Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կայցելի Հայաստան. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի համար վստահելի գործընկեր ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Ներկայացնելով Կառավարության ծրագրի հիմնական դրույթները՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նոր կառավարության արժեքային բոլոր սկզբունքները արտացոլվել են ծրագրի մեջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ի հետ համատեղ ծրագրերը կխթանեն կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացումը:

ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում իրենց պատվիրակությանն ընդունելու համար: Նշելով, որ մոտ 11 տարի ԵՆԲ-ն գործունեություն է ծավալում Հայաստանում՝ Մաչեյ Չուրան ներկայացրել է բանկի կողմից իրականացված ծրագրերն ու առաջիկա նախագծերը:

Երկուստեք կարևորվել է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում ԵՆԲ կողմից արդեն իսկ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: Փոխվարչապետը բարձր է գնահատել հատկապես Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ  մասնավոր հատվածում ԵՆԲ կողմից իրականացվող ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերում երկրի տնտեսության զարգացմանը: 

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Վասիլ Հուդակի առաջիկայում կայանալիք Հայաստան այցին ընդառաջ:
 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