Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մարտ

«Էկո-աղբ»-ը ձևավորում է էկո-մշակույթ. անհրաժեշտ է տարանջատել թափոնն աղբից


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փոքր քայլերով՝ մեծ հաջողություն». այս կարգախոսով է առաջնորդվում «Էկո-աղբ» հասարակական կազմակերպությունը, որը հավաքում  է  արդեն իսկ տեսակավորված աղբը (մարտկոցներ, թուղթ, պլաստիկ, պոլիէթիլեն ու ապակի)՝ հասցնելով վերամշակման վայր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուղթը աղբ չէ» գաղափարի հիմնադիր և «Էկո-աղբ»-ի համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը պատմել է կազմակերպության,  իրազեկ քաղաքացու ձևավորման գործում իրենց քայլերի մասին:

-Ինչպե՞ս առաջացավ «Էկո-աղբ»-ը։

-«Էկո-աղբ»-ը ստեղծվել է «Թուղթը աղբ չէ» նախաձեռնությունից ամիսներ հետո: Անցյալ տարի փետրվարին հայտարարություն տարածեցինք և իրականացրինք «Թուղթը աղբ չէ» խորագրով ակցիա: Մտադրություն ունեինք ուղղակի մեկ անգամ հավաքել թղթե թափոնները՝ ցույց տալու, որ կարելի է այն ուղարկել վերամշակման, «նոր կյանք տալ»։ Նախաձեռնությունը շարունակություն պետք է չունենար: Սակայն քաղաքացիների պահանջը ստիպեց, որ  նմանատիպ ակցիաներ  պարբերաբար կրկնենք:

Համահիմնադիր Ծովինար Սարգսյանի հետ հուլիսից հիմնադրեցինք «էկո-աղբ»-ը: Դրանից հետո ամիսը երկու անգամ դարձրեցինք ակցիաները, և թղթի ծավալներն ավելացան. 200 կգ, հետո 300 կգ, հետո արդեն տոննաներ: Դրանից հետո, քաղաքացիների պահանջից ելնելով, սկսեցինք զբաղվել նաև պլաստիկի տեսակավորմամբ: Պարզվեց, որ Հայաստանում կան վերամշակման գործարաններ, նույնիսկ Երևանում կան մոտավորապես հինգ պլաստիկի վերամշակման գործարաններ: Այնուհետև արդեն սկսեցինք նաև զբաղվել մնացած թափոնների տեսակավորմամբ: Միակ կազմակերպություններից ենք, երևի, որ այս ամենով զբաղվում է առանց որևէ ֆինանսական աջակցության, փորձում ենք գտնել ընկերներ, գործընկերներ:

Փետրվարի 23-ին լինելու է, ես կասեի, «մեգա ակցիա», քանի որ ի զարմանս մեզ, մեր նախաձեռնության հետ համագործակցող մարդկանց, ընտանիքների  քանակը եռապատկվել է: Ունենք  երկու կետ, Զաքյան, 10 և «Արաբկիր» զբոսայգի», որտեղ հավաքում ենք բոլոր թափոնները, տեսակավորում և այդ տեղերից հասցնում վերամշակման վայր:

- Ո՞րն է ամեն ամիս իրականացվող «Թուղթը աղբ չէ», «Պլաստիկը աղբ չէ», «Ապակին աղբ չէ»  ակցիաների նպատակը:

-Ակցիանների նպատակն է կրթելը, քանի որ, եթե անգամ դրսում հատուկ աղբամաններ տեղադրվեին, միևնույն է, լինելու էին քաղաքացիներ, որոնք  պիտանի թափոնն աղբարկղն էին նետելու: Նրանց խրախուսում ենք աղբը տարանջատել թափոնից: Թափոնն աղբ չէ, այլ էկո-աղբ է: Ակցիաների շնորհիվ է, որ նրանք սովորում են աղբը տարանջատել թափոնից: Քաղաքացիներ կան, որ շատ զգույշ և հետևողական են. լվանում են պլաստիկե ամանները, խնամքով ծալում պոլիէթիլենային տոպրակները, իհարկե, կան նաև բացառություններ:

