1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նա գործում էր միայն հանուն խաղաղության. Թումանյանի հասարակական գործունեությունը և քաղաքական հետապնդումները

 Նա գործում էր միայն հանուն խաղաղության. Թումանյանի հասարակական 
գործունեությունը և քաղաքական հետապնդումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է 19-րդ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները:

Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7:

1905-ի փետրվարին, երբ սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները, Թումանյանն իր ամբողջ էությամբ նվիրվեց հարազատ ժողովրդի ինքնապաշտպանության և երկու հարևան ժողովուրդների հաշտեցման գործին: Բաքվի կոտորածից (1905թ.փետրվարի 6-9-ը) անմիջապես հետո հայ և թուրք մտավորականների որոշմամբ Թիֆլիսում կազմակերպվում է ցույց, որի նախապատրաստման առաջին շարքերում էր Թումանյանը: Ցույցերն արվում էին ոչ միայն հանուն անդրկովկասյան ժողովուրդների հաշտության. դա եղել է նաև որոշակի վերաբերմունքի դրսևորում ցարական կառավարության, կոտորածների կազմակերպիչների դեմ: 1905թ. նոյեմբերի 22-ից ազգամիջյան սուր ընդհարումներ են սկսվում Թիֆլիսում, որից հետո Թումանյանն ընտանիքով տեղափոխվում է հայրենի Դսեղ և ամբողջովին նվիրվում Լոռու ինքնապաշտպանությանը: Նոյեմբերի վերջերին տեղի է ունենում Բորչալուի թուրքերի հարձակումը Թիֆլիսի վրա, միաժամանակ ուժեղանում են բանվորական գործադուլները: Լոռիում սկսվում են ագրարային շարժումներ, Հաղպատի գյուղացիները ապստամբում են տեղի կալվածատերերի դեմ: Ոստիկանությունը միմյանցից չէր տարբերում հեղափոխության տարբեր արտահայտությունները: Նրանց համար միևնույնն էին քաղաքի գործադուլավորը և իր կյանքը փրկելու համար զենք վերցնող հայ գյուղացին կամ սպիտակ դրոշակակիր բանաստեղծը: Ժողովրդի ինքնապաշտպանությունը համարվում էր տեռոր թուրքերի դեմ: Եվ քանի որ Թումանյանն արդեն վաղուց «կասկածելի քաղաքացի» էր, պահնորդական բաժնում նրա անունը մտնում է «տեռորիստ հեղափոխականների» ցուցակի մեջ:  Ցուցակի մեջ մտնում են հայ, վրացի, ռուս, հրեա հեղափոխականներ, տարբեր կուսակցության պատկանող: Յուրաքանչյուր անվան դիմաց գրված է կուսակցության պատկանելիությունը և ոստիկանության հսկողության մեջ նրանց տրված կեղծանունը. Թումանյանը հետապնդվում էր Жокей կեղծանունով: Հայտնի է, որ բանաստեղծը ինքնապաշտպանության գործին մասնակից էր Բաքվի կոտորածից անմիջապես հետո, տակավին գավառներում ընդհարումներ չսկսած: Նա հսկողության տակ էր 1905թ. փետրվարի 1-ից,  դեռ Բաքվի դեպքերից առաջ: Այստեղից և պահնորդական բաժնի վերոհիշյալ փաստաթղթերից հետևում է, որ բանաստեղծի 1908թ. բանտարկության պատճառը չպետք է փնտրել միայն 1905-06թթ. նրա գործունեության մեջ, դա միայն պատրվակ էր: 1905թ. սեպտեմբերից գաղտնի գրությունում  հաճախ է կրկնվում «Շմակովս» կեղծանունը. սա այն գործակալն է, որ հետևել է Թումանյանին հատկապես Լոռու, Բորչալուի շրջանում ու վայրիվերո, իրարամերժ տեղեկություններ ուղարկել բանաստեղծի մասին Թիֆլիսի ժանդարմական վարչություն: Մի տեղ Թումանյանն իբր միջնորդ է դաշնակցության ու գյուղական կոմիտեների, մի այլ տեղ` դատի է տրված դաշնակցությունից ինչ-որ գումար վատնելու համար կամ Իսահակյանի հետ մասնակից է տեռորիստական խմբակի, Քոլագերան կայարանում նրա հրամանով սպանվել են երեք թուրք և այլն: Նման մի անհեթեթ մեղադրանք հիշատակվում է Թումանյանի զինվորական նահանգապետ Զոլոտարյովին ուղղած պաշտոնական նամակում, որ իբր թե «բանաստեղծը սպանել է խեղճ անտառապահին` կողոպտելու նպատակով»: Նամակն անթվակիր է, բայց բոլոր տվյալներից երևում է, որ գրված է 1906-ի մայիսին, ճիշտ այն օրերին, երբ «Շմակովսը» հետևում էր Թումանյանին Լոռու շրջանում: 1906թ. մայիսի 18-ի գրության մեջ ներկայացվում է մի այլ «մեղադրանք». «Լոռու շրջանում նա, կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը: Նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում է գյուղերը…մինչև 500ռ….»:

