտեղ սիրտը մնացել է մինչև 1994 թվականը: «Այդ տարի լրանում էր Թումանյանի ծննդյան 125-ամյակը: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ բանաստեղծի սիրտը տանում են Դսեղ ու թաղում են գրողի հայրական տան բակում: Հետագայում բանաստեղծի թաղված սրտի վրա մատուռ է կառուցվում»,-ասաց Նալբանդյանը:

1953 թվականին Երևանում բացված Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվող բոլոր ցուցանմուշները Թբիլիսիից են, որտեղ նա հանգրվանել էր երիտասարդ տարիքից: Առաջին հերթին թանգարան են բերվել միայն  Թումանյանի աշխատասենյակի իրերը: Հետագայում ամեն տարի մի քանի իր, առարկա, կահույքի մաս համալրել են թանգարանի հավաքածուն:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]