Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սիրիա. ՀՀ ազգային շահերից բխող քաղաքականություն


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մասնագետների տեղակայումը Սիրիայում կարևոր քայլ է հանդիսանում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս որակական նոր հարթություն տեղափոխել հայ-սիրիական հարաբերությունները՝ դրական ֆոն ստեղծելով ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում պրոակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու համար:

Ինչպես հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբն (ընդհանուր՝ 83 անձ) արդեն տեղակայվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:

Մարդասիրական առաքելություն ուղարկելու նախաձեռնության մասին հայտնի դարձավ 2018թ. սեպտեմբերին: Ինչպես և ի սկզբանե նախատեսվում էր, ծրագիրը ռազմական բաղադրիչ չի ունենալու. հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ:

Հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո՝ իր գործունեությունը համակարգելով ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ռուսական կողմի հետ: Ի դեպ, Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ստանձնած դերակատարումը:

 

Հնչող արձագանքներն առավել քան կանխատեսելի էին

 

Հայկական կողմը բազմիցս հստակ հայտարարել է, որ հայ մասնագետների տեղակայման հարցը Հայաստանը քննարկել և շարունակում է քննարկել գրեթե բոլոր գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ առաքելության հումանիտար բնույթը ներկայացվել է բոլոր շահառու կողմերին: Հատկանշական է, որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների և Սիրիայում տարբեր ուժերի շահերի բախման ֆոնին հայ մասնագետների տեղակայման վերաբերյալ հնչող արձագանքներն առավել քան կանխատեսելի և սպասելի էին: Այդ շարքից էր նաև ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները «չի աջակցում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությանը» և «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանն այս առաքելության նպատակով»: Կարևոր է ընդգծել, որ նույն Միացյալ Նահանգների պարագայում, առկա է այն ընկալումը, որ Սիրիայում հայկական առաքելությունը մարդասիրական բնույթ է կրում: 2018թ. սեպտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները ևս մտահոգ են Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով և հասկանում են Սիրիայի հայ բնակչությանն օգնելու Հայաստանի կառավարության ցանկությունը»: Համանման դիրքորոշում է արտահայտել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018թ. հոկտեմբերին Հայաստան կատարած այցի շրջանակներում՝ կարևորելով այն հանգամանքը, որ «սա ռազմական օգնություն չի լինելու, այլ զուտ մարդասիրական»:

Սա նշանակում է, որ ներկա փուլում առանձնակի կարևորություն է ստանում գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ քննարկումների շարունակությունը Սիրիայում հայկական առաքելության հումանիտար բնույթը ներկայացնելու համար: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական առաքելությունը Սիրիայում իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ, ինչը ևս մեկ անգամ փաստելու է առաքելության իրական էության և նախանշված նպատակին հետևելու մասին:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով եվրոպական երկրներում խորացող միգրացիոն ճգնաժամը՝ առավել քան բնական է, որ եվրոպական երկրները ևս պետք է դրական վերաբերմունք ունենան հայկական գործողությունների նկատմամբ, որոնք, ըստ էության, միտված են տեղում հումանիտար աջակցության տրամադրմանը (այդ թվում նաև դեպի Եվրոպա միգրացիայի կանխարգելմանը) և սիրիացի փախստականների վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է հայ մասնագետների տեղակայման համար անհրաժեշտ իրավական հիմքերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։ Միևնույն ժամանակ, նշվել է, որ Սիրիայի լիազորված գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ներկայացրել, որին էլ հայկական կողմն արձագանքել է։ Սիրիայի տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

Հայաստանի առաջնային նպատակը Սիրիայի հայ համայնքին օժանդակելն է

 

Հայ մասնագետների՝ Սիրիա գործուղման առաջնային նպատակը հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ սիրիահայ համայնքին օժանդակելն է, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից: Հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից նման առաքելության իրականացումը կարող է դրական դիտարկվել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում, ինչը ևս բխում է ՀՀ ազգային շահերից:

Պատահական չէ, որ հայ մասնագետները տեղակայվելու են հենց Հալեպ քաղաքում և գործելու են հիմնականում հայաբնակ շրջաններում: Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Հայաստանը չի կարող Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր դիտորդի կեցվածք ընդունել:

 Ի վերջո, այս քայլը չի կարող ողջ գործընթացից անջատ ընկալվել: ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերում Սիրիան և սիրիական հակամարտությունը առաջնային տեղ են գրավում: Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունները պահպանելու և սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանը պահպանել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Ավելին, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը միակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունն է, որը վերջին տարիներին շարունակել է իրականացնել իր գործունեությունը պատերազմական  պայմաններում:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել երկրում մարդասիրական աղետի հաղթահարման գործում՝ այդ թվում նաև պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկելով ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Սիրիայի բարեկամ ժողովրդին օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, Հայաստանն այս տարիներին ավելի քան 22 հազար փախստական է ընդունել Սիրիայից՝ դառնալով բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ փախստականներ ընդունած երրորդ երկիրը Եվրոպայում:

Հատկանշական է նաև հայ մասնագետներին Սիրիա գործուղելու համար ընտրված ժամանակահատվածը: Սիրիական հակամարտության ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար իր ավարտին է մոտենում, և պաշտոնական Դամասկոսը զգալի հաջողություններ է գրանցում մի կողմից արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վերականգնման, մյուս կողմից՝ երկրի վերակառուցման ճանապարհին: Այս գործընթացը զգալի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի և Սիրիայի հայ համայնքի համար: Հայաստանի կողմից Սիրիայում նման առաքելության տեղակայումը կարող է դրական խթան հանդիսանալ Սիրիայի վերականգնման գործընթացում Հայաստանի հնարավորինս արդյունավետ և շահավետ ներգրավման համար:

Ընդ որում, հայ-սիրիական համագործակցությունն ակտիվացնելու հարցում առկա է երկուստեք պատրաստակամություն: 2018թ. դեկտեմբերին հայ գործարարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց մասնակցությունը Սիրիայի վերականգնման ջանքերում առավել գերադասելի է Դամասկոսի համար: Հետևաբար, այս փուլում հայկական կողմի նախաձեռնողականությունը կարող է իր զգալի նպաստը ունենալ համապատասխան ոլորտներում համագործակցությունը հարթելու համար:

Արփինե Հովսեփյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