Ճշմարտությունն այն է, որ Թումանյանն անխնա էր գողերի, ավազակների, խառը դրությունից օգտվող ու ամեն տեսակ օրենքներ ոտնահարող կալվածատերերի նկատմամբ: Բայց մատնիչը խորամանկ է, որպեսզի կարողանա պատճառաբանել Թումանյանի ազատ գործունեությունը, նրան համախոհ է հռչակում գավառի պաշտոնյաներին, հատկապես գավառապետին ու նրա օգնականին, պնդելով, որ վերջինները կաշառված են, Թումանյանի միջոցով դաշնակցությունից ստացել են 10.000 ռուբլի: 1906-ի մայիսի վերջերին Թումանյանն արդեն տեղյակ էր, որ իր գործունեությունից դժգոհ են Թիֆլիսի պաշտոնյաները և կարգադրություն է արված իր ձերբակալության մասին, բայց այդ լուրերին նշանակություն չտալով, բանաստեղծը շարունակում էր գործել Լոռիում, անձամբ շրջելով, աջ ու ձախ գրություններ ուղարկելով` պայքարում էր նույն սկզբունքայնությամբ:

1908թ. դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում  սկսում են ձերբակալություններ: Զոհերը մեծ մասամբ հայ մտավորականներն էին, կուսակցական թե անկուսակցական, մոտ 160 հոգի`գրողներ, ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն: Բոլորի մեղադրանքը մտնում էր նույն «Դաշնակցության գործ»-ի մեջ: Թումանյանը որդու` Մուշեղի հետ բանտարկվում է 1908թ.դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը: Բանտարկյալ Թումանյանի առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Թվարկելով իր անմեղությունն ապացուցող փաստեր, որոնք բոլորը կարելի է հաստատել պաշտոնական թղթերով, նամակներով, հեռագրերով ու կենդանի վկաներով, Թումանյանը գրում է, թե գործել է հեղափոխության եռուն շրջանում, և, չնայած դրան, առաջնորդվել է ո´չ կուսակցական մղումով կամ «…ո´չ  ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ խորը գիտակցությամբ ու մաքուր խղճով, դատելով իբրև գրող-բանաստեղծ, որը ծառայում է հանուն լավ և ազնիվ գործի: Այդպես եմ ես հասկացել ժողովրդի շահերը»: 

 Նա վրդովված էր, մանավանդ իրեն տրված «տեռորիստ» մեղադրանքից. «Դուք կարծում եք, որ ես ընդունակ էի ատրճանա՞կ օգտագործելու,-գրում է նա,-բայց ինչպե՞ս կարող էի ես չօգտվել մի զենքից` իմ բանաստեղծական տաղանդից և իմ գրչից, որոնք, հավատացեք ինձ, ավելի զորավոր են, քան բոլոր տեսակի ատրճանակները»: Խնդրագրերի մեջ Թումանյանը խնդրողի դերում չէ, այլ բողոքողի: Նա պահանջում է հայտնել իր մեղադրանքն ապացուցող բոլոր փաստերը, որպեսզի կարողանա մեկ-մեկ հերքել, հակառակ դեպքում ինքն էլ կարող է նմանվել այն մարդկանց, որոնք ամիսներով մնում են բանտերում և ապա անմեղ ճանաչվելով` ազատվում:  1909թ. մարտ-ապրիլ ամիսներին Թումանյանին վերաբերող գաղտնի գրությունների վրա հայտվում է քննիչ Լիժինի անունը, որը հայտնի էր իր դաժանությամբ: Տեսնելով, որ ժամանակ է պետք համոզիչ մեղադրական գործ ստեղծելու համար, նա համաձայնություն է տալիս երաշխավորությամբ ազատելու մի քանի բանտարկյալների, այդ թվում Թումանյանին, իսկ Մուշեղ Թումանյանը հինգ ու կես ամիս Մետեխի բանտում մնալով` անպարտ է ճանաչվում: Բանտից ազատվելուց հետո (1909թ. հունիսի 13-ից) Թումանյանի վրա ավելի խիստ հսկողություն է սահմանվում: Պահնորդական բաժինը հաճախակի գրություններ է ստանում, որ «Жокей»-ը Թիֆլիսում է, և «շարունակում է հանցագործությունները». օրինակ` հրաման է տվել տեռորիստներին «սպանելու մատնիչ Շահ-Աբաս Շահվերդովին», այսինչ օրը թաղման և ապա եկեղեցում հավաքույթի է գնացել Աղայանի, Փափազյանի հետ կամ, իր տանը հյուրընկալելով Իսահակյանին, Ս. Հակոբյանին, բժիշկ Ա. Թադևոսյանին, զրուցել է աշակերտական կազմակերպություն ստեղծելու, բանտարկությունների պատճառով Գևորգյան ճեմարանում և Ներսիսյան դպրոցում ուսուցիչների պակասի մասին և այլն: Սրանք տարբեր գրություններից քաղված «փաստեր» են, որոնք հաղորդված են նրա ամեն քայլի մեջ մտածված հանցանշաններ և ստեղծող հատուկ մարդու միջոցով:

