Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը շարունակում է  լեփ-լեցուն  դահլիճներ հավաքել նաև  սփյուռքում


ԳՅՈՒՄՐԻ, 17   ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու  Վարդան  Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր հյուրախաղեր  է ծրագրում:

Աճեմյանցիները օրերս  են  վերադարձել ԱՄՆ-ից,   18-օրյա  հյուրախաղերի ընթացքում նախատեսած 3 ներկայացման փոխարեն 4  ներկայացում են խաղացել, նույնիսկ  առաջարկ է եղել հետաձգել վերադարձը՝ ևս մեկ ներկայացման համար: Հայաստանում արդեն սիրված, քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը սիրվեց  ու ջերմ ընդունվեց  նաև Միացյալ Նահանգներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թատերախմբի անդամները  խոսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:    

Թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝   ներկայացմանը ներկա էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գլխավոր հյուպատոսը, իսկ ամենակարևոր հյուրը քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանն էր, ով բուժում էր  ստանում ԱՄՆ-ում: Արմանը 3  ներկայացում անընդմեջ  ներկա  է գտնվել:  «Շատ ուրախալի է, երբ մենք Գյումրիում, Երևանում խաղում ենք, հանդիսատեսի շարքերում լինում են քառօրյա պատերազմին մասնակցած հերոսներ, նաև Լոս Անջելեսում մենք տեսանք պատերազմին մասնակցած հերոսի: Նա մեր երեք ներկայացմանն էլ մասնակցեցԻ ուրախություն մեզ, տպավորությունները շատ դրական էին: Բոլոր ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են անցել: Բայց ամենաառանձնահատուկը մեզ համար երրորդ ներկայացումն էր, որտեղ դպրոցականներ եղան, 800 պատանի հանդիսատես դիտեց մեր ներկայացումը»:

«Շատ հուզիչ էր մեզ համար, որ դահլիճում նստած են երեխաներ, նրանք, ցավոք սրտի, շատ վատ գիտեն հայերեն, չնայած նրանք հայկական վարժարանի սաներ են, մենք փորձում էինք շատ դանդաղ, շեշտադրված խոսել, որպեսզի ներկայացման բովանդակությունը հասկանային։ Ի զարմանս՝  քար լռություն էր, ռեակցիան շատ նուրբ էր, նրանք լսում էին, ընկալում էին, մարսում էին, և երբ վերջին պատկերն էր, բեմ մտավ զինվորական հագուստով  հերոսն արցախյան պատերազմից հետո, իրենք չդիմացան, մոռացան, որ ապրում են Ամերիկայում, մոռացան, որ ունեն այլ աշխարհընկալումներ, և այնպիսի մի ծափ պայթեց․․․ Էներգիան այնքան էր, որ մենք այդ պահին իսկապես արտասվեցինք՝ բոլոր բեմում գտնվողներս։ Նրանք չլքեցին դահլիճը ներկայացումից հետո, ստիպեցին մեզ, որ մենք դուրս գանք ու մեզ հարցեր տան։ Դահլիճում սպասում էին, թե երբ պիտի դերասանները մոտենան ու երկու խոսք ասեն. սա շատ հուզիչ պահ էր։ Սա երկրորդ դեպքն էր Բեյրութից հետո։ Ես ուզում եմ, որ սփյուռքի կազմակերպիչներն իսկապես ներկայացնեն հայապահպանության գործին նպաստող մշակութային  բարձրաճաշակ միջոցառումներ, որովհետև սփյուռքի մարդիկ ծարավ են, նրանք սննդի կարիք են զգում։ Բարձր արժեքով մշակույթ  մատուցել է պետք, որպեսզի մարդիկ կարողանան հայեցի մեծանան, հայապահպանության գործը միայն այնտեղ գտնվող վարժարանների վրա չէ, այլ մեզ վրա է, որ դասական սփյուռքը, նոր սերունդը, որ մեծանում է, մեծանա հայեցի»,- նշեց դերասան  Տիգրան Գաբոյանը։

Աճեմյանցիները, ներկայացնելով իրենց  ծրագրերը,  տեղեկացրին, որ առաջիկայում «Հարսանիք թիկունքում» ևս  երկու ներկայացում են խաղալու  Երևանում, կա  նաև  հյուրախաղերի հրավեր այս անգամ Սիդնեյից, իսկ մինչ  այդ, քանի որ տարին թումանյանական է,  աճեմյանցիները 2  ամիս շարունակ Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով 12 ներկայացում են խաղալու:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