-Ինչպե՞ս տարանջատել աղբը թափոնից, չէ՞ որ ամեն ինչ էլ հնարավոր է վերամշակել։ Հարց է առաջանում՝ ի՞նչը կարելի է վերամշակել հայաստանյան պայմաններում:

-Աղբն այն է, որ մարդկանց գիտակցությունում զզվանք է առաջացնում, այն, ինչից ուզում է ազատվել: Այո, ճիշտ եք, ցանկացած աղբ կարելի է վերամշակել: Կան պոլիէթիլենի և պլաստիկի որոշ տեսակներ, որոնք այս պահին չեն մշակվում Հայաստանում: Թափոնն այն է, որի վրա մարդ ժամանակ է ծախսել՝ տեսակավորել: Հայաստանում վերամշակում են ապակու և թղթի բոլոր տեսակները, պլաստիկ (PP, PS, DET, HDPE, LDPE), պոլիէթիլեն, մետաղներ: Օրինակ՝ աղբի տոպրակներ կան, որ պոլիէթիլենային տոպրակների հումքից են ստանում: Այն պլաստիկե իրերը, որոնք կան շուկայում և վերամշակման արդյունքում են ստեղծվել եռակի անգամ էժան են թուրքականներից:

-Այս տարի լրացավ «թուղթը աղբ չէ»-ի մեկ տարին Ի՞նչ տեսանելի արդյունքներ ունեք։ Ի՞նչ դեռ պատրաստվում եք անել:

-Մոտավորապես 35 000 կգ թուղթ ենք փրկել աղբամանից: Յուրաքանչյուր հիսունութ կիլոգրամ թղթին համապատասխանում է մեկ ծառ, եթե այդպես հաշվենք մենք արդեն ավելի քան վեց հարյուր ծառ ենք փրկել: Մենք չգիտենք՝ ակցիաների հետ կապված հաջորդ քայլն ինչ կլինի, քանի որ ծավալները շատ են աճում, իսկ մենք քիչ ենք։ Ֆինանսների բացակայության պատճառով ամեն ինչ անվերահսկելի է դառնում: Սակայն նախագիծը, թվում է, հաջողված է, նույնիսկ շատ պաշտոնյաներ  օգտագործում են «թուղթը աղբ չէ» կարգախոսը՝ կոչ անելով չգցել թուղթը, այսինքն՝ նախաձեռնությունը տեղ հասել է: 

- Հանրային հետաքրքրություն կարելի է նկատել. մարդկանց մոտ կա՞ իրազեկվածություն, ինչու՞ է կարևոր թափոնի վերամշակումը, կամ այն, առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում: Արդյոք մեզ մոտ կա՞ այդ մշակույթը. մարդիկ սովորել են տեսակավորել թափոնը:

-Մենք նկատել ենք փոփոխություն, եթե վիճակագրությամբ  պատկերենք, ապա կարելի է աճ արձանագրել: Դրա մեջ, իհարկե, մեծ ներդրում ունեն նաև մյուս կազմակերպությունները: Այսինքն՝ արդեն մարդկանց գիտակցությանը հասնում ենք, արդեն իրենք իրենց մեջ կարողանում են ինչ-որ բան փոխել, էկո-մշակույթ է ձևավորվում: Կարող եմ փաստել, որ փոփոխություններ կան: Հիմա ամեն ինչ շատ վարակիչ է, շատ արագ է տարածվում:

-Ունե՞ք անդամներ, որոնք տեսակավորված թափոնները կանոնավոր բերում են Զաքյան,10 և «Արաբկիր» զբոսայգի:

-Սկզբնական շրջանում հասցեներ էինք նշում, մարդիկ մոտեցնում էին թափոնը: Հետո սկսեցինք կանոնակարգված, ամիսը մեկ անգամ մենք մոտենալ: Մենք ունենք գրանցումներ, որոնց միջոցով հստակ կարողանում ենք տեսնել, թե քանի մարդ է ավելացել: Մարդիկ մոտենում պարզում են իրենց հուզող հարցերը: Հոսքը աճում է: Ունենք անդամներ, որոնք մշտապես մեր կողքին են: Նրանք արդեն օգնում են մեզ՝ ինչ-որ հարցերի պատասխանելով, մարդկանց ուղղորդելով կամ պարզապես վարակելով իրենց հարևաններին:

