Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանին

Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին այցելել է Մատենադարանի մոտ հացադուլ իրականացնող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կինոռեժիսորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Փետրվարի 17-ին` հացադուլի 15-րդ օրը, մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,-գրել է Գալստյանը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ էր իրականացրել: Ինը օր  հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ:Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն  միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել  կատարողականի մասին: Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]