Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ:

Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:

Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]