-Կազմակերպությունն աշխատում է կամավորական հիմունքներով, իսկ դժվարություններ չե՞ն առաջանում։

-Բնականաբար, առաջանում են, շատ-շատ մարդիկ կան, որ պատրաստ են օգնել: Ունենք կամավորներ, որոնք մշտապես կարող են իրենց ժամանակից տրամադրել՝ օգնելու, Նրանցից նշեմ Կարինե Ավանյանի, Հրայր Դալլաքյանի, Արգիշտի Դարբինյանի, Սուսաննա Գևորգյանի, Էլեն Բաղդասարյանի անունները: Մենք խրախուսելու համար դիմում ենք տարբեր կազմակերպությունների, որ կամավորներին ինչ-որ փոքրիկ խրախուսական նվերներ տան: Բոլոր այն կամավորները, որոնք մշտապես մեր կողքին են, Yerevan Zipline Airlines-ով անվճար թռիչքի հնարավորություն կունենան: Մեր կամավորները մեծ նվիրումով են մոտենում նախագծին:  Օրինակ՝ Կարինե Ավանյանը ցույցերի է գնում ոչ միայն մասնակցելու, այլև հետո մարդկանց նետած պլաստիկ շշերը, վերամշակման ենթակա իրերը հավաքելու: Մյուս կամավորը հրաժարվել է իր ծննդյան օրվա առթիվ ակնկալվող նվերներից՝ փոխարենը գումար  հավաքելով, որպեսզի հոգա թափոնների տեղափոխման ծախսերը:

- Ու՞ր եք տանում արդեն հավաքված, տեսակավորված թափոնը: Ի՞նչ եք ստանում վերամշակման արդյունքում։

-Թափոնները տեսակավորված գնում են վերամշակման կետեր: Այս պահին կա մշտական համագործակցություն երեք կազմակերպությունների հետ: Հավաքված թուղթը գնալու է «Հաշ» գրուպս, պլաստիկը ամբողջությամբ գնալու է «Արմ պլաստ», ապակին՝ հավաքման կետ, որտեղից մեզ հետ համագործակցողն այն տեղափոխելու է վերամշակման գործարան՝ Սարանիստ գյուղ: Պլաստիկի հումքից պատրաստում են օճառի աման, ճանճասպան, կախիչ, գոգաթիակ, տարատեսակ ամաններ, սինթետիկ մայկաներ: Թղթից ստանում են զուգարանի թղթի տարբեր տեսակներ: Ստվարաթղթի վերամշակմամբ ստանում են ստվարաթուղթ: Որոշ շշեր լվացվում կրկին են օգտագործվում, իսկ որոշ շշեր վերամշակվում են:

-Ի՞նչ խնդիրներ կան աղբի վերամշակման ոլորտում։

-Վերամշակողներից շատերը չեն ցանկանում աշխատել փոքր քանակների դեպքում. ձեռնտու չէ, ծախսատար է: Քանի որ այդ ամենը իրենք աղբավայրերից շատ ավելի էժան գներով են ձեռք բերում: Իսկ աղբավայրերում աշխատում են մարդիկ, մեզ նման,  որտեղ առնչվում են տարատեսակ հիվանդությունների։ Նրանք, ոչ ցանկալի պայմաններում աշխատելով, տարանջատում են թափոնները: Դա ես շատ մեծ խնդիր եմ համարում, քանի որ հենց այդ նույն մարդիկ կարող են սանիտարահիգիենիկ պայմաններում աշխատել: Բացի այդ, աղբի զգալի մասը կորչում է. այն ևս կարելի էր հումքի վերածել: Տեսակավորված աղբամանների բացակայությունը նույնպես խնդիր է: Քաղաքապետարանին ծրագիր ենք ներկայացրել, դրական պատասխան ենք ակնկալում:

-Արդյոք վերամշակման գործարաններ կա՞ն և դրանք բավարա՞ր են։

-Երևանում միայն հինգ-վեց գործարան կա, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ, կան նաև մարզերում: Թղթի վերամշակման կետերն անթիվ, անհամար են: Բայց, միևնույն է, շատ թափոններ ենք կորցնում։ Սա՝ վստահաբար:

Հարցազրույցը՝ Էլիզա Բալայանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