Իրականում ինչո՞վ էր զբաղված Թումանյանը: 1909 թ., օգոստոսի 16-ին, երբ բանաստեղծը երաշխավորությամբ ազատվել էր կալանքից, նա մեկն էր այն ինը մտավորականներից, որոնց հրավիրել էր Ավ. Արասխանյանը` «Գրականագետներին, գիտնականներին, մանկավարժներին օգնող հայոց ընկերություն» ստեղծող հիմնադիր ժողովին մասնակցելու: 1910թ.ապրիլի 24-ին, Թումանյանը նույնպես ստորագրում է այդ ժողովի որոշած կանոնադրության նախագծի տակ: Արդեն ամռանը բանաստեղծը ստանձնում է «Հորիզոն» օրաթերթի խմբագրությունը, և մի նոր թափով մտնում հրապարակախոսական գործունեության մեջ, շարունակում է պատրաստել «Լուսաբեր» դասագրքի տարբեր տարիները, «Հայ գրողներ» քրեստոմատիայի II հատորը և այլն: 1911թ.հունվարին լուրեր են տարածվում պահնորդական բաժին, թե «Հորիզոն»-ի խմբագրատունը դաշնակցության ղեկավարների ժամադրավայրն է, և հունվարի 12-19-ը գաղտնի հսկողություն է սահմանվում խմբագրատան շուրջը: 19-ի ցերեկը խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Կրկնվել են Թումանյանին տրված նախկին բոլոր մեղադրանքները` նոր խմբագրումով և հարստացած քննիչ Լիժինի երևակայության նոր պտուղներով:

Բանաստեղծի բնակարանում չորս ժամ տևած խուզարկության եզրակացությունը ցույց է տալիս, որ ոստիկանությունը զենք է փնտրել և գաղտնի նամակագրություն, որովհետև ըստ լրտեսական տվյալների, իբրև թե Թումանյանն էր տնօրինում զենքի պահպանության գործը Թիֆլիսում և նրա տանն էր գտնվում դաշնակցության գաղտնի գրագրությունը: Այդպիսիք չհայտնաբերելով պահնորդական բաժին են տարվում մի փոքր դանակ, երկու բանալի, բանաստեղծի ձեռագրերը, ստացած նամակները և այլ նյութեր, որոնք հետո պաշտոնապես վերադարձվում են մեկ օր անց: Այնուամենայնիվ, Թումանյանին մեղադրելու համար հանցանշանների բացակայությունը չի արգելում, որ Պետերբուրգի կառավարական սենատի կարգադրությամբ, երաշխավորությամբ ազատված բանաստեղծը, 1911թ.հոկտեմբերի 31-ին նորից ձերբակալվի և տեղափոխվի Պետերբուրգ:

Այսպիսով, առանձին կարևորություն է ներկայացնում Հովհ. Թումանյանի և պահնորդական բաժնի փոխհարաբերության, բանտարկության և դատավարության պատմությունը: Ուշագրավ է այն, որ բանաստեղծը հուսահատության, հոռետեսության, արածի նկատմամբ ափսոսանքի որևէ զգացում չի ունեցել: Նույնիսկ դատավարության օրերին, տակավին պարզ չէր, թե ինչ վախճան է ունենալու գործը, նա ունկնդիր էր միայն իր ներքին ձայնին. «Լինել մաքուր ու արդար` էդ մեծ բան է: Դա տալիս է կայտառություն և ամեն, ամեն ինչ, և առողջություն»: Իհարկե, Թումանյանի ցուցմունքների ու դատի ժամանակ իր` ՀՀ դաշնակցության անդամ լինելը ժխտող փաստարկներով չի կարելի որոշել նրա` այդ կուսակցության մեջ լինել-չլինելու հարցը: Բացի ժանդարմական վարչության նյութերից, առայժմ միակ վկայությունը Արշակ Ջամալյանի հուշն է այն մասին, որ Թումանյանը 1905թ. ապրիլին դաշնակցության կովկասյան առաջին շրջանային ժողովին մասնակցել է որպես Թիֆլիսի կենտրոնական կոմիտեի անդամ: Սակայն նրան հետաքրքրողը միայն ինքնապաշտպանությունն էր, խաղաղությունը, որի սպիտակ դրոշը հակասում էր ցարական բյուրոկրատիայի` ժողովուրդների համար հնարած չար խաղին:

Բանաստեղծը կարողացավ ապացուցել, որ ինքը միայն խաղաղության համար է գործել և Պետերբուրգի կառավարության սենատի հատուկ ատյանում 1912 թ. մարտի 20-ին ազատ ճանաչվելով, ապրիլին վերադարձավ տուն:

Նյութի աղբյուր՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվող փաստաթղթեր

Պատրաստեց Կարեն Խաչատրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]