Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է, փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։
Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։
Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում