Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թումանյանի հոբելյանին բազմաբնույթ ծրագրեր կիրականացվեն Հայաստանում և արտերկրում

 Թումանյանի հոբելյանին բազմաբնույթ ծրագրեր կիրականացվեն 
Հայաստանում և արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են ներկայացնել Թումանյանի բանաստեղծությունները, մեջ բերել նրա խոսքերից, աֆորիզմներից: Հայությամբ լցված մի մեծ կերպար էր Թումանյանը, որը կարծես հայելի դրված է մեր ժողովրդի առջև՝ ցուցանելու նրա անցյալը բանահյուսական հզոր կտորներով, «Սասունցի Դավթի» մշակմամբ, քառյակներով: Նա նաև  առանց որևէ սեթևեթանքի ասել է այն, ինչ մտածել է, հայության  կացությունը ներկայացրել է գրավոր, բանավոր ձևով, անգամ լռությամբ»,-նշեց Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ Թումանյանը հզոր այրմամբ ստեղծում էր գրականություն` արտացոլելով մարդկային փոխհարաբերությունները, ազգամիջյան հարաբերությունները, նպաստում էր հայ գրականության, մշակույթի, ազգային ոգու տարածմանը: «Թումանյանը պետություն էր մեր անպետություն ժամանակներում»,-ընդգծեց միության նախագահը:

Անդրադառնալով Թումանյանի ծննդյանը նախորդող օրերին, փետրվարի 19-ին և ամբողջ տարվա ընթացքում անցկացվող միջոցառումներին` Միլիտոնյանը կրկնեց, որ դրանք տեղի կունենան ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

«Արցախում`  Ստեփանակերտում, Թումանյանի կերպարով կառքով շրջայց կիրականացվի: Այդ տարածքում կառքով զբոսնել է Թումանյանն ինքը: Այնտեղի  Գ. Նարեկացի համալսարանում տեղի կունենա գիտաժողով`նվիրված  մեծ բանաստեղծին: Հետաքրքիր է Թբիլիսիի ծրագիրը: Այնտեղ մեր հանրապետության  տարբեր մշակութային միությունների աջակցությամբ փետրվարի 19-ին Թումանյանի տուն-թանգարանում կկայանա հանդիպում մտավորականների հետ:

Կանցկացվի նաև Գիրք նվիրելու օրվա ավանդական միջոցառում:

Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի  «Թումանյանի հետքերով» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը, «Թումանյանը մեզ հետ է» բանախոսություն կիրականացնի Սուսաննա Հովհաննիսյանը: Երեկոյան տեղի կունենա մեծ հանդիսություն Վրաստանի գրողների միության, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,-նշեց Միլիտոնյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի բոլոր մարզերում գրական բաժանմունքների համագործակցության արդյունքում հանդիպումներ են կազմակերպվելու դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ գրողները խոսելու են Թումանյանի մասին:

«Փետրվարի 19-ին գրողների միության շենքի մոտ գրողները գրքեր կնվիրեն անցորդներին»,-եզրափակեց Միլիտոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]